- Գլխավոր
- Նորություններ
- ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԿԱՆԱՆՑ ԴԵՐԻ ՄԱՍԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
Հոկտեմբեր 23, 2018 | 17:51
Հասարակություն
ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԿԱՆԱՆՑ ԴԵՐԻ ՄԱՍԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնում այսօր տեղի ունեցավ «Կանայք քրիստոնեության մեջ. ներառումից մինչև փոխակերպում» խորագրով հանդիպում:
Հանդիպման բանախոսն դոկտոր Ֆլորա Քեշկեկյանն էր: Նա ԱՄՆ-ի Բրաունի համալսարանում դասավանդել է «Կանանց ուսումնասիրություններ և ֆեմինիստական աստվածաբանություն» առարկան:
Քեշկեկյանը տարիներ շարունակ ծավալել է կանանց աջակցությանն ուղղված գործունեություն: Դոկտոր Քեշկեկյանի հետաքրքրությունների շրջանակում է բռնության երևույթների ուսումնասիրությունը:
Ֆլորա Քեշկեկյանը աջակցություն է ցուցաբերում նաև սեռական բռնության զոհ դարձած կանանց:
«Կանայք քրիստոնեության մեջ. ներառումից մինչև փոխակերպում» միջոցառման ընթացքում քննարկումներ ծավալվեցին քրիստոնեության մեջ կնոջ դերի, ակնկալիքների և փոխակերպումների մասին:
Միջոցառումը հնարավորություն տվեց մտորելու քրիստոնեական ավանդույթի և աստվածաբանության մեջ կանանց ներդրումների ու ազդեցությունների շուրջ: Ֆլորա Քեշկեկյանը տարիներ շարունակ հետազոտել է կանանց դերը քրիստոնեության մեջ: Նրա հեղինակած գրքերից են «Հույսի ժամանակը. այսօրվա աշխարհում ապրելու հմտությունները» («Time for Hope: Practices for Living in Today’s World») և «Արտացոլված Աստված. կյանքի մետոֆորներ» («God Reflected: Metaphors for Life»):
Սոցիոլոգիական գիտությունների թեկնածու, ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի դոցենտ, Հայաստանում կանանց ռեսուրսային կենտրոնի համահիմնադիր, ԵՊՀ գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնի տնօրեն Գոհար Շահնազարյանն ասաց. «Ֆեմինիստական աստվածաբանության շուրջ սա մեր առաջին քննարկումն է: Խոսելու ենք, թե կանայք քրիստոնեության մեջ ինչ դեր են ունեցել, ինչպես է փոխվել եկեղեցին կանանց ազդեցությունից»:
Ֆլորա Քեշկեկյանը կարևորեց նման հարցերի քննարկումը, քանի որ ընդունված է կարծել՝ Աստված տղամարդ է, տղամարդը՝ Աստված: Այս առումով շատ մարտահրավերներ կան հաղթահարելու:
Միջոցառման ավարտին մի շարք անկյունաքարային հարցերի շուրջ քննարկումներ ծավալվեցին:
Մարի Ռաֆյան