- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ՆՎԻՐՅԱԼՆԵՐԸ. ՎԼԱԴԻՄԻՐ ՄԱՂԱԼՅԱՆ ԵՎ ԼԻԱ ՕՍԻՊՅԱՆ
Մայիս 16, 2018 | 16:17
Հասարակություն
ԵՊՀ ՆՎԻՐՅԱԼՆԵՐԸ. ՎԼԱԴԻՄԻՐ ՄԱՂԱԼՅԱՆ ԵՎ ԼԻԱ ՕՍԻՊՅԱՆ
Երևանի պետական համալսարանը իր հիմնադրման օրվանից դարձել է մեր պատմության շրջադարձային իրադարձությունների լուռ վկան, կրթել է Առաջին Հանրապետության նորանկախ սերնդին, սովետական երիտասարդությանը, Երրորդ Հանրապետության քաղաքացիներին:
ԵՊՀ հիմնադրման 99-ամյակը լավ առիթ է անդրադառնալու ոչ միայն բուհի ստեղծման պատմությանը վերաբերող փաստերին, այլև այն մարդկանց, ովքեր տարիների փորձով և այդ ընթացքում կատարած աշխատանքի շնորհիվ կարողացել են ԵՊՀ-ին առանձնահատուկ ակադեմիական շունչ հաղորդել:
Երկար կարելի է վիճել այն հարցի շուրջ, թե արդյոք համալսարանն է նվիրյալներ ծնո՞ւմ, թե՞ նվիրյալներն են համալսարանը կառուցում, բայց մի հարցում ամեն ինչ անվիճելի է ՝ համալսարանը դառնում է այն հարթակը, որտեղ գործում և աշխատում են նվիրյալները:
Վլադիմիր Մաղալյանի՝ գրադարանի վերածված աշխատասենյակ տանող ճանապարհը անցնում է ԵՊՀ գրադարանի երրորդ հարկով: Հանդիպման օրը պարոն Մաղալյանը վատառողջ էր և չնայած դրան՝ և՛ ինձ ընդունեց, և՛ հարցազրույցի ընթացքում պատասխանեց մի քանի հեռախոսազանգերի՝ բոլորին խոստանալով օգնել գրքերի տպագրության գործում:
Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող, բանասիրական գիտությունների թեկնածու Վ. Մաղալյանը իր կյանքից կես դար՝ 55 տարի, նվիրել է Երևանի պետական համալսարանին, որից 35 տարին անցկացրել է ԵՊՀ պաշտոնաթերթը խմբագրելով: Իր գործի նվիրյալը այսօր արդեն ԵՊՀ պատմության մի մասն է դարձել:
Հարցազրույցի սկզբում պարոն Մաղալյանը ինձ խնդրեց սեղանի վրայից հեռացնել ձայնագրիչն ու հեռախոսը, ասաց՝ սարքերից կաշկանդվում է: Հետո սկսեց անթաքույց ոգևորությամբ անդրադառնալ ԵՊՀ պատմությանն ու այնտեղ կուտակած իր կենսափորձին:
«Խմբագրածս թերթը 35 տարի շարունակ առանց դադարների հրատարակվել է՝ ունենալով ընդամենը 3 աշխատող: Բարդ էր, մանավանդ վերջին 15 տարիները, որոնք համընկան Սովետական Միության փլուզման և Հայաստանի Երրորդ Հանրապետության կայացման տարիների հետ:
Այդ տարիների ընթացքում տեսել եմ նաև միակուսակցության հաստատումն ու վերջինիս փլուզումը, և իմ խորհուրդը երիտասարդներին միայն մի բան է՝ բոլոր հարցերում սկզբունքայնություն դրսևորել: Դա հաճո է բոլորին, իսկ ամենից առաջ՝ ժողովրդին»:
Հարցազրույցի վերջում, սովորության համաձայն, պարոն Մաղալյանն ասաց, որ նյութն անպայման միասին խմբագրենք՝ կարող է ինչ-որ բան շտկելու կամ ավելացնելու կարիք ունենա:
Համալսարանը մեր ժողովրդի լուսատու ջահն է: Հնագույն ժամանակներից մեր ժողովուրդը առանձնահատուկ սեր է տածել գիտության և գրականության հանդեպ: Աշխարհում առաջիններից ենք եղել, որ դեռևս 5-րդ դարամուտին գիր ենք ունեցել և այն պահպանել ենք: Գիրն էլ մեր լեզուն, մեր մշակույթը և ամենից առաջ մեզ է պահպանել:
Գլաձորի, Տաթևի համալսարանները, Սանահինի դպրոցը հայ ժողովրդի ուսումնատենչ ոգու դրսևորումներն են: Մեր պետականության ստեղծման երկրորդ տարում հիմնադրվեց Երևանի պետական համալսարանը, որն անխափան պահպանել է իր գործունեությունը մինչ այսօր:
Համալսարանը հիմնադրվել է ծանր պայմաններում ՝ սկզբում ունենալով մեկ, իսկ հետո՝1921 թվականին՝ երկու ֆակուլտետ:
1936 թվականին այն արդեն ուներ շուրջ 10 ֆակուլտետ: Այդ ֆակուլտետներն իրենց անուններով պահպանվել են երկար ժամանակ՝ ընդհուպ մինչև 1980-ական թվականները:
Բոլոր ժամանակներում համալսարանն ունեցել է այնպիսի ամբիոններ և ֆակուլտետներ, որոնք բխել են Հայաստանի տնտեսական, մշակութային և հոգևոր պահանջներից:
Տասնամյակների ընթացքում ԵՊՀ-ն կարողացել է աճել, համալրվել նոր ուսանողներով և դառնալ այն դարբնոցը, որտեղ կերտվել են Հայաստանի տարբեր ոլորտներում մեծ ներդրում ունեցող անվանի գիտնականներ, արժանապատվության բարձր զգացումով օժտված քաղաքացիներ:
Իր հարյուրամյակի շեմին Երևանի պետական համալսարանը զարգացել և դարձել է Հայաստանի Հանրապետության առաջատար բուհը, որի սովորողների թիվն այսօր հասնում է շուրջ 20.000-ի:
Համալսարանն ունի բազմաթիվ կրթական ծրագրեր, որոնց շնորհիվ պատրաստվում են ժամանակի մարտահրավերներին դիմակայող ու մասնագիտական պահանջներին համապատասխանող կադրեր: Այդ կադրերը հնարավոր ամեն ինչ անում են, որ Հայաստանն իր ակադեմիական ներկայով հետ չմնա աշխարհի գիտական անցուդարձից:
ԵՊՀ-ն միշտ էլ գիտության նկատմամբ սեր ու ձգտում ունեցող մարդկանց պակաս չի ունեցել, խնդիրը միայն սերունդներին տրվող կրթության հասանելիության մեջ է:
Նախկինում կրթությունն անվճար էր, մարդկանց ուսումնատենչությունը՝ բարձր: Համալսարանում նրանք ստանում էին որակյալ կրթություն և ուսման վարձի մասին մտածելու կարիք չունեին, որը ոչ միշտ է մատչելի:
Համալսարանական կրթությունը ուսանողին զինում է շրջահայացությամբ, իսկ շրջահայաց ուսանողը միշտ էլ գտնում է այն ամենակարևորը, որին ուզում է հասնել կյանքում: Դրա շնորհիվ էլ ականավոր մարդ է դառնում:
Համալսարանում առաջին ուսուցիչները արտասահմանում կրթություն ստացած մարդիկ էին՝ Մանուկ Աբեղյան, Հրաչյա Աճառյան, Հակոբ Մանանդյան, Յուրի Ղամբարյան, ով մասնագիտությամբ իրավաբան էր և Երևանի պետական համալսարանի առաջին ռեկտորը:
Այս մարդկանց դերը համալսարանի կայացման գործում հազիվ թե հնարավոր լինի գերագնահատել:
Համալսարանի հաջորդ նվիրյալի աշխատասենյակը Կենսաբանության ֆակուլտետում է: Բարձր առաստաղն ու երկար վարագույրների դիմաց դրված բույսերը առաջին բաներն են, որ աչքի են զարնվում տիկին Օսիպյանի աշխատասենյակ մտնելիս:
Կենսաբանական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, գիտության վաստակավոր գործիչ, ԵՊՀ բուսաբանության ամբիոնի պատվավոր վարիչ Լիա Օսիպյանը ԵՊՀ-ի հետ իր գիտական ճամփորդությունը սկսել է դեռևս 1947 թվականից՝ Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի ուսանող լինելով:
Այս ընթացքում տիկին Օսիպյանը հասցրել է հրատարակել ավելի քան 400 գիտական աշխատություններ, 6 մենագրություն, Հայաստանում հիմնադրել է սնկաբանության փորձարարական ուղղությունը, բազմիցս մասնակցել է միջազգային և տարածաշրջանային գիտաժողովների:
Լիա Օսիպյանը գիտությանը նվիրած իր այդքան երկար տարիների ընթացքում հասցրել է անցնել «կեղծ» գիտությունների մասին որոշման միջով, որը, ըստ նրա, ամենահետաքրքիր բան էր, որ կատարվել է ֆակուլտետում:
Այդ որոշման պատճառով Կենսաբանության ֆակուլտետը միանգամից զրկվեց այնպիսի մասնագետներից, ինչպիսին են Արմեն Թախտաջյանը, Միքայել Չայլախյանը և ուրիշներ, որովհետև նրանք չէին համապատասխանում «սովետական գիտության մակարդակին»:
Սեպտեմբերից այս անվանի մարդկանց դասախոսությունները լսելու փոխարեն ուսանողները գնում էին կուսակցական ժողովների:
Չղջիկների վրա կատարվող հետազոտությունները սովետական քաղաքացուն, ըստ կայացված որոշման, պետք չէին:
Հետագայում Ջոն Քենեդին կասեր, որ այդ որոշման պատճառով Սովետական Միության գիտական կյանքը առնվազն քսան տարով հետ մնաց գիտության զարգացումից:
Եվ էլի ուսանողների հետևողականության և պայքարի շնորհիվ ռեկտորը որոշեց չեղյալ հայտարարել ժամանակին տրված տարօրինակ հրամանը»:
«Բուհը մեզ հնարավորություն էր տալիս շատ լավ ուսումնասիրելու բնությունը դեռևս առաջին կուրսից,- պատմում է տիկին Օսիպյանը,- մենք շատ ժամանակ էինք անցկացնում բնության գրկում, իսկ ավելի բարձր կուրսերում նաև պրակտիկաների էինք մասնակցում Բաթումում, Սոխումում, Ղրիմում, Բուլղարիայում՝ ուսումնասիրելով բուսաբանական այգիները:
Մենք բոլորս վստահ էինք, որ ավարտելուց հետո աշխատելու էինք: Պատերազմից հետո աշխատուժի պահանջարկը մեծ էր: Պատերազմից, ցավոք, քչերն էին վերադարձել և մասնագետների կարիք շատ կար»:
Տիկին Օսիպյանի կենսագրությունը ուսումնասիրելիս ինձ համար հատկապես հետաքրքրական էր այն, որ վերջինս 1970-ական թվականներին եղել է Սովետական Միության կանանց խորհրդի անդամ, որը նախագահում էր Վալենտինա Տերեշկովան: Հետաքրքրիր էր իմանալ, թե ինչով էր զբաղվում կանանց խորհուրդը սովետական տարիներին:
«Ամեն տարի մենք երկու-երեք անգամ պլենում էինք հրավիրում, և ներկաները պատմում էին, թե իրենց մոտ կանանց շարժումը ինչպես է ընթանում,- պատասխանեց տիկին Օսիպյանը,- մեկ-մեկ որ գնում էինք արտասահման, այնտեղ պատմում էինք սովետական կնոջ գիտական գործունեություն ծավալելու ազատության, հավասար աշխատավարձ ու աշխատանքային իրավունքներ ունենալու մասին, ինչը զարմացնում էր Արևմուտքին: Նրանք պայքարում էին այն ամենի համար, ինչ մենք արդեն ունեինք: Երբ նրանց հետ խոսում էինք գիտությամբ զբաղվող կանանց թեմայից, ինձ մոտ միտք առաջացավ՝ գիրք հրատարակել այն բոլոր գիտական աշխատանքների մասին, որ արել են Սովետական Հայաստանի կանայք տարբեր ոլորտներում: 1977 թվականն էր: Այդ ուսումնասիրության ժամանակ ես հասկացա, որ կանայք ավելի համբերատար ու բծախնդիր են, իսկ սրանք այն հատկանիշներն են, որ պահանջում է գիտությունը մարդուց»:
ԵՊՀ-ում անցկացրած 6 տասնամյակից ավելի տարիների ընթացքում տիկին Օսիպյանը դարձել իր գործի գիտակն ու նվիրյալը: «ԵՊՀ-ն ինձ համար ակադեմիական հարթակ է եղել, որտեղից ես բարձրաձայնել եմ ինձ հուզող գիտական հարցերի մասին: Համալսարանն ինձ տվեց ծրագրեր, որոնք էլ ինձ հետագայում գիտնական դարձրին»:
Անի Պողոսյան