- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-Ի ԵՎ ՊՈԼ ՎԱԼԵՐԻ ՄՈՆՊԵԼՅԵ 3 ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎԵԼՈՒ Է
Հուլիս 18, 2019 | 13:51
Կրթություն
ԵՊՀ-Ի ԵՎ ՊՈԼ ՎԱԼԵՐԻ ՄՈՆՊԵԼՅԵ 3 ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎԵԼՈՒ Է
«Erasmus+» ծրագրի շրջանակում Երևանի պետական համալսարանի և Ֆրանսիայի Պոլ Վալերի Մոնպելյե 3 համալսարանի միջև հաստատված համագործակցությունն ամրապնդվում է: Այն շարունակվելու է մինչև 2020 թվականը:
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանի տեղակալ Արթուր Իսրայելյանը և Միջազգային համագործակցության վարչության առաջատար մասնագետ Հայկուհի Մկրտչյանը հուլիսի 8-ից 12-ն այցելել են Ֆրանսիայի Պոլ Վալերի Մոնպելյե 3 համալսարան:
Այցի նպատակն էր ուսումնասիրել Պոլ Վալերի Մոնպելյե 3 համալսարանի շարժունության ծրագրերի կազմակերպման փորձը, ինչպես նաև ընդլայնել համագործակցության ոլորտները:
Մեզ հետ զրույցում Հայկուհի Մկրտչյանը պատմեց, որ երկու համալսարանի միջև առկա համագործակցության շրջանակում իրականացվում են դասախոսների և ուսանողների փոխանակման ծրագրեր՝ միտված կարողությունների զարգացմանը:
Նրա փոխանցմամբ, դրանք իրականացվում էին մասնավորապես Պատմության ու Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետների դասախոսների և ուսանողների համար, սակայն հանդիպման ընթացքում քննարկվել է առաջիկա մեկ տարվա աշխատանքային ծրագիրը, որի ժամանակ էլ որոշվել է հետագա ծրագրերում ներառել նաև ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը:
«Բացի դրանից՝ քննարկվել են ուսանողների և դասախոսների շարժունության հետ կապված խնդիրների հաղթահարման ուղիները և համագործակցության արդյունավետությանն ուղղված քայլերը»,- ասաց Հայկուհի Մկրտչյանը:
Այցի ընթացքում նա և Արթուր Իսրայելյանն այցելել են Պոլ Վալերի Մոնպելյե 3համալսարանի տարբեր ֆակուլտետներ, եղել են Գրականության և լեզվաբանության բաժնում, ծանոթացել դասավանդման մեթոդներին և առանձնահատկություններին:
Մեզ հետ զրույցում Հայկուհի Մկրտչյանը փաստեց, որ երկու համալսարանի միջև հաստատված համագործակցությունը, ըստ պայմանավորվածության, շարունակվելու է մինչև 2020 թվականը:
Քնար Միսակյան