- Գլխավոր
- Նորություններ
- ՖԱՐՄԱՑԻԱՅԻ ԱՐԴԻ ՎԻՃԱԿԸ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ. ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՌՕՐՅԱ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
Նոյեմբեր 01, 2018 | 16:58
Գիտություն
ՖԱՐՄԱՑԻԱՅԻ ԱՐԴԻ ՎԻՃԱԿԸ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ. ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՌՕՐՅԱ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Ֆարմացիայի արդի վիճակը և զարգացման հեռանկարները» խորագրով միջազգային գիտաժողովի բացման արարողությունը՝ նվիրված ՀՀ ԳԱԱ 75 և ԵՊՀ 100-ամյակներին:
Նոյեմբերի 1-3-ն անցկացվող միջազգային գիտաժողովը կազմակերպվել է ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի, Կենսատեխնոլոգների հայկական ասոցիացիայի (ԿՀԱ) և Շվեյցարական «Azad Pharmaceutical ingredients» դեղագործական ընկերության կողմից:
Մեզ հետ զրույցում ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի ֆարմաքիմիայի և ֆարմակագնոզիայի ամբիոնի վարիչ Հայարփի Սիմոնյանը փաստեց, որ գիտաժողովի նպատակը ֆարմացիայի բնագավառում կատարվող առաջատար գիտահետազոտական մշակումների և նվաճումների ցուցադրումն է, ինչպես նաև ոլորտի հայտնի մասնագետների, գիտնականների, դեղագործական ընկերությունների ներկայացուցիչների և երիտասարդ գիտնականների միջև երկխոսության հնարավորություն ստեղծելը:
Միջազգային գիտաժողովի զեկուցումներն ընդգրկելու են այնպիսի գիտական ուղղություններ, ինչպիսիք են դեղաբանություն, կլինիկական դեղաբանություն, ֆարմացիայի էկոնոմիկա և կառավարում, ֆարմակոգենետիկա, ֆարմակոգենոմիկա և այլն: Զեկուցումներով հանդես են գալու մասնակիցներ ինչպես Հայաստանի գիտահետազոտական տարբեր կենտրոններից և ինստիտուտներից, այնպես էլ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Վրաստանից, Շվեյցարիայից և Ուկրաինայից:
Ֆարմացիայի ինստիտուտի գիտական և ներդրումային հարցերի գծով փոխտնօրեն Աննա Մկրտչյանն ասաց, որ եռօրյա գիտաժողովի շրջանակում քննարկվելու են գիտական և նորարական խնդիրներ, ինչպես նաև ուսումնասիրվելու են համատեղ ծրագրերի ստեղծման և իրականացման հնարավորություններ:
«Բացի այդ՝ գիտաժողովին զուգահեռ տեղի է ունենալու նաև ցուցահանդես, որի ընթացքում տեղական և արտերկրյա դեղագործական ընկերությունները ներկայանալու են և ցույց են տալու իրենց արտադրանքները, ինչը, հուսով ենք, որ նույնպես կխթանի Հայաստանի և միջազգային գիտակրթական ու գիտաարտադրական ընկերությունների միջև համագործակցության ամրապնդմանը»,- նշեց Աննա Մկրտչյանը:
Գիտաժողովի բացման հանդիսավոր արարողության սկզբում ներկաներին ցուցադրվեց ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի գործունեության մասին պատմող ֆիլմ: Այնուհետև ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն ասաց, որ ինստիտուտի ստեղծումը երազանք էր, որը դարձավ իրականություն. «Այն նաև հաստատումն է այն հստակ ռազմավարական ծրագրի, որով այսօր ապրում և գործում է ԵՊՀ-ն: Ինստիտուտը նաև կայացավ շնորհիվ մեր գործընկերների, որոնց ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել: Համոզված եմ, որ այսօր մեկնարկող գիտաժողովը կկատարի իր առջև դրված խնդիրները: Արդյունավետ քննարկում եմ մաղթում: ԵՊՀ-ն պատրաստ է իր ուժերի ներածին չափով օգնել և օգտակար լինել նմանաբնույթ նախաձեռնությունների ժամանակ»:
ՌԴ Բելգորոդի պետական ազգային հետազոտական համալսարանի ֆարմացիայի ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Իրինա Սպիչակը համացանցի միջոցով ողջունեց գիտաժողովի մասնակիցներին, հաջողություն մաղթեց և ասաց, որ ինստիտուտների փոխհամագործակցությունն անպայման շարունակվելու է և առավել նոր թափ է ստանալու:
Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը, որը հույս հայտնեց, որ ոլորտը հաստատուն քայլերով զարգանալու է, ինչի համար շատ կարևոր են նմանօրինակ ինստիտուտների գոյությունը:
ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Ռուբեն Հարությունյանն իր խոսքում փաստեց, որ դեղագիտությունն այն ոլորտն է, որը միաժամանակ գիտական ուսումնասիրությունների և արտադրական գործունեության մեծ հարթակ է:
ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանն ասաց, որ այս գիտաժողովը հերթական անգամ փաստում է՝ Հայաստանը տարածաշրջանի գիտակրթական կարևորագույն կենտրոններից մեկն է. «ԵՊՀ-ն գիտական ներուժով Հայաստանի առաջատար կենտրոն է, որտեղ իր ուրույն տեղն ու դերն ունի Ֆարմացիայի ինստիտուտը»:
Գիտաժողովի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էր նաև Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Հակոբ Թոփչյանը, որն իր խոսքում ողջունեց բոլոր մասնակիցներին և ասաց, որ իրենք նույնպես անում են ամեն ինչ՝ Հայաստանում ֆարմացիայի ոլորտը զարգացնելու համար. «ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտ ունենալը մեր երազանքն էր: Ես հպարտ եմ, որ այն ստեղծվել է: Ինստիտուտ, որը կարողանում է հստակ քայլերով առաջ գնալ»:
ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար Աշոտ Սաղյանը, շնորհակալություն հայտնելով գիտաժողովի բոլոր կազմակերպիչներին, հովանավորներին և մասնակիցներին, հավաստիացրեց, որ այն շարունակական բնույթ է ունենալու:
Հիշեցնենք, որ գիտաժողովն անցկացվում է նոյեմբերի 1-3-ը ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում, որին զուգահեռ ընթանում է դեղագործական ընկերությունների ցուցահանդես:
Քնար Միսակյան