- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ՊՆ-ՀԲԸՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Մայիս 15, 2019 | 14:33
Քաղաքականություն
ԵՊՀ-ՊՆ-ՀԲԸՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետը մայիսի 14-ին հյուրընկալել էր ՀՀ ՊՆ և Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) ներկայացուցիչներին՝ քննարկելու ընթացիկ համագործակցությունների շրջանակը:
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը, ներկայացնելով համատեղ իրականացվող ծրագրերը, նշեց, որ դրանք միտված են արևելագիտության տարբեր ուղղությունների զարգացմանը և գտնվում են պետական կառույցների ուշադրության կենտրոնում:
«Ձևավորվել է համագործակցության շատ հետաքրքիր ձևաչափ՝ կրթական հաստատություն և պաշտպանական գերատեսչություն, իսկ կրթական ծրագրերին սատար է կանգնում ՀԲԸՄ-ն»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը, հավելելով որ ԵՊՀ-ն պատրաստակամ է դասախոսական ներուժը ծառայեցնելու պետական տարբեր կառույցների նպատակների իրագործմանը, խնդիրների լուծմանը:
Պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը շնորհակալություն հայտնեց ՀԲԸՄ-ին սատարելու համար՝ հույս հայտնելով, որ ձևավորված համագործակցությունը կլինի շարունակական:
«Կրթությունը և պետական կառույցները գտնվում են ընդհանուր շահի տիրույթում, և ձեր օգնությունը նպաստում է կրթական և պետական մի շարք խնդիրների լուծմանը: Մենք պատրաստ ենք մեր մասնագիտական գիտելիքներն ի սպաս դնել ՊՆ-ին, մեր պետությանը»,- ընդգծեց Ռուբեն Մելքոնյանը:
Պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը շնորհակալություն հայտնեց երկու կողմերին պատրաստակամության համար՝ նշելով, որ համագործակցության ձևաչափը շատ օրինակելի է:
ՀԲԸՄ Հայաստանի նախագահ, ՀԲԸՄ կենտրոնական վարչության անդամ Վազգեն Յակուբյանը, խոսելով ծրագրին աջակցելու մասին, նշեց. «Մեզ համար սա շատ կարևոր ծրագիր է: Մեր առաջնահերթությունը եղել է և կմնա Հայաստանի Հանրապետության հզորացումը տարբեր միջոցներով, որոնց մեջ կարևորներից մեկը կրթությունն է»:
Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Մենուա Սողոմոնյանը շեշտեց ԵՊՀ-ի պատրաստակամ վերաբերմունքը՝ նշելով, որ գործ ունենք այն դեպքի հետ, երբ կրթություն-աշխատաշուկա կապը հստակ արտահայտված է: Նա նշեց նաև, որ սկիզբ է դրվելու կրթական ծրագրերի մոնիթորինգի գործընթացին, որին ներգրավվելու են նաև շահառու կողմերը:
ԵՊՀ-ի ու ՀՀ ՊՆ-ի հետ շարունակական համագործակցության շրջանակում, ՀԲԸՄ-ի աջակցության շնորհիվ, նախորդ տարիներին իրականացվել են առողջապահական ու կրթական տարաբնույթ ծրագրեր:
Մարի Ռաֆյան