- Գլխավոր
- Նորություններ
- «ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԱՅՆ ԵԶԱԿԻ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻՑ Է, ՈՐՆ ՈՒՆԻ ԳԵՆԵՏԻԿՈՐԵՆ ԲԱՎԱԿԱՆԻՆ ԵՐԿԱՐ ԵՎ ՄԵԿՈՒՍԱՑՎԱԾ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ». ՀՀ ԳԱԱ ՊՐՈՖԵՍՈՐ
Փետրվար 28, 2019 | 17:25
Գիտություն
«ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԱՅՆ ԵԶԱԿԻ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻՑ Է, ՈՐՆ ՈՒՆԻ ԳԵՆԵՏԻԿՈՐԵՆ ԲԱՎԱԿԱՆԻՆ ԵՐԿԱՐ ԵՎ ՄԵԿՈՒՍԱՑՎԱԾ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ». ՀՀ ԳԱԱ ՊՐՈՖԵՍՈՐ
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի կոնֆերենց դահլիճում այսօր տեղի ունեցավ ֆիզիկայի ֆակուլտետի և ՖԳՀԻ-ի հետ համատեղ կազմակերպած «Գենետիկական երկխոսություն մեր նախնիների հետ» խորագրով սեմինարը:
Սեմինարը վարում էր ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի էթնոգենոմիկայի լաբորատորիայի վարիչ, կենսաբ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Լևոն Եպիսկոպոսյանը:
Նա սեմինարի ընթացքում խոսեց հայ ժողովրդի ծագման, այլ ազգերի հետ գենետիկական շփումների մասին, ինչպես նաև ներկայացրեց՝ արդյոք տարբեր զավթիչներ արշավանքների ընթացքում թողել են գենետիկական հետք մեր գենոֆոնդում: «Գենետիկորեն կարելի է ստանալ իրական պատկեր մեր ծագման վերաբերյալ: Մենք ուսումնասիրում ենք ժամանակակից հային. վերցնում ենք թքի կամ արյան նմուշներ, որոնցից անջատում ենք ԴՆԹ-ն և ուսումնասիրում ենք ժողովրդի ծագումը»,- հավելեց նա և շարունակեց, որ իրենք կարողանում են նաև պեղումների ընթացքում հայտնաբերված նմուշներից, օրինակ՝ ոսկրային նյութից, անջատել ԴՆԹ-ն, դրա հիման վրա եզրակացնել, թե ինչպիսին է եղել մեր գենետիկական պատկերը հազարավոր տարիներ առաջ:
Նրա խոսքով, հայ ժողովուրդը տարածաշրջանի այն եզակի ժողովուրդներից է, որն ունի գենետիկորեն բավականին երկար և մեկուսացված պատմություն: «Մեր գենոֆոնդը մեկուսացել է մոտավորապես 4500 տարի առաջ: Վերջին հազարամյակում մեր երկրով անցել են զավթիչ բազմաթիվ արշավախմբեր, սակայն նրանք չեն թողել գենետիկական հետք »,- ասաց բանախոսը:
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Ռաֆիկ Հակոբյանը նշեց, որ առաջիկայում նախատեսում են ԵՊՀ-ում ստեղծել երիտասարդների գիտամանկավարժական խորհուրդ, որի կազմում հիմնականում կլինի Ֆիզիկայի և Ռադիոֆիզիկայի ֆակուլտետների ուսանողներ:
«Այս խորհուրդը ժամանակակից տարբեր թեմաներով կկազմակերպի նմանօրինակ սեմինարներ: Մեր նպատակն է ուսանողներին մասնագիտական կրթությունից բացի՝ տալ նաև քաղաքացիական կրթություն: Մեր բոլոր ուսանողները պետք է տեղեկացված լինեն նաև երկրում կատարվող և կատարվելիք իրադարձություններին, օրենքներին, տնտեսությանը, մեզ սպասվող մարտահրավերներին և այլն»,- հավելեց Ռաֆիկ Հակոբյանը:
Նադեժդա Տեր-Աբրահամյան