- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ՝ ԱՐՀՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Դեկտեմբեր 13, 2019 | 14:05
Հասարակություն
ԵՊՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ՝ ԱՐՀՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետն իր վրդովմունքն է արտահայտում ԵՊՀ արհեստակցական միության տարածած հայտարարության վերաբերյալ և բացատրում միությունից դուրս գալու պատճառները։
Հիշեցնենք, որ օրերս համացանցում ԵՊՀ արհեստակցական միության նախագահ Արմեն Ավետիսյանը տարածել է հաղորդագրություն, ըստ որի՝ ԵՊՀ արհկոմիտե են դիմում բազմաթիվ դասախոսներ, ամբիոնի վարիչներ և այլ աշխատողներ առ այն, որ իրենց հորդորում և ստիպում են դուրս գալ Արհմիությունից:
«Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ ռեկտորի ժ.պ.-ն և նրա ներկայացուցիչները, կիրառելով տարբեր վարչական լծակներ, մի շարք ստորաբաժանումների ղեկավարների, այդ թվում` որոշ դեկանների հանդեպ, փորձում են նրանց միջոցով ազդել ԵՊՀ արհեստակցական կազմակերպության անդամների վրա, որպեսզի վերջիններս հրաժարվեն Արհմիության անդամությունից»,- մասնավորապես ասված է հայտարարության մեջ։
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների մեծ մասն այսօր իր կարծիքն է հայտնել տարածված հաղորդագրության մասին և հերքել ճնշում գործադրելու մասին լուրերը՝ դատապարտելով Արհմիության նման վարքագիծը։
Ֆակուլտետի դեկան, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Գեղամ Պետրոսյանն ասաց, որ բավական երկար ժամանակ Երևանի պետական համալսարանի արհեստակցական միությունը թե՛ մամուլում, թե՛ հեռուստատեսությամբ տարածում է իրականությանը չհամապատասխանող, համալսարանը վարկաբեկող նյութեր։
«Երբ կեղծիքը կրկնվում է հաճախակի, դառնում է հանրության սեփականությունը, և կեղծարարն ինքն է հավատում դրան։ Ես վրդովված եմ, քանի որ իր տարածած հաղորդման մեծ նշվում է՝ իբրև ռեկտորի ժ.պ.-ն և իր ներկայացուցիչները, կիրառելով տարբեր վարչական լծակներ, մի շարք ստորաբաժանումների ղեկավարների, այդ թվում՝ որոշ դեկանների հանդեպ, ճնշում են գործադրում ու փորձում նրանց միջոցով ազդել ԵՊՀ արհեստակցական կազմակերպության անդամների վրա։ Որոշ դեկաններ ասելով՝ Արհմիության նախագահը երևի նկատի ունի նաև ինձ։ Բնականաբար, քանի որ մեր ֆակուլտետը դեռևս 2017 թվականից ցանկություն է հայտնել դուրս գալու այդ միությունից՝ նրա գործունեությունը ոչ արդյունավետ համարելու պատճառով»,- նշեց ֆակուլտետի դեկանը։
Նա անհեթեթություն համարեց հաղորդագրությունն ու ասաց, որ այն շատ վիրավորական է՝ հավաստիացնելով, որ իրենց ֆակուլտետում ճնշում գործադրելու մասին անգամ ակնարկ չի եղել, և յուրաքանչյուր դասախոս կարող է փաստել դա։ Գ․ Պետրոսյանի խոսքով, ինքն անձամբ իր ֆակուլտետի աշխատակիցներից երկուսին օգնելու համար դիմել է Արհեստակցական միություն, սակայն ոչ մի աջակցություն էլ չի ստացել։
