- Գլխավոր
- Նորություններ
- «ԵՊՀ-Ն ՊԱՏՐԱՍՏ Է ԼԱՎԱԳՈՒՅՆ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆԸ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ ԲՈՒՀԵՐԻՆ ԱՋԱԿՑԵԼՈՒՆ»․ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՌԵԿՏՈՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ
Հուլիս 01, 2022 | 20:31
Կրթություն
«ԵՊՀ-Ն ՊԱՏՐԱՍՏ Է ԼԱՎԱԳՈՒՅՆ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆԸ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ ԲՈՒՀԵՐԻՆ ԱՋԱԿՑԵԼՈՒՆ»․ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՌԵԿՏՈՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի ունեցավ «Պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների խորհուրդ» ՀԿ-ի նիստը, որի ընթացքում քննարկվեցին բուհական համակարգի հիմնախնդիրներին վերաբերող մի շարք հարցեր ու առաջարկներ։
Նիստի առաջարկված օրակարգը հաստատելուց հետո ռեկտորների խորհրդի նախագահ, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը գործընկերներին ներկայացրեց կազմակերպության գործունեության բարեփոխմանն ուղղված քայլերի առաջարկություն՝ հույս հայտնելով, որ այս կազմակերպությունը կդառնա լավագույն փորձի փոխանակման հարթակ և կնպաստի բուհական համակարգի զարգացմանը։
Հ․ Հովհաննիսյանը ներկայացրեց ԵՊՀ-ում իրականացված բարեփոխումների մի շարք ծրագրեր և փաստեց, որ ԵՊՀ-ն բաց է համագործակցության համար և պատրաստ է աջակցելու գործընկեր բուհերին։
«Մենք պետք է փոխլրացնենք ու օգնենք միմյանց՝ նպաստելով մեր երկրում որակյալ կրթության ապահովմանը»,- ասաց ԵՊՀ ռեկտորը։
Ըստ Հ․ Հովհաննիսյանի՝ կազմակերպությունը պետք է հանդես գա միասնական առաջարկներով և ձևավորի օրակարգ։ Նա գործընկերներին առաջարկեց ընդլայնել կազմակերպությունը՝ դրան անդամակցելու հնարավորություն ընձեռելով նաև միջպետական բուհերին։
Ռեկտորների խորհրդի գործունեության արդյունավետության բարձրացման համար Հ․ Հովհաննիսյանն առաջարկեց ներդնել օպերատիվ կառավարման մեխանիզմներ, ընդլայնել կանոնադրական նպատակներն ու խնդիրները, խորացնել համագործակցությունն անդամ բուհերի, ինչպես նաև միջազգային բուհերի ու կազմակերպությունների միջև, հստակեցնել ֆինանսական քաղաքականությունը և այլն։
Համագործակցության ընդլայնման նպատակով Հ․Հովհաննիսյանն առաջարկեց իրականացնել փորձի փոխանակում կրթության, հետազոտության ու գիտության ոլորտներում, համատեղ աշխատել կառավարման գործընթացների թվայնացման ուղղությամբ, նպաստել կրեդիտային շարժունությանն անդամ բուհերի միջև, իրականացնել համատեղ ծրագրեր, այդ թվում՝ դրամաշնորհային, մշակել գրագողության դեմ միասնական պայքարի քաղաքականություն ու մեխանիզմներ։
Օրակարգային երկրորդ հարցի շրջանակում քննարկվեց ռեկտորների խորհրդի՝ Եվրոպական համալսարանների միությանն անդամակցելու հարցը։ Այն Եվրոպայում համալսարանական ամենամեծ կազմակերպությունն է, որը նպաստում է բուհերի համահունչ և միասնական գործունեությանը՝ աջակցելով մարտահրավերներին դիմակայելու նախապատրաստման լավագույն փորձի, ուսուցման, հետազոտության և նորարարության արդյունքների փոխանակմանը։ Ի դեպ, այս միությանն անդամակցում է նաև ԵՊՀ-ն։
Հաջորդիվ ռեկտորների խորհուրդը ընթացիկ հարցերի շրջանակում քննարկում ծավալեց կրթական գործընթացին առնչվող այլ հարցերի և հնչած տարաբնույթ առաջարկների շուրջ։