- Գլխավոր
- Նորություններ
- ԿԼՈՐ ՍԵՂԱՆ-ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ՏԻՄ-ԵՐԻՆ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ ԾԱՆՈՒՑԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հունիս 18, 2019 | 15:46
Հասարակություն
ԿԼՈՐ ՍԵՂԱՆ-ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ՏԻՄ-ԵՐԻՆ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ ԾԱՆՈՒՑԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնում այսօր տեղի ունեցավ «Ջրօգտագործման թույլատվությունների հայտերի վերաբերյալ ՏԻՄ-երին ծանուցելու մասին» քաղաքականության համառոտագրի նախագծի կլոր սեղան-քննարկում:
Միջոցառումն իրականացվում է «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրի շրջանակում:
Քննարկմանը ներկա էին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, ՏԻՄ-երի, ՀԿ-ների ներկայացուցիչներ, փորձագետներ:
Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ՋՌԿԳ ջրօգտագործման թույլտվությունների բաժնի գլխավոր մասնագետ Նաիրա Հովհաննիսյանը: Նա ներկայացրեց գործող օրենսդրությունը՝ անդրադառնալով ջրօգտագործման մասին ծանուցելու ընթացակարգերին:
Գործող կարգի համաձայն՝ ՏԻՄ-երը չեն ծանուցվում ջրօգտագործման մասին, ինչի արդյունքում բնակիչները հաճախ բախվում են ջրի սակավության խնդրին:
«Ջրօգտագործման թույլատվությունների հայտերի վերաբերյալ ՏԻՄ-երին ծանուցելու մասին» քաղաքականության համառոտագրի նախագիծը գործող օրենսդրության բարեփոխման հիմք է ստեղծում: Նախատեսվում է ՏԻՄ-երին նախապես տեղեկացնել իրենց համայնքի տարածքում պլանավորվող ջրօգտագործման մասին, ինչը հնարավորություն կտա արդյունավետ ներկայացնելու և պաշտպանելու համայնքի շահերը:
«Ջրօգտագործման թույլատվությունների հայտերի վերաբերյալ տեղեկատվության մատչելիության ընդլայնում» ծրագրի համակարգող, Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի գիտաշխատող Հեղինե Գրիգորյանը նշեց, որ առաջարկվող փոփոխությունների արդյունքում ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը ջրօգտագործման թույլատվության հայտ ստանալուց հետո այդ մասին ծանուցելու է ՏԻՄ-երին:
Ծրագրի հիմնական մոտեցումներից բխում է, որ ՏԻՄ-երին ծանուցելու պարտականությունը ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ՋՌԿԳ-ն է կրում, քանի որ հանդիսանում է ջրօգտագործման թույլատվության տրամադրման հետ կապված վարչարարության ամբողջ ընթացքն իրականացնող և գործընթացին վերաբերող համալիր տեղեկատվություն տնօրինող մարմին:
Հեղինե Գրիգորյանը շեշտեց, որ նախատեսվող ջրօգտագործման մասին հիմնական տեղեկատվությունը պետք է մատչելի և հասանելի լինի համայնքների բնակիչների համար:
Ներկա պահին, ինչպես նշեց բանախոսը, ջրօգտագործման թույլտվության հայտը և կից փաստաթղթերը հասանելի են միայն աշխատանքային օրերին՝ ժամը 17:00-18:00-ն, ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունում: Այս հանգամանքը փաստաթղթերին ծանոթանալու գործընթացը բարդացնում է՝ մանավանդ հեռավոր համայնքների բնակիչների համար:
Ծրագիրն առաջարկում է ՏԻՄ-երին՝ որպես բնակիչներին մոտ կանգնած և անմիջական հաղորդակցություն ապահովող մարմիններին, տրամադրել համապատասխան տեղեկատվություն՝ դրանով իսկ կանխարգելելով հետագա թյուրըմբռնումները:
Հեղինե Գրիգորյանը ներկայացրեց ՏԻՄ-երին տրամադրվող տեղեկատվությունը՝ ջրաղբյուրի կոորդինատները, ջրաքանակը, ջրային օբյեկտից կատարվող ջրօգտագործումները, ջրաղբյուրի սեփականության ձևը և այլն:
Առաջարկվեց օգտագործել նաև էլեկտրոնային գործիքները, ավտոմատացված համակարգը: Բացի դրանից՝ որպես ծանուցման լրացուցիչ եղանակ կարող են օգտագործվել նաև սոցիալական մեդիան, ավագանու նիստերի ուղիղ հեռարձակումները, տեղական մամուլը:
Մարի Ռաֆյան