- Գլխավոր
- Նորություններ
- ԳԵՂԱՄ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ՈՒԴԻՆԵԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ՝ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐԸ
Հունիս 07, 2019 | 12:38
Քաղաքականություն
ԳԵՂԱՄ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ՈՒԴԻՆԵԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ՝ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐԸ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր իր աշխատասենյակում հանդիպել է Ուդինեի համալսարանի ռեկտոր Ալբերտո Ֆելիչե դե Տոնիի ղեկավարած պատվիրակության հետ, որի ժամանակ քննարկվել են երկու համալսարանների միջև համագործակցություն հաստատելու ուղղություններն ու շրջանակները:
Հանդիպմանը մասնակցում էին ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը, Հանրահաշվի և երկրաչափության ամբիոնի վարիչ Վարուժան Աթաբեկյանը, Դիսկրետ մաթեմատիկայի և տեսական ինֆորմատիկայի ամբիոնի պրոֆեսոր Վահագն Միքայելյանը:
Ուդինեի համալսարանի պատվիրակության կազմում ընդգրկված էին միջազգային համագործակցության հարցերով զբաղվող մասնագետները և հայազգի պրոֆեսոր Դիկրան Դիկրանյանը:
Գեղամ Գևորգյանը, ողջունելով հյուրերին, նրանց ներկայացրեց ԵՊՀ-ի պատմությունը, ներկայիս գործունեությունը: ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը խոսեց նաև ֆակուլտետների և համալսարանում գործող ինստիտուտների մասին:
Ալեքսանդր Մարգարովն Ուդինեի համալսարանի ղեկավարությանը պատմեց ԵՊՀ-ի համագործակցության ուղղությունների մասին, ներկայացրեց միջազգային գործընկերներին և փաստեց, որ միջազգային վարկանիշավորման տարբեր աղյուսակներում ԵՊՀ-ն լավ դիրքեր է զբաղեցնում:
Ալեքսանդր Մարգարովը փաստեց, որ ԵՊՀ-ն իր գործընկերների հետ փորձում է համագործակցություն հաստատել կոնկրետ ուղղություններով՝ այդպիսով առավել արդյունավետ դարձնելով աշխատանքները: Միջազգային համագործակցության վարչության պետն ասաց, որ համալսարանի համար ռազմավարական է գործընկեր բուհերի հետ կրկնակի դիպլոմավորում ապահովելը:
Ուդինեի համալսարանի ներկայացուցիչները պատմեցին բուհի գործունեության մասին՝ փաստելով, որ այն ակտիվորեն իրականացնում է ուսանողների, պրոֆեսորադասախոսական կազմի և վարչական աշխատողների փոխանակման ծրագրեր Եվրամիության, Ավստրալիայի և Կանադայի բուհերի հետ, իսկ այժմ էլ սերտ համագործակցում է Արևելյան Եվրոպայի և ԵՄ ոչ անդամ երկրների համալսարանների հետ:
Նրանց հավաստմամբ, համալսարանը մասնակցում է ազգային և միջազգային բազմաթիվ հետազոտական ծրագրերի: Ուդինեի համալսարանի ուսանողների ներկայիս թիվը մոտ 17 հազար է:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին հատկապես մաթեմատիկայի ոլորտում համագործակցությունը խորացնելու և հետագայում այն ընդլայնելու հնարավորությունները:
Գեղամ Գևորգյանը Ուդինեի համալսարանի պատվիրակությանը հրավիրեց՝ մասնակցելու սեպտեմբերին ԵՊՀ 100-ամյակին նվիրված միջոցառումներին:
Քնար Միսակյան