- Գլխավոր
- Նորություններ
- Բնագիտամաթեմատիկական ուղղվածությունը և արվեստը՝ համատեղ․ կոտրելով կարծրատիպերը
Մարտ 20, 2025 | 16:42
Կրթություն
Միջոցառումներ
Մշակույթ
Բնագիտամաթեմատիկական ուղղվածությունը և արվեստը՝ համատեղ․ կոտրելով կարծրատիպերը
ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցի սաների մասնակցությամբ բեմադրվեց Հովհաննես Թումանյանի «Անուշ» պոեմը։ Բնագիտամաթեմատիկական հոսքի աշակերտները, որոնք սովորաբար հետաքրքրված են մաթեմատիկայով, ֆիզիկայով, քիմիայով և կենսաբանությամբ, այս անգամ իրենց կարողությունները դրսևորեցին արվեստի ոլորտում՝ համատեղելով արվեստի ու բնական գիտությունների հանդեպ ունեցած սերն ու իմացությունները։

Նախաձեռնությունը կյանքի կոչվեց ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցի գրականության ուսուցչուհի Լիլիթ Գրիգորյանի գաղափարով, իսկ կազմակերպչական հարցերում ներդրում ունեցավ Լիլիթ Ամիրյանը։

«Ոգևորիչ է արձանագրել, որ ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցի սաներն իրենց գիտելիքն ու հմտությունները դրսևորում են ոչ միայն կրթության և հետազոտության ոլորտներում, այլև արվեստի բնագավառում։ «Անուշ»-ի բեմադրությունը վկայում է նրանց ստեղծագործական ներուժի, նվիրվածության և բազմաշնորհ լինելու մասին։ Շնորհակալություն այս գեղեցիկ նախաձեռնության համար բոլոր նրանց, ովքեր նպաստել են դրա իրագործմանը»,- ներկայացման սկզբում ասաց ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։
«Անուշ» պոեմի բեմադրությունն անցկացվեց գրականության դասի շրջանակում, սակայն աշակերտների ներգրավվածությունն ու նվիրվածությունը միջոցառումը վերածեցին լիարժեք թատերական ներկայացման, որտեղ ընդգրկված էին 11-րդ դասարանի աշակերտները։

«Աշակերտները կոտրում են այն կարծրատիպը, թե բնագիտամաթեմատիկական հոսքի սովորողները կենտրոնացած են միայն իրենց մասնագիտական առարկաների վրա։ Անցած տարի էլ նրանք անդրադարձան Պարույր Սևակին ու նրա գրական ժառանգությանը՝ բանաստեղծին ներկայացնելով որպես քաղաքացի, գրականագետ և բանաստեղծ»,– նշեց ՍԹԵՄ ավագ դպրոցի տնօրեն Արամ Խաչատրյանը։
Բեմադրության տեսողական կողմի վրա ևս մեծ ուշադրություն է դարձվել։ Հագուստների հարցում աջակցել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը՝ ներկայացման ոճը հնարավորինս համահունչ դարձնելով ստեղծագործության պատմական միջավայրին։
«Մենք փորձեցինք ներկայացնել «Անուշը» այնպես, ինչպես այն կբեմադրվեր պրոֆեսիոնալ թատրոնում։ Բոլոր աշակերտները ներգրավվել են միջոցառմանը՝ դերասանական խաղում, կազմակերպչական հարցերում, ինչպես նաև ստեղծագործական այլ աշխատանքներում»,– ասաց Լիլիթ Ամիրյանը։

Ներկայացմանը տեղ էին գտել նաև պարային և երաժշտական բաղադրիչներ, ինչն է՛լ ավելի արտահայտիչ ու զգայական դարձրեց ստեղծագործության ընկալումը։ Աշակերտները բեմում ոչ միայն կերտեցին կերպարներ, այլև վերապրեցին հերոսների հոգեբանական աշխարհը՝ հանդիսատեսին փոխանցելով պոեմի հուզազգացական տարրերը։
Նմանօրինակ մշակութային նախաձեռնությունները, համադրելով արվեստի ու գիտության փոխլրացնող գործառույթները, նպատակ ունեն նպաստելու բազմակողմանի զարգացած անհատներ ձևավորելուն։