- Գլխավոր
- Նորություններ
- «ԼԱՎԱՇԻ ԱՆՈՒՇ ՀՈՏԸ ԶԳԱԼԻՍ ՄՏՈՎԻ ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ ԵՄ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ». ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆԸ ՊԱՏՄՈՒՄ Է ԻՐ ԱՐՄԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հուլիս 20, 2018 | 17:11
Հասարակություն
«ԼԱՎԱՇԻ ԱՆՈՒՇ ՀՈՏԸ ԶԳԱԼԻՍ ՄՏՈՎԻ ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ ԵՄ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ». ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆԸ ՊԱՏՄՈՒՄ Է ԻՐ ԱՐՄԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, բազմաթիվ պարգևների և հուշամեդալների արժանացած, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, Կենսաբանության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Էմիլ Գևորգյանը ծնվել է Երևանում` մտավորականի ընտանիքում:
Հայրը՝ Սոս Գևորգյանը, եղել է կուսակցական աշխատող, աշխատել է ԳԱԱ-ում` որպես հրատարակչության տնօրեն, եղել է մշակույթի վաստակավոր գործիչ:
Մայրը՝ Շուշանիկ Նազարյանը, բանասիրական գիտությունների դոկտոր, գիտության վաստակավոր գործիչ, մեկ տասնյակից ավելի մենագրությունների և ավելի քան 80 գիտական հոդվածների հեղինակ է. «Ի սկզբանե պարզ է եղել, որ մտավորականի ընտանիքում ծնված երեխան պետք է բարեկեցիկ մանկություն ունենա»,- ասում է դեկանը:
Գևորգյանը տեղեկացնում է՝ թե՛ հայրական, թե՛ մայրական արմատները եկել են Խոյի նահանգից: Հոր նախնիները հաստատվել են Գեղարքունիքի մարզում, իսկ մոր նախնիները՝ Էջմիածնում ու Աշտարակում: Հայրը ծնվել է Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում, որը նախկինում կոչվել է Դալիղարդաշ և նշանակել է «հիմար եղբայր-ընկեր». «Հայրս պատմում էր, որ երբ իր տատը վիճում էր պապի հետ, նրան անվանում էր «գիժ խոյեցի»»:
Խոսելով Գևորգյան ազգանվան մասին՝ դեկանը նշում է, որ իրեն կոչել են ի պատիվ հայրական պապի. «Սարուխանում մեր ազգակիցները հայտնի են Աբրահամյան ազգանվամբ: Հայրս շատ էր սիրում իր Գևորգ պապին և մեզ համար ազգանուն ընտրեց Գևորգյանը»:
Դեկանը կարոտով ու երախտագիտությամբ հիշում է նաև մորական տատին. «Ինձ պահում էր մորական տատս: Ես մինչև հիմա հիշում եմ տատիս եփած անմահական համ ունեցող խավիծը: Իմ մանկության թանկ հուշերը կապված են նրա հետ»:
Մանկության սիրելի խավիծից զատ՝ դեկանը հիշում է լավաշի համն ու հոտը. «Լավաշի անուշ հոտը զգալիս մտովի տեղափոխվում եմ մանկություն»:
Պրոֆեսորը նշում է, որ մայրն առանց երկմտելու իրեն սովորելու է ուղարկել հայկական դպրոցում: «Ռուսական դպրոցներում սովորողների թիվն ավելի մեծ էր, քան հայկական դպրոցներում: Այնտեղ սովորում էին մտավորականների և ավելի բարձր խավի երեխաները: Իմ ընկերները ևս հաճախեցին Պուշկինի անվան ռուսական դպրոց, իսկ ես հաճախեցի այժմյան Նիկոլ Աղբալյանի անվան հայկական դպրոցը»,- պատմում է դեկանն ու հավելում. «Ես շատ երջանիկ եմ, որ հաճախել եմ հայկական դպրոց ու վստահորեն կարող եմ ասել, որ շատ լավ կրթություն եմ ստացել»:
Գևորգյանը հիշում է, որ ամառային արձակուրդներն անցկացնում էր գյուղում, և դա հնարավորություն էր տալիս յուրացնելու Սարուխանի բարբառը. «Շուկայում շատ հաճախ հանդիպում եմ գավառցիներին և որևէ բան գնելիս խոսում եմ մեր բարբառով։ Նրանք, իհարկե, զարմանում և հարցնում են ՝ գիտեմ Գավառը, իսկ ես պատասխանում եմ`«գիդում եմ» »,- ծիծաղելով պատմում է նա:
Դեկանը վստահեցնում է, որ իր գերդաստանին բնորոշ ազնվությունն ու արդարամտությունը փոխանցվում են նաև իր սերունդներին:
Անգին Խաչատրյան