- Գլխավոր
- Նորություններ
- «ՏԱՐԿԵՏՈՒՄ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-ՈւՄ. ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ
Մարտ 13, 2019 | 18:04
«ՏԱՐԿԵՏՈՒՄ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-ՈւՄ. ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի կոնֆերանս դահլիճում այսօր տեղի ունեցավ «Գիտական համայնք Հայաստան»-ի նախաձեռնության կողմից կազմակերպված «Տարկետում և գիտության զարգացման խնդիրները» խորագրով հանրային քննարկումը:
Քննարկմանը ներկա էին ԵՊՀ ֆիզիկայի և ռադիոֆիզիկայի ֆակուլտետների դեկանները՝ Ռաֆիկ Հակոբյանը և Խաչատուր Ներկարարյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և ուսանողներ:
«Գիտական համայնք Հայաստան»-ի ներկայացուցիչները հանրային քննարկման ժամանակ ներկայացրին պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի՝այս պահին գործող ընթացակարգում իրենց կողմից վերհանված թերությունները և անհրաժեշտ փոփոխությունները:
Անդրադարձան նաև 2017 թ. նոյեմբերի 15-ին ՀՀ ԱԺ-ում ընդունված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքին, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից 2018 թ. ապրիլի 12-ին ընդունված N 451-Ն որոշմանը:
Կազմակերպիչները ներկայացրին ՀՀ գիտության և կրթության համար վերոնշյալ օրենքում առկա խնդիրները և վտանգները, ինչպես նաև քննարկեցին վերոնշյալ օրենքում իրենց իսկ կողմից մշակված անհրաժեշտ փոփոխությունների նախնական տարբերակը:
ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի կիսահաղորդչային սարքերի և նանոտեխնոլոգիաների կենտրոնի կրտսեր գիտաշխատող, ֆիզմաթ. գիտությունների թեկնածու Հայկ Զաքարյանը նշեց, որ ՀՀ-ի գիտության և կրթության զարգացման համար կան բազմաթիվ խնդիրներ, որոնցից մեկը նաև տարկետման խնդիրն է, որի լուծման համար պայքարը սկսվել է դեռևս 2017-ից և շարունակվում է մինչ այժմ։
Նրա խոսքով, պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի համակարգային փոփոխությունների հայեցակարգի սկզբունքների և մեխանիզմների մշակմանը մասնակցություն են ունեցել նաև «ԵՊՀ ռեստարտ» ուսանողական քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչները:
Հայկ Զաքարյանի հավաստմամբ, պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման՝ այս պահին գործող ընթացակարգը լի է բազմաթիվ խնդիրներով՝ կապված ինչպես կրթության և գիտության, այնպես էլ զինծառայության հետ. «Թերի համակարգն արդյունավետ և գործող ինստիտուտի վերածելու համար անհրաժեշտ են մտածված և ռացիոնալ քայլեր։ Այդ քայլերը պետք է հիմնված լինեն որոշ սկզբունքների և հայեցակարգերի վրա»:
Ըստ Հայկ Զաքարյանի՝ նախաձեռնության կողմից մշակվել են նաև պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու մեխանիզմները, որոնք հիմնված են գիտական ներուժի պահպանման, ալտերնատիվ ծառայության հայեցակարգերի և կրթության անընդհատության, մարդկային ռեսուրսների արդյունավետ կառավարման, ոլորտային տարանջատման սկզբունքների վրա:
Բանախոսը տարկետման տեղերի քանակի բաշխման և տրամադրման մեխանիզմներից կարևորեց «բրգային համակարգը». բրգային համակարգը ենթադրում է տրամադրվող տարկետման տեղերի բաշխում աճման կարգով՝ ըստ կրթական աստիճանների։ Նրա խոսքով, այս մեթոդը թույլ կտա ապահովել ուսանողների անհրաժեշտ քանակը գիտական ներուժի վերարտադրման և կրթության անընդհատության սկզբունքի պահպանման համար։
Հայկ Զաքարյանը քննարկման ընթացքում նաև ներկայացրեց իրենց իսկ կողմից մշակված պարտադիր զինվորական ծառայության այլընտրանքային եղանակները:
Խաչատուր Ներկարարյանի խոսքով, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքն այս ձևով թողնել չի կարելի, անհրաժեշտ են որոշ փոփոխություններ:
«Այս օրենքի կիրառման դեպքում ունենալու ենք մարդկային ռեսուրսների լրջագույն կորուստ: Բացի դրանից՝ օրենքի կիրառումը մի շարք խնդիրներ կառաջացնի նաև համալսարանի ներսում: Այժմ անհրաժեշտ է ՀՀ կառավարությանը ներկայացնել առաջարկությունները, որոնք լուծումներ են ենթադրում: Մենք պետք է ոչ թե ընդդիմանանք կառավարությանը, այլ ցույց տանք, որ մենք շահագրգռված ենք այս հարցում գտնել լուծումներ՝ ներկայացնելով լուրջ առաջարկություններ»,- հավելեց նա:
«Գիտական համայնք Հայաստան» նախաձեռնության անդամ Աստղիկ Հակոբյանը նշեց, որ պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի ընթացակարգը մեծ խոչընդոտ է, ուսանողները զբաղվեն գիտությամբ. այն խախտում է կրթության անընդհատության սկզբունքը: «Եթե բուհն ավարտելուց հետո ուսանողը խանդավառված է լինում գիտությամբ, ապա բանակում ծառայելուց հետո այդ խանդավառությունը պակասում է: Մենք առաջարկում ենք՝ տարկետում տրամադրվի լավագույն ուսանողներին ուսումը շարունակելու համար, ինչպես նախկինում էր, իսկ այժմ գիտությամբ զբաղվելն ուսանողների համար այլևս գրավիչ չէ»,- ասաց նա:
«Գիտական համայնք Հայաստան» նախաձեռնության անդամներն առաջիկայում նախատեսում են շարունակել պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի համակարգային փոփոխությունների հայեցակարգի սկզբունքների և մեխանիզմների մշակված տարբերակի վերաբերյալ հանրային քննարկումները:
Նադեժդա Տեր-Աբրահամյան