- Գլխավոր
- Նորություններ
- ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆԸ ՎԵՐԱԸՆՏՐՎԵՑ
Հունիս 04, 2018 | 17:10
Քաղաքականություն
ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆԸ ՎԵՐԱԸՆՏՐՎԵՑ
Այսօր ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Արթուր Մկրտիչյանը 23 կողմ 0 դեմ ձայներով վերընտրվեց ֆակուլտետի դեկան:
Սոցիոլոգիայի ֆակուլտետի գիտխորհրդի նիստի օրակարգային հարցերի շարքում ընդգրկված դեկանի ընտրությանը մասնակցում էին ֆակուլտետի գիտխորհրդի 24 անդամներից 23-ը: Բոլոր ամբիոնների կողմից էլ ֆակուլտետի դեկանի թեկնածու էր ներկայացվել գործող դեկան Արթուր Մկրտիչյանը:
Ընտրությանը, բացի ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներից և ուսանողներից, ներկա էր նաև ԵՊՀ գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը:
Արթուր Մկրտիչյանը գործընկերներին նախ ներկայացրեց իր ծրագրային ելույթի այն հիմնական դրույթներն ու առանցքային խնդիրները, որոնց ուղղությամբ ծրագրվում է հետևողական աշխատանքներ իրականացվել:
Բանախոսը նշեց, որ ծրագիրը կառուցվել է գիտխորհրդի կողմից արդեն իսկ հաստատված և բոլորին ծանոթ ֆակուլտետի զարգացման ռազմավարական ծրագրի հիման վրա, ուստի ընդգծեց մի քանի առավել կարևոր ուղղություններ:
«Ֆակուլտետի ռազմավարական նպատակներից էր ապահովել շուրջ 300 մլն դրամի ֆինանսական հոսք, որն արդեն հաղթահարված է: Սակայն այսօր դիմորդների հետ կապված լուրջ խնդիրներ ունենք: Այս տարվա տվյալներով Սոցիոլոգիայի ֆակուլտետի դիմորդների թիվը մոտավորապես 10 տոկոսով կրճատվել է, ինչը նշանակում է ֆինանսական մուտքերի նվազում: Այդ նպատակով պետք է ընդլայնել միջազգային համագործակցությունը՝ համալսարանականներին ակտիվ ներգրավվելով դրամաշնորհային ծրագրերում: Պետք է շարունակել ֆակուլտետում վճարովի կրթական ծառայությունների մատուցման քաղաքականությունը՝ կիրառելով նոր տեխնոլոգիաների և համապատասխանելով միջազգային արդի չափանիշներին»,- իր ծրագրային ելույթում նշեց Ա. Մկրտիչյանը և հավելեց, որ ուսանողների թվի աճ ապահովելու գործընթացում նախատեսվում է ակտիվորեն ներգրավվել շրջանավարտներին, ինչպես նաև շարունակական աշխատանք տանել ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի որակավորման բարձրացման և ուսանողների՝ գիտահետազոտական աշխատանքներում բարձր ներգրավվածություն ապահովելու ուղղությամբ:
Արթուր Մկրտիչյանը ընդգծեց նաև, որ ԵՊՀ 100-ամյա հոբելյանական միջոցառումների շրջանակում Սոցիոլոգիայի ֆակուլտետը Մայր բուհի վերաբերյալ հանրության վերաբերմունքն ու գնահատականը պարզելու նպատակով նախատեսում է իրականացնել հետազոտություն, որի արդյունքների հիման վրա էլ ֆակուլտետը հանդես կգա բուհի վարկանիշի բարձրացմանը նպաստող նոր առաջարկություններով:
Ֆակուլտետի գործող դեկանի աշխատանքի, ինչպես նաև մարդկային հատկանիշների մասին խոսեցին ամբիոնի վարիչները, դասախոսներն ու ուսանողները:
«Արթուր Մկրտիչյանի պաշտոնավարման ընթացքում ֆակուլտետում բավականին ակտիվ գիտահետազոտական գործունեություն է ծավալվել, մի շարք միջազգային ծրագրեր են իրականացվել և շարունակվում են իրականացվել: Բոլոր գործընթացներում ուսանողները ներգրավված են, քանի որ Սոցիոլոգիայի ֆակուլտետում ուսանողը դասախոսի գործընկերն է: Այս մշակույթն ամրապնդվել է նաև պրոֆեսոր Մկրտիչյանի շնորհիվ»,- նշեց Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Արթուր Աթանեսյանը:
Քվեարկության արդյունքների ամփոփման ավարտին պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը շնորհավորեց նորընտիր դեկանին, ինչպես նաև ֆակուլտետի բոլոր ներկայացուցիչներին ֆակուլտետում ջերմ, բարեկամական և միաժամանակ գործնական մթնոլորտ ստեղծելու համար: