- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-Ն ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼՈՒ Է ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ
Հունիս 18, 2019 | 13:15
Քաղաքականություն
ԵՊՀ-Ն ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼՈՒ Է ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր հյուրընկալել է Խաղաղության և հանդուրժողականության միջազգային կազմակերպության պատվիրակությանը՝ ի դեմս նախագահ պարոն Ահմադ Ալջարուանի, և ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Ն.Գ. պարոն Մուհամմադ ԱլԶաաբիին:
Հանդիպմանը ներկա էին ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը, Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը և Արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանը:
Գեղամ Գևորգյանը, ողջունելով հյուրերին, նրանց ներկայացրեց ԵՊՀ-ի պատմությունը և ներկայիս գործունեությունը՝ փաստելով, որ այս տարի նշվում է ԵՊՀ հիմնադրման 100-ամյակը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Խաղաղության և հանդուրժողականության միջազգային կազմակերպության և ԵՊՀ-ի միջև համագործակցության հեռանկարները: Կազմակերպության նախագահ Ահմադ Ալջարուանը նշեց, որ ցանկություն կա ակադեմիական գործունեության միջոցով միասին տարածելու խաղաղության և հանդուրժողականության մշակույթը:
«Համալսարանները, որոնց հետ մենք արդեն համագործակցության հուշագիր ենք կնքել, կազմել են մագիստրոսական և ասպիրանտական միջազգային կրթական ծրագրեր հանդուրժողականության և խաղաղության վերաբերյալ, իսկ մենք աջակցել ենք:
Մենք տրամադրում ենք նաև կրթաթոշակներ ուսանողներին՝ գործընկեր համալսարանների հետ փոխանակման ծրագրեր իրականացնելու համար»,- ասաց Ահմադ Ալջարուանը:
Նա նշեց, որ բացի դրանից՝ գործընկեր բուհերի մասնագետները և փորձագետները մշակում են հանդուրժողականության վերաբերյալ ուսումնական ծրագրեր, որոնցով ուսուցանվում են ոչ միայն ուսանողները, այլև նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաները. «Մենք հասկանում ենք, որ դա երկարատև և բարդ գործընթաց է, բայց պատրաստ ենք ներդրումներ անելու:
Համալսարանները կարող են հրավիրել իրենց նախընտրած փորձագետներին»:
Կազմակերպության նախագահի փոխանցմամբ, գործընկեր բուհերում երկու ուսանող դառնում են յուրօրինակ դեսպան և ներկայացնում համալսարանը յուրաքանչյուր տարի անցկացվող հանդիպումների ժամանակ:
Գեղամ Գևորգյանն ասաց, որ համագործակցության շրջանակում ԵՊՀ-ն նույնպես պատրաստ է իրականացնելու նշված գործողությունները՝ բացառությամբ որոշ կետերի, որոնք կճշգրտվեն և կքննարկվեն: Կողմերը պայմանավորվեցին առաջիկայում փոխհամագործակցության հուշագիր ստորագրել:
Ի դեպ, հանդիպման ժամանակ Գեղամ Գևորգյանը Խաղաղության և հանդուրժողականության միջազգային կազմակերպության պատվիրակությանը հրավիրեց մասնակցելու սեպտեմբերին կայանալիք ԵՊՀ 100-ամյակին նվիրված միջոցառումներին:
Քնար Միսակյան