ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒԽ-Ն ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ԷՐ ՊԱՆԵԼԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ
Քննարկման հրավիրյալ բանախոսներն էին պ.գ.դ., պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը, տնտ. գիտ. թեկն., դոցենտ Կառլեն Խաչատրյանը և իրավ. գիտ. թեկն. Լևոն Գևորգյանը:
![Discussion-at-the-Faculty-of-Law](/sites/default/files/styles/large_slide/public/migrated/images/U5160zuS8elNPnDlQcB0IfjSCh.jpg?h=bccd1fa5&itok=5WJGklVC)
Քննարկումը «Հայ-թուրքական հարաբերությունների զարգացման տնտեսական, քաղաքական, իրավական հեռանկարները և մարտահրավերները» թեմայով էր:
Ողջույնի խոսքով հանդես եկավ ՈՒԽ նախագահ Գոհար Ավագյանը՝ կարևորելով այս ձևաչափով քննարկումները:
Բանախոսներից յուրաքանչյուրը խնդրո առարկան դիտարկեց իր մասնագիտության սահմաններում, ինչի շնորհիվ միմյանց լրացնող տեսակետներով պանելային քննարկում ստացվեց:
Պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը ողջունեց միջոցառման կազմակերպումը, ընդգծեց ընտրված թեմայի տարողունակությունը՝ նշելով. «Երկու պետությունների միջև հարաբերությունների զարգացումը համաշխարհային քաղաքականությանը կապված խնդիր է։ Այն ենթադրում է մեծ քաղաքական «խաղի» որոշակի հանգուցալուծում»:
Կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանը նույնպես ողջունեց նախաձեռնությունը և շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին և մասնակիցներին: Բանախոսը թեմային անդրադարձավ տնտեսագիտական տեսանկյունից և հավելեց. «Քաղաքակիրթ աշխարհը պահանջում է, որ երկու երկրների միջև երկխոսությունը տեղի ունենա»։
Իրավաբան Լևոն Գևորգյանը շնորհակալություն հայտնեց հրավերի համար: Ամփոփելով թեմայի տնտեսական և քաղաքական բաղադրիչները՝ Լ. Գևորգյանն իրավական տեսանկյունից ներկայացրեց երկու երկրների միջև բանակցային գործընթացը՝ միջազգային իրավունքի համապատասխան։
Հանդիպման վերջում ծավալվեց ակտիվ քննարկում: