- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ՈՒՄ ՆՇՎԵՑ ՀԱՅ ԼԵՌՆԱԳՆԱՑԻ ՕՐԸ
Հոկտեմբեր 10, 2018 | 17:50
Հասարակություն
ԵՊՀ-ՈՒՄ ՆՇՎԵՑ ՀԱՅ ԼԵՌՆԱԳՆԱՑԻ ՕՐԸ
Հոկտեմբերի 9-ին ԵՊՀ «Ապառաժ» լեռնագնացության ակումբը և Հայաստանի ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիան կազմակերպել էին միջոցառում՝ նվիրված հայ լեռնագնացի օրվան:
Միջոցառմանը ներկա էին Հայաստանի ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիայի փոխնախագահ Սուրեն Դանիելյանը, «Ապառաժ» լեռնագնացության ակումբի մարզիչ Սուրեն Սեփանյանը, Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոնի մարզական ակումբի նախագահ Հենրիկ Թումանյանը, ուսանողներ և զբոսավարներ։
Միջոցառման մեկնարկին բացման խոսքով հանդես եկավ Սուրեն Դանիելյանը, ով շնորհավորեց լեռնագնացներին:
Այնուհետև ցուցադրվեց լեռնագնացին նվիրված տեսաֆիլմ, որից հետո ուսանողները փորձեցին իրենց ուժերը ժայռամագլցման պատին:
Սուրեն Սեփանյանը, որի նախաձեռնությամբ ժայռամագլցման պատը տեղադրվել է ԵՊՀ ֆիզդաստիարակության և սպորտի մարզասրահում, նշեց, որ այս միջոցառումը դառնալու է ավանդական:
Խոսելով ժայռամագլցման պարապմունքների մասին՝ նա նշեց, որ արդյունքները գոհացուցիչ են, իսկ ուսանողական խումբը՝ կազմակերպված. «Մի ընտանիքի նման են, մեկը մյուսի հանդեպ սիրով ու հոգատարությամբ են լցված»:
Անի Սիսակյանը «Ապառաժ» ակումբի սաներից է, ժայռամագլցման պարապմունքների ակտիվ մասնակցիներից: Նա Կենսաբանության ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանող է և դասերից հետո սիրով գալիս է պարապմունքներին. «Մեկ տարի է, ինչ «Ապառաժ» ակումբի անդամ եմ, ժայռամագլցումը ինձ համար դարձել է կենսակերպ, ապրելու ձև: Ես այլևս չեմ վախենում բարձրությունից, կոփել եմ կամքս ու պատրաստ եմ հաղթահարելու շատ դժվարություններ»:
Տեղեկացնենք, որ արդեն երկու տարի է ԵՊՀ –ի «Ապառաժ» լեռնագնացության ակումբը ակտիվորեն իրականացնում է ժայռամագլցման պարապմունքներ: 54 ուսանողներ ներգրավված են այդ պարապմունքներին, որտեղ մեծ թիվ են կազմում աղջիկները: Պարապմունքներն անցկացվում են շաբաթական երկու անգամ:
Անգին Խաչատրյան