«Բացի այս ամենից՝ մեր դասախոսների կողմից խիստ դժգոհության ալիք է բարձրացել։ Նրանք, չլինելով Արհմիության անդամ, տարիներ շարունակ իրենց աշխատավարձից ակամա գումար են հատկացրել ստորաբաժանմանը։ Նույնիսկ հունիսին՝ Արհմիությունից դուրս գալու դիմում գրելուց հետո, այդ գումարը, միևնույն է՝ գանձվել է։ Դասախոսներն այդ դեպքից հետո այնքան վրդովված էին, որ լսարան մտնել անգամ չէին ուզում, իսկ նրանցից շատերն անգամ չգիտեին Արհեստակցական միության կողմից իբր տրամադրվող ծառայությունների մասին»,- ասաց նա։
Գ․ Պետրոսյանն անդրադարձավ նաև լրատվամիջոցների ոչ իրազեկ լինելուն՝ նշելով, որ չի կարելի լսել միայն մի կողմին ու կարծիք կազմել․ «Բարի՛ եղեք նաև մյուս կողմին լսել»։
«Այստեղ աշխատողները գիտական կոչում, աստիճան ունեցող մարդիկ են։ Չի կարելի նրանց զգացմունքների հետ խաղալ, վիրավորել այդ մարդկանց։ Որպես դեկան՝ ինձ համար ամենավիրավորականն Արհկոմիտեի նախագահի՝ «որոշ դեկաններ» խոսքի տակ նաև ինձ նկատի ունենալն է։ Նա ի՞նչ իրավունք ունի հայտարարելու, թե ինձ վրա ճնշում է գործադրվել, կամ ես եմ ճնշում գործադրել։ Ամոթ է, այստեղ կան վաստակաշատ մարդիկ, և նա փորձում է վերջիններիս հեղինակության հետ խաղալ։ Այս ամենին պետք է վերջ դնել,- ասաց դեկանն ու ավելացրեց,- սա սպառնալիք է, սա զրպարտություն է»։
Նա տեղեկացրեց նաև, որ Արհմիության աշխատակիցները ֆակուլտետի աշխատակիցների՝ ստորաբաժանման կազմից դուրս գալու մասին դիմումներն ընդունել են անհարգալից վերաբերմունքով։
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանի խոսքով, ինքը պատրաստ է ընդունելու լրատվամիջոցների ներկայացուցիչներին և պատասխանելու նրանց հարցերին այս խնդրի վերաբերյալ, որպեսզի թյուր կարծիք չձևավորվի, ու այս ամենին վերջ տրվի։
Միջազգային հարաբերությունների դիվանագիտական ծառայության և մասնագիտական հաղորդակցման ամբիոնի վարիչ, պատմ. գիտ․ թեկնածու, դոցենտ Նուբար Չալըմյանը, որն ունի 40 տարվա աշխատանքային փորձ, ասաց, որ վերջին 3-4 տարիներին 4 անգամ վիրահատվել է, սակայն Արհմիությունը երբեք աջակցություն չի էլ առաջարկել։
«Արհեստակցական միությունը կոչված է պաշտպանելու իր յուրաքանչյուր աշխատակցի շահերը, օգնություն ցուցաբերելու և աջակցելու սոցիալական խնդիրները լուծելու հարցում։ Նրա առաքելությունն Ամանորի նախօրյակին թատրոնի տոմս բաժանելով ու մեկ-երկու խաղալիք տալով չի ավարտվում։ Նախևառաջ ես կուզեի իմանալ, թե ինչի վրա են ծախսվում մեր անդամավճարները»,- ասաց նա։
Ամբիոնի վարիչը պատմեց նաև, որ երբ ինքը խնդրել է ցույց տալ իրեն իր՝ Արհեստակցական միության անդամ լինելու վերաբերյալ դիմումը, նրան ներկայացրել են անցած տարվա ֆլյուրոգրաֆիա անցնելու ժամանակ ստորագրած մի թուղթ․ «Ես այդ թուղթը ստորագրել եմ պոլիկլինիկայում, առանց նայելու՝ մտածելով, որ ստորագրում եմ առողջության հետ կապված ինչ-որ փաստաթուղթ»։
