- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՍՏԱՑԵԼ ԵՆ ՏԵՍԱԿԱՆ ՈՒ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՆՈՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ՄԱՐԴՈՒ ԵՎ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Մարտ 13, 2019 | 15:59
Կրթություն
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՍՏԱՑԵԼ ԵՆ ՏԵՍԱԿԱՆ ՈՒ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՆՈՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ՄԱՐԴՈՒ ԵՎ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի 2-րդ կուրսի մի շարք ուսանողներ մարտի 4-8-ը Ծաղկաձորում մասնակցել են Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության («GIZ») կողմից կազմակերպված Սահմանադրական իրավունքի գարնանային դպրոցին:
Հայաստանյան բուհերի իրավագիտության ֆակուլտետում սովորող ուսանողների համար նախատեսված Սահմանադրական իրավունքի գարնանային դպրոցի նպատակն էր ուսանողներին ներկայացնել 2015 թվականին ամբողջովին վերանայված ՀՀ Սահմանադրության մեջ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների կարգավորման հիմնական դրույթները:
Սահմանադրական իրավունքի գարնանային դպրոցին մասնակցել են ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանողներ Էմմա Պետրոսյանը, Մարինա Մաքյանը, Դավիթ Մեյրոյանը, Արման Հակոբջանյանը, Վոլոդյա Մազմանյանը, Լիդա Քոչարյանը և Միլենա Տոնոյանը:
Մեզ հետ զրույցում մասնակից ուսանողները փաստեցին, որ դպրոցը հնարավորություն է տվել առավել խորությամբ հասկանալու ՀՀ գործող Սահմանադրությամբ ամրագրված հիմնական իրավունքների գործառույթները, սիստեմատիկան, բովանդակությունը, ինչպես նաև դրանց իրացման եղանակները:
Մասնակիցների հավաստմամբ, Սահմանադրական իրավունքի գարնանային դպրոցը բավականին հետաքրքիր և բովանդակալից է եղել. «Դասընթացի բանախոս գերմանացի դոկտոր, պրոֆեսոր Օտտո Լուխթերհանդթնի (Otto Luchterhandt) ուշագրավ դասախոսություններին զուգահեռ կազմակերպվել են նաև գործնական աշխատանքներ, որոնք առավել ամրապնդել են ստացած գիտելիքները: Դասընթացի ժամանակ ծանոթացել ենք տեսությանը, խորքային վերլուծության ենք ենթարկել հոդվածների հիմնական դրույթները, ծանոթացել ենք միջազգային իրավական պրակտիկային և այլն»:
Ուսանող մասնակիցները նշեցին, որ ցանկություն ունեն առաջիկայում կազմակերպել սեմինարներ և հանդիպում-քննարկումներ, որոնց ընթացքում իրենց ստացած գիտելիքները կփոխանցեն դրանց մասնակիցներին:
Քնար Միսակյան