- Գլխավոր
- Նորություններ
- «ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՎ ՄԱՆՐԷԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ԵՌՕՐՅԱ ԴԱՍԸՆԹԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
Հունիս 17, 2019 | 14:08
Կրթություն
«ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՎ ՄԱՆՐԷԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ԵՌՕՐՅԱ ԴԱՍԸՆԹԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնում այսօր մեկնարկել է «Բացահայտելով մանրէաբանությունը» խորագրով եռօրյա դասընթացը, որին մասնակցում են բարձր դասարանների աշակերտներ և բակալավրիատի ուսանողներ։
«Բացահայտելով մանրէաբանությունը» դասընթացը կազմակերպվել է Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնի ու Կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիաի ամբիոնի համատեղ ջանքերով՝ Ամերիկյան մանրէաբանական ընկերության աջակցությամբ (ASM)։
Ամերիկյան մանրէաբանական ընկերության հայաստանյան մասնաճյուղի ուսանողական խմբի (ArMicro) նախագահ Լիանա Վանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ եռօրյա դասընթացը նվիրված է «Մանրէաբանություն» առարկայի հանրայնացմանը: «Աշակերտներն այս երեք օրում ձեռք կբերեն գործնական հմտություններ, կմասնակցեն մանրադիտակով մանրէների դիտարկմանը, ինչպես նաև կլսեն դասախոսություններ մանրէաբանության արդի խնդիրների վերաբերյալ»,- հավելեց նա:
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ Արմեն Թռչունյանի խոսքով, «Բացահայտելով մանրէաբանությունը» խորագրով եռօրյա դասընթացի ընթացքում աշակերտներին ներկայացվելու է, թե ինչ են իրենցից ներկայացնում մանրէները, ինչպես են դրանք դրսևորվում մարդու և բնության մեջ, որոնք են մանրէների դրական և բացասական կողմերը:
Աշակերտները լաբորատորիայում կմասնակցեն օդի, ջրի և հողի մանրէաբանական կազմի որոշմանը, բակտերիալ հակաբիոտիկ ակտիվության որոշմանը, ինչպես նաև թափոններից բակտերիաների աճման միջավայրերի պատրաստմանը:
ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի աշակերտ Վահե Գաբրիելյանը նշեց, որ շատ ուրախ է՝ ԵՊՀ-ում մասնակցում է նմանատիպ դասընթացի, քանի որ այն իրեն հնարավորություն կտա բարելավելու գիտելիքները մանրէաբանության ոլորտում:
Նադեժդա Տեր-Աբրահամյան