«Արի՛ մրցենք» առաջնության շրջանակում ԵՊՀ ՈՒԽ մշակույթի հանձնաժողովն այսօր կազմակերպել էր պարի միջֆակուլտետային մրցույթ։
Այսօր բեմում մրցել է 16 ֆակուլտետ, ժողովրդական ոճում՝ 14, իսկ ազատ ոճում՝ 8 մասնակից:
Ավանդաբար անցկացվող այս միջոցառման նպատակն է բացահայտել համալսարանի տարբեր ֆակուլտետների տաղանդավոր ուսանողներին, բարձրացնել արվեստի հանդեպ նրանց հետաքրքրությունն ու ոգևորությունը:
Պարի միջֆակուլտետային մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված էին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի պարուհի Մարիամ Ասլանյանը, Երևանի պարարվեստի պետական քոլեջի պարուսույց Պետրոս Կարապետյանը, «Կռունկ» անսամբլի հիմնադիր Նելլի Կարապետյանը:
Մրցույթի առաջին փուլում մասնակիցները հանդես եկան ժողովրդական, իսկ երկրորդ փուլում՝ ազատ ոճի պարերով:
Մեզ հետ զրույցում ԵՊՀ ՈՒԽ մշակույթի հանձնաժողովի քարտուղար Անահիտ Օրբելյանը նշեց, որ համաճարակային պայմաններում նմանաբնույթ միջոցառումները խթանում են ուսանողների ակտիվությունը:
«Մասնակիցները ոգևորությամբ սպասում են իրենց ելույթներին և, իհարկե, մարտական են տրամադրված»,- նշեց Անահիտը: