- Գլխավոր
- Նորություններ
- «ԱՍՏՂԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԿԱՊՆ ԱՅԼ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ». ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆ ԱՐԵԳ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ
Նոյեմբեր 14, 2018 | 17:20
Կրթություն
«ԱՍՏՂԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԿԱՊՆ ԱՅԼ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ». ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆ ԱՐԵԳ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ՈՒԳԸ-ն Ֆարմացիայի ինստիտուտի ՈՒԳԸ-ի հետ համատեղ կազմակերպել էր պլենար դասախոսություն, որը վարում էր ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը:
Մեզ հետ զրույցում ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Շուշաննա Վարդանյանն ասաց, որ դասախոսության նպատակն ուսանողների մոտ գիտության նկատմամբ սերը մեծացնելն էր:
«Դեռ անցած տարվանից ցանկություն ունեինք այցելել Բյուրականի աստղադիտարան և լսել պարոն Միքայելյանի դասախոսությունն աստղաքիմիայի մասին: Սակայն ուսանողների թիվն այնքան մեծ էր, որ որոշեցինք նրան հրավիրել ԵՊՀ և ավելի ընդգրկուն թեմայի վերբերյալ դասախոսություն կազմակերպել, ինչպիսին է աստղագիտությունը և դրա կապն այլ գիտությունների հետ, մասնավորապես քիմիայի, կենսաբանության, ռադիոֆիզիկայի, ֆիզիկայի, բժշկագիտության և այլն»,- պարզաբանեց Շ. Վարդանյանը:
Արեգ Միքայելյանը դասախոսության մասնակիցներին ներկայացրեց, թե ինչպես է առաջացել աստղագիտությունը, ինչ արդյունքներ է այն գրանցել մինչ այժմ և ինչ հեռանկարներ ունի: Ի դեպ, պարոն Միքայելյանը ևս մեկ անգամ հերքեց աստղագուշակության ճշմարտացիությունը:
Դասախոսության ընթացքում Արեգ Միքայելյանն ուսանողներին պատմեց, թե տիեզերքից ստացված տվյալները ինչպես են նպաստում տարբեր գիտությունների զարգացմանը. «Աստղագիտությունը սերտորեն կապված է այլ գիտությունների հետ: Այսօր աշխարհում ձևավորվել և մեծ թափով զարգանում են միջգիտակարգային ու բազմաճյուղ նոր գիտություններ, որոնք չեն ցանկանում սահմանափակվել միայն երկրի վրա հետազոտությունների արդյունքներով: Մենք Հայաստանում փորձում ենք հետ չմնալ և հետևել համաշխարհային միտումներին»:
Բյուրականի աստղադիտարանի տնօրենն ուսանողներին խորհուրդ տվեց կյանքը դիտարկել դինամիկայի մեջ. «Գիտությանը լուրջ վերաբերմունք ցույց տվեք, ձեզ համար թող կարևոր լինի ձեր ապագան, որովհետև առաջիկա տասնամյակներն ամենակարևորն են լինելու»:
Քնար Միսակյան