- Գլխավոր
- Նորություններ
- ԵՐԿԽՈՍՈՒՄ ԵՆ ՄՇԱԿՈՒՅԹՆԵՐԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆ, ՎՐԱՍՏԱՆ, ՌՈՒՍԱՍՏԱՆ. ԿԼՈՐ ՍԵՂԱՆ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
Ապրիլ 10, 2019 | 13:56
Գիտություն
ԵՐԿԽՈՍՈՒՄ ԵՆ ՄՇԱԿՈՒՅԹՆԵՐԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆ, ՎՐԱՍՏԱՆ, ՌՈՒՍԱՍՏԱՆ. ԿԼՈՐ ՍԵՂԱՆ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետն այսօր հյուրընկալել էր «Ուրարտուի ժառանգները» հաղորդման «Հայաստան, Վրաստան, Ռուսաստան. մշակույթների երկխոսություն» հատուկ փաստագրական ծրագրի հեղինակային խմբին:
Քննարկմանը ներկա էին ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան ներկայացուցիչներ, հյուրեր Վրաստանից, ԵՊՀ սոցիոլոգիայի և Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոսներ ու ուսանողներ:
Ներկաներին ողջունեց Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արթուր Աթանեսյանը:
«Հայաստան, Վրաստան, Ռուսաստան. մշակույթների երկխոսություն» հաղորդման կլոր սեղան-քննարկումների շարքի համակարգող Ռազմիկ Պողոսյանը ներկայացրեց հայկական համայնքի գործունեությունը՝ անդրադառնալով մարտահրավերներին և առաջացող խնդիրներին:
ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան երրորդ քարտուղար Իգոր Ռատուշնյակն ընդգծեց, որ իրենք բոլորն էլ հին քաղաքակրթությունների ժառանգներ են, և հնագույն մշակույթների պահպանումն ու փոխանցումը սերունդներին իրենց պարտավորությունն են:
«Մշակութային լուսավորություն» ՀԿ-ի նախագահ, «Հայաստան, Վրաստան, Ռուսաստան. մշակույթների երկխոսություն» փաստագրական ֆիլմի ռեժիսոր Վադիմ Օվչիննիկովը, ներկայացնելով տարիների ընթացքում կուտակված փորձը, պատմեց այն մեթոդների մասին, որոնք օգտագործվել են իրենց թիմի կողմից՝ խթանելու ու տարածելու մշակութային հաղորդումները:
Ռեժիսորն անդրադարձավ հայկական մշակույթը հանրայնացնելու և այն ռուս երիտասարդության համար գրավիչ դարձնելու խնդրին:
Նա խոսեց 1983-2003 թվականներին ծնված սերնդի և նրա արժեհամակարգի մասին՝ շեշտելով այն հատկանիշները, որոնք դառնում են մարքեթինգային ռազմավարությունների թիրախ:
Այդպիսին է «Սնիկերսի էֆեկտը»՝ ակտուալ և յուրահատուկ ապրանք ունենալու ձգտումը: 1990-ականների ապրանքային պակասուրդը ծնեց շոկոլադե սալիկով հիանալու միտում: Այն նորույթ էր, զարմացնում էր մարդկանց:
Հաղորդման հեղինակների խումբը կիրառում է «Սնիկերսի էֆեկտը»՝ համադրելով այն նաև բազմաթիվ այլ մեթոդների հետ, և գրագետ մարքեթինգի միջոցով փորձում ստանալ ժամանակակից աշխարհում կենսունակ հաղորդումներ:
Այնուհետև ցուցադրվեց հայկական մշակույթը տարածող և հանրայնացնող մի քանի ֆիլմ՝ լավաշի և փայտագործության մասին: Վադիմ Օվչիննիկովը պարզաբանեց՝ ֆիլմերը կարճ են, դինամիկ, շատ են գործողություններ պարունակող և գրաֆիկական, տեքստային հատվածները: Այսպիսին է համացանցային հասարակության պահանջը:
Նա կարևորեց Հայաստան-Ռուսաստան բարիդրացիական հարաբերությունները զարգացնելու հենց այս ուղին՝ ծանոթացում պատմությանը, մշակույթին:
«Ուրարտուի ժառանգները» հաղորդման գլխավոր խմբագիր, «Հայաստան, Վրաստան, Ռուսաստան. մշակույթների երկխոսություն» հաղորդման սցենարի հեղինակ, մշակութաբան Իրինա Տրետյակովան ներկայացրեց հեռուստատեսությունների ծրագրերը, որտեղ մեծ մաս էր զբաղեցնում քրեական ժամանակագրությունը, իսկ մշակութային նորություններին հատկացվում էր շատ քիչ ժամանակ: Ըստ նրա՝ սա շատ մեծ բացթողում է, քանի որ նմանատիպ հաղորդումները փոխում են մարդկանց աշխարհայացքը, կրում են դաստիարակչական բնույթ:
Ազգերի հարաբերությունները կառուցելու լավագույն տարբերակը, ըստ բանախոսի, միմյանց մասին դրական տեղեկատվության տարածումն է: Ռուսաստանի տարածքում ապրող բազմաթիվ ազգերը հիմնականում անհայտ են ռուսների համար, ինչն էլ բերում է տարբեր խնդիրների, մերժման:
Իրինա Տրետյակովան խոսեց նաև հաղորդումների համար փորձագետների ընտրության կարևորության մասին, քանի որ անհաջող ընտրությունը կարող է բերել բացասական արձագանքների:
Տեղեկատվության ստուգումը, ինչպես նշեց մշակութաբանը, ևս մեծ նշանակություն ունի. սխալ տեղեկատվության տարածումը նույնպես վտանգում է ծրագրի բարի նպատակները:
Միջէթնիկական լրագրության գիլդիայի Ուրալի բաժնի վարիչ, «Ազգային տարածություն» հեռուստահաղորդման հեղինակ, վարող Ռուզաննա Շահնազարյանը պատմեց էթնոսներին ներկայացնելու նրբությունները: Նա ընդգծեց այն փաստը, որ հաճախ պետք է մոռանալ սեփական ազգային պատկանելությունը՝ հետաքրքիր և օբյեկտիվ հաղորդումներ պատրաստելու համար:
Հանդիպումն ամփոփվեց հետաքրքիր քննարկումներով, որոնք վերաբերում էին թե՛ լրագրության առանձնահատկություններին, թե՛ հայկական մշակույթը հանրայնացնելու հարցերին:
Մարի Ռաֆյան