Խոսելով մեդիա հարթակում տարածված հաղորդագրության մասին՝ վերջինս ասաց. «Այդպիսի բան չկա։ Այստեղ յուրաքանչյուրս անկախ է և իր ճակատագրի տերը։ Ոչ մի ճնշում, ի՞նչ ճնշման մասին է խոսքը»։
«Իրականում, մենք երբևէ չենք հասկացել այդ կազմակերպության առաքելության իմաստը։ Խոսվեց հիվանդության մասին, սակայն այստեղ մարդիկ կան, որոնք ընտանիքի անդամի կորուստ են ունեցել ու ոչ մի աջակցություն չեն ստացել Արհմիության կողմից։ Այսինքն՝ մենք ամեն ամիս վճարել ենք 1 տոկոս անդամավճարը, բայց որևէ ձևով երբեք չենք տեսել այդ ստորաբաժանման առաքելությունը»,- ասաց Ն. Չալըմյանը։
Դեկանատի օպերատոր Մարինե Մխոյանն էլ ասաց, որ Արհեստակցական միության անդամ դարձել է ակամա և աշխատանքի ընդունվելիս որևէ դիմում չի ներկայացրել, ավելին՝ Արհմիության անդամ դառնալու մասին նրան անգամ չեն էլ տեղեկացրել։
Իսկ ինչ վերաբերում է ճնշում գործադրելուն, դեկանատի օպերատորը նշեց, որ իրենց ֆակուլտետում ընդհանրապես որևէ առումով ղեկավարության կողմից որևէ ճնշում երբեք չի գործադրվել. «Մենք բոլորս մեր ձայնի իրավունքի տերն ենք։ Եվ եթե մենք որևէ աջակցություն չենք տեսնում, ինչո՞ւ պիտի մեր վաստակածից ինչ-որ մեկին անիմաստ գումար վճարենք»։
Ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները նշեցին, որ իրենցից շատերն ամռանը դիմում են գրել Արհեստակցական կազմակերպությունից դուրս գալու մասին, սակայն որոշ դիմումներ ընդունվել են, և այլևս գումար չի գանձվել, իսկ որոշները՝ ոչ՝ պատճառաբանելով, թե դիմումի ձևը սխալ է, այնինչ բոլոր դիմումները գրվել են նույն բովանդակությամբ։
Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ, քաղ․ գիտ․ դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Քեռյանը պատմեց, որ արհմիությունները գոյություն ունեն հին խորհրդային տոտալիտար ժամանակներից՝ համակարգը բազմաբևեռ ներկայացնելու քող ստեղծելու համար․ «Սրանք արհեստածին կառույցներ էին, որոնք կապ չունեին աշխատավորների շահերի պաշտպանության հետ»։
«Երբ Խորհրդային Միության կոմունիստական համակարգը փլուզվեց, և ստեղծվեց ժողովրդավարական ազատական համակարգ, շատ հիմնարկներում արհմիությունները վերացան։ Ցավոք սրտի, համալսարանի նախորդ ղեկավարությունը պահպանեց Արհմիութենական կառույցը, և այն իներցիայով մնաց՝ չհարմարվելով նոր իրողություններին»,- ասաց Գ․ Քեռյանը։
Ինչ վերաբերում է հարմարվելուն, Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչը նշեց, որ Արհմիությունը պետք է հայտարարեր վերակազմավորման մասին, թվեր իր գործառույթներն ու առաջարկեր դիմում գրել անդամակցելու համար․ «Իրականում ոչ թե դա է արվել, այլ օգտվելով հին համակարգի մեխանիզմից՝ 1991 թվից մինչ օրս մեխանիկորեն պահվել է աշխատակիցների աշխատավարձի 1 տոկոսի գանձումը, որը տարվա կտրվածքով ահռելի գումար է կազմում»։
Գ․ Քեռյանը պատմեց նաև, որ ինքը հաշվապահությունում հունիսին դիմում է գրել առ այն, որ իրենից Արհմիության գումարը չգանձեն, մինչ ինքը կորոշի՝ մնում է կառույցում, թե ոչ, սակայն սեպտեմբերին նույնպես պահում է արվել։
«Արհմիութենական կազմակերպությունը հիմա չի գործում ազնիվ ճանապարհով։ Այստեղ պայքարը ոչ թե մարդկանց շահերը պաշտպանելու համար է, այլ նրանց աշխատավարձը պահելու։ Արհմիությունը պահանջում է պահել աշխատավարձը, սակայն համալսարանի ղեկավարությունը դեմ է և պահանջում է պահել անդամավճար միայն այն աշխատակիցներից, որոնք ուզում են մնալ ստորաբաժանման կազմում»,- ասաց նա։
Գ. Քեռյանի փաստմամբ, Արհմիությունը հիմա պետք է ինքնալուծարվի, հետո վերակազմավորվի, ներկայացնի աշխատակիցներին իր ծրագրերը, շահի նրանց վստահությունն ու հայտարարի նոր անդամագրում։
Քաղաքական գիտության պատմության և տեսության ամբիոնի վարիչ, քաղ․ գիտ․ դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Ենգոյանն այս թեմայի մասին խոսելիս ասաց, որ ճնշում գործադրելու մասին լուրը պարզապես ծիծաղելի է. «Ինձ առաջին հերթին մտահոգում է, թե ուր է գնացել գանձված գումարը։ Մենք կարծում ենք, որ այդ բյուջեն տնօրինելու իրավունքն ուշ թե շուտ պետք է տրվի ֆակուլտետների արհմիություններին»։
Նա հավելեց նաև, որ ինքն անձամբ իր ամբիոնում ստեղծել է այնպիսի մթնոլորտ, որ դասախոսները կարողանան իրենց կամքը դրսևորել ազատ և առանց կաշկանդվելու։
Քաղաքական գիտության պատմության և տեսության ամբիոնի լաբորանտ և դասախոս Խոսրովադուխտ Ազատյանն ասաց, որ համալսարանում աշխատում է 3 տարի և Արհեստակցական միությանն անդամագրվելու համար որևէ դիմում չի գրել՝ ի տարբերություն պարոն Չալըմյանի և տիկին Մարինեի, որոնք բժշկական ապահովագրություն անցնելու ժամանակ առանց իմանալու ստորագրել են դիմումը, սակայն երեք տարվա ընթացքում նրա աշխատավարձից ամեն ամիս պահում է արվել։
«Հուլիսին գրել եմ դիմում անդամակցությունը դադարեցնելու մասին։ Դիմումից հետո իմ աշխատավարձից գումար չի պահվել, բայց մեր ամբիոնի դասախոսներից, որոնք ևս նույն դիմումն են գրել, գումարը շարունակվել է գանձվել։ Երբ հարցրել եմ՝ ինչպես է այդպես ստացվել, ինձ տրամաբանական պատասխան տալ չեն կարողացել»,- ասաց նա։
Դասախոսսին պատասխանել են՝ իբրև մյուս դիմում գրողների դիմումի մեջ վրիպակ կա, և այդ պատճառով է գումարը շարունակվել պահվել․ «Եթե կա վրիպակ, մի՞թե հնարավոր չէ տեղեկացնել, որ ուղղենք այն»։
Խ․ Ազատյանը նման պահվածքը որակեց որպես կամայական արարք։ Իսկ Չալըմյանն էլ հավելեց․ «Արհեստակցական կազմակերպությունն առաջնորդվում է խորհրդային տարիների սկզբունքով՝ կամավոր-պարտադրաբար»։
Քաղաքական գիտության պատմության և տեսության ամբիոնի դասախոս Առնակ Սարգսյանն ասաց, որ ինքը երեք տարի աշխատում է ԵՊՀ-ում, Արհեստակցական միությունում հայտնվել է Կոլեկտիվ պայմանագրի միջոցով, բայց ամռանը որոշել է ինքնակամ դուրս գալ կառույցից՝ այն անօգուտ համարելու պատճառով։
