- Գլխավոր
- Նորություններ
- «ԴԱՐԵՐԻ ԽՈՐՔԻՑ». ԵՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՐՍԿԵՐԵՆՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ԱՌԱՋԻՆ ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Փետրվար 20, 2019 | 16:27
«ԴԱՐԵՐԻ ԽՈՐՔԻՑ». ԵՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՐՍԿԵՐԵՆՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ԱՌԱՋԻՆ ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնն այսօր կազմակերպել էր «Դարերի խորքից» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը:
Ցուցադրությանը ներկա էր նաև ֆիլմի սցենարի հեղինակ և ռեժիսոր Ռոբերտ Մաթոսյանը: Նա բազմաթիվ վավերագրական ֆիլմերի, սցենարների և կինոյի մասին գրքերի, հոդվածների հեղինակ է: 1969-90 թթ. հիմնադրել և խմբագրել է կինեմատոգրաֆիստների միության «Ֆիլմ» թերթը:
ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը նշում է, որ Ռոբերտ Մաթոսյանի ստեղծագործություններն իրենց զգալի դերն են ունեցել ընթերցողների և առհասարակ՝ հանդիսատեսի ինտելեկտուալ և գեղագիտական մտքի ձևավորման հարցում:
Իսկ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը Ռոբերտ Մաթոսյանի խմբագրած «Ֆիլմ» թերթի խմբագրությունը համարում էին ազատ խոսքի խոսափող:
ԵՊՀ իրանագիտության ամբիոնի ասիստենտ, բ.գ.թ. Նունիկ Դարբինյանը, ներկայացնելով փաստագրական ֆիլմերի առանձնահատկությունները, նշեց, որ ժանրը կարևոր է, քանի որ նկարագրում է իրականությունն ինչպես որ այն կա:
Նա ասաց, որ փաստագրական ժանրն իրանական կինոյի անբաժան մասն է:
Խորհրդային տարիներին պատկերացումները երկրների մասին այլ էին, օրինակ՝ հայերի համար Հայաստանը դիտվում էր որպես երազանքների երկիր, իսկ անկախացումից հետո այդ պատկերը փոխվեց: Այս ֆիլմը եղավ առաջինը, որ ներկայացրեց իրականությունը:
Ռոբերտ Մաթոսյանը պատմեց, թե ինչպես էին անցկացվում նկարահանումները նորանկախ Հայաստանում: Նա վերհիշեց, թե ինչպես էին էլեկտրաէներգիայի ընդհատումների պատճառով ստիպված սարքավորումները լիցքավորում մետրոյում: Նա մատնանշեց նաև ֆիլմի արևելյան տեմպը, երաժշտությանը:
Ֆիլմում իրենց ուրույն տեղն ունեին Միջին Արևելքի արվեստի թանգարանի առաջին ցուցադրությունը, Հայաստանում առաջին պարսկական դպրոցը, Երևանի Կապույտ մզկիթը:
Ֆիլմը վավերագրել էր ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի բացման միջոցառումը, ինչպես նաև Արևելագիտության ֆակուլտետի հիմնադիր և առաջին դեկան Գեորգի Նալբանդյանի ելույթը:
Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը, շնորհակալություն հայտնելով ռեժիսորին և ներկաներին, կարևորեց ուսուցչի կոչումը, որ կրում էին թե՛ առաջին պարսկերենի ուսուցիչները, թե՛ դասախոսները:
Ի դեպ, Ռոբերտ Մաթոսյանն ուսմանը զուգահեռ աշխատել է համալսարանի կինո-ֆոտո լաբորատորիայում՝ «Երևանի համալսարան» թերթին ապահովելով իլյուստրացիաներ:
Մարի Ռաֆյան