- Գլխավոր
- Նորություններ
- ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԶՈՐԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԼՈՐ-ՍԵՂԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ՈԼՈՐՏԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԵՏ
Մարտ 18, 2019 | 17:17
Կրթություն
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԶՈՐԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԼՈՐ-ՍԵՂԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ՈԼՈՐՏԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԵՏ
ԵՊՀ գրադարանի մասնաշենքի Ադամյան սրահում այսօր տեղի ունեցավ «Սոցիալական աշխատողների կրթության կազմակերպման մարտահրավերները համայնքային սոցիալական աշխատանքի կադրերի պատրաստման օրինակով» խորագրով կլոր-սեղան քննարկումը:
Միջոցառումն իրականացնում էր Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան, որին ներկա էին ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը, ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտիչյանը, «Վորլդ Վիժն Հայաստան»-ի ներկայացուցիչ Աիդա Մուրադյանը, ինչպես նաև ներկայացուցիչներ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանից, ՀՀ աշխատանքի և սոցիալական ու Տարածքային կառավարման և զարգացման նախարարություններից, Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտից, ՄԱԿ-ի մանկական, «Մանկական զարգացման», «Հայաստանի մանուկներ», «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական հիմնադրամներից, ինչպես նաև դասախոսներ Սոցիոլոգիայի ֆակուլտետից:
Քննարկման առանցքում ՀՀ բուհերում սոցիալական աշխատողների կրթության կազմակերպումն էր, կրթության և պրակտիկայի ներդաշնակեցումը:
Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանի տեղեկացմամբ, կլոր-սեղան քննարկման նպատակն է հրավիրել շահագրգիռ կողմերին, համալսարանական կրթություն ապահովող ներկայացուցիչներին, ինչպես նաև այն միջազգային կազմակերպություններին, որոնք տարիներ շարունակ աջակցում են այդ գործընթացին և միտված են լուծելու ոլորտում առկա խնդիրները:
Ողջունելով հյուրերին՝ Սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտիչյանն ընդգծեց, որ կլոր-սեղան քննարկմանը հաճելի է տեսնել ֆակուլտետի շրջանավարտներին, որոնք լուրջ գործունեություն են ծավալում տարբեր կազմակերպություններում. «Նշանակում է, որ ֆակուլտետը ճիշտ ճանապարհով է գնում»:
Խոսելով քննարկման առանցքային խնդրի մասին՝ դեկանը նշեց, որ պետք է ստեղծել մի համակարգ, որը կմիավորի բոլոր շահագրգիռ կողմերին. «Մասնագիտական դաշտում գործում են տարբեր սուբյեկտներ: Մեր նպատակն է համակարգել սուբյեկտների գործունեությունը, ինչպես նաև կրթական ջանքերը համակցել համապատասխան պետական և ոչ պետական գործակալների հետ»:
Անդրադառնալով «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ»
ծրագրի նպատակներին՝ «Վորլդ Վիժն Հայաստան»-ի ներկայացուցիչ Աիդա Մուրադյանը նշեց, որ ծրագրի նպատակն է աջակցել համայնքներին, ինչպես նաև օգնել առավել խոցելի ընտանիքներին. «Ծրագրի հիմնական նպատակն է հզորացնել համայնքային սոցիալական ծառայությունները»:
Մուրադյանի հավաստմամբ, որևէ համակարգ չի կարող աշխատել, եթե դրա տեսլականն անորոշ է: «Մեր գլխավոր նպատակն է խոսել համակարգի աշխատուժի և արհեստավարժության մասին: Ամենալավ մեթոդները, ծրագրերը և մեխանիզմները չեն կարող աշխատել, եթե «ո՞վ է այն անում» հարցի պատասխանը չունենք: Ես լիահույս եմ` մի օր կհասնենք այն արդյունքին, որ մարդկանց կբուժեն բժիշկները, դատարանում իրավապաշտպանություն կիրականացնեն իրավաբանները, իսկ սոցիալական աշխատանքով կզբաղվեն ոլորտի մասնագետները»,- ամփոփեց Ա. Մուրադյանը:
Քննարկման ընթացքում ներկաներն անդրադարձան նաև հեռավար ուսուցմանը,
բուհերի համակարգային մոտեցմանը և միավորված աշխատանքին:
ԵՊՀ սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դասախոս Եվգինե Վարդանյանը տեսապատկերի միջոցով ներկայացրեց «Համայնքային սոցիալական աշխատանք» դասընթացի մշակման աշխատանքները, իսկ ՀՀ բուհերում դրա ներդրման կազմակերպչական և բովանդակային հարցերին անդրադարձավ ֆակուլտետի դեկանի տեղակալ Անահիտ Սահակյանը:
Տեղեկացնենք, որ հանդիպումները, կլոր-սեղան քննարկումները, կարծիքների փոխանակումները շարունակական բնույթ են կրելու:
Անգին Խաչատրյան