Քաղաքական գիտության պատմության և տեսության ամբիոնի պրոֆեսոր Հենզել Մանուչարյանը նշեց, որ ֆակուլտետում արհմիությունների մասին աշխատություններ ունեցող պրոֆեսոր կա՝ Արշակ Վարդանյանը, որից կարելի էր կարծիք կամ խորհուրդ հարցնել․ «Այսինքն՝ այդ ստորաբաժանումը ոչ թե պետք է այս հեղինակավոր մասնագիտական կազմակերպությանը դատի տա, այլ խորհուրդ հարցնի»։
Պրոֆեսորը նշեց, որ այս տարիների ընթացքում Արհմիությունը երբեք էլ չի զբաղվել իր հիմնական գործունեությամբ, այլ պահպանել է ամենավտանգավոր չեզոքություն։
«Այսինքն՝ իրենք օբյեկտիվորեն և՛ բարոյական, և՛ մասնագիտական տեսակետից մեզ համար խաղից դուրս են եկել։ Այդ կառույցը մեզ չի բավարարում, չի հետաքրքրում, և մենք այլևս չենք ուզում խաբված լինել»,- ասաց Հ․ Մանուչարյանը։
Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ, պատմ. գիտ. թեկնածու, դեկանի տեղակալ Ժակ Մանուկյանը նույնպես խոսեց իր՝ Արհեստակցական միության կազմից դուրս գալու որոշման մասին։ Նա ասաց, որ որոշումը կայացրել է կառույցի անարդյունավետ գործունեության պատճառով։
Ինչ վերաբերում է ճնշում գործադրելու մասին լուրերին, Ժ․ Մանուկյանն ասաց. «Կազմակերպությունից դուրս գալն իմ որոշումն է։ Ես հայտարարում եմ, որ ոչ ոք ճնշում չի գործադրել ինձ վրա։ Նույնիսկ ծիծաղելի է։ Այստեղ բոլորը սկզբունքային անհատներ են, որոնց վրա ճնշում գործադրելն ուղղակի անհնար է»։
Դեկանի տեղակալը նշեց, որ արդեն 2017 թվականից ֆակուլտետի աշխատակիցները պարբերաբար քննարկումներ են անցկացնում Արհմիության արդյունավետության մասին, և դուրս գալու գործընթացը սկսվել է դեռևս երկու տարի առաջ։
Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանատի օպերատոր Քրիստինե Կարապետյանը ֆակուլտետում աշխատում է գրեթե մեկ տարի ու երբեք ոչ մի պայմանագիր չի կնքել Արհմիության հետ, սակայն իր աշխատավարձից ամեն ամիս գումար է գանձվել․ «Այս ամռանը որոշեցի, որ անդամավարձն ինձնից անիմաստ է գանձվում, և դիմում գրեցի դուրս գալու մասին։ Հետո որոշեցի տեղեկանալ՝ դիմումս ընդունել են, թե ոչ, և արդյոք գանձվում է գումար։ Միության գործավարը շատ կոպիտ պատասխանեց, որ ես Արհմիության անդամ չեմ էլ եղել, որպեսզի այդ գումարը գանձվի։ Սակայն երբ հաշվապահությունում ստուգեցի իմ գումարային մուտքերն ու ելքերը, տեսա, որ մինչև հուլիս ինձնից պարտադիր գումարի գանձում արվել է»։
Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանը հավելեց, որ նման թեմաներ արծարծելը հարիր չէ համալսարանին․ «Այսօր նրանք խաղում են համալսարանի հեղինակության հետ»։
Նշենք, որ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում Արհմիության անդամ է մնացել միայն երեք աշխատակից։
Մարինա Առաքելյան