- Գլխավոր
- Նորություններ
- ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՀԵՌԱՎԱՐ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ Է ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ
Մարտ 25, 2020 | 20:07
Կրթություն
ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՀԵՌԱՎԱՐ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ Է ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ
Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում մարտի 20-ին տեղի է ունեցած առցանց ուսուցման կազմակերպման վերաբերյալ խորհրդակցությունից հետո՝ երեք օր անց՝ մարտի 23-ից, սկսվել է դասացուցակով (լսարանային ուսուցման) նախատեսված բոլոր առարկաների առցանց դասավանդումը:
Դասավանդման գործընթացի իրականացման մասին զրուցել ենք ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանի և դեկանի տեղակալ Կարեն Եղոյանի հետ։ Մինչև արտակարգ դրության ավարտը ֆակուլտետում ուսումնական գործընթացի կազմակերպման և վերահսկողության պատասխանատու Կարեն Եղոյանն է:
Նշենք, որ այս ընթացքում ֆակուլտետում դասավանդվող առարկաների մեծ մասի դասախոսներն առարկայի վերաբերյալ բոլոր անհրաժեշտ նյութերն ուղարկել են ուսանողներին, իսկ ոմանք էլ արդեն հասցրել են տարբեր հարթակներում անցկացնել առցանց դասընթացներ:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում դասերի անցկացումը վերահսկելու նպատակով մշակվել և դասախոսներին են ուղարկվել հաշվետվության ձևեր, որոնք դասախոսը յուրաքանչյուր շաբաթվա համար պետք է լրացնի և ուղարկի ամբիոնի վարիչին (մագիստրոսական ծրագրի դեպքում՝ ծրագրի ղեկավարին): Վերջինս յուրաքանչյուր երեքշաբթի, հիմնվելով դասախոսների հաշվետվությունների վրա, պետք է ամփոփ հաշվետվություն ներկայացնի ֆակուլտետի յուրաքանչյուր ամբիոնի (մագիստրոսական ծրագրի) նախորդ շաբաթվա առցանց ուսուցման կատարողականի վերաբերյալ:
Մեզ հետ զրույցում ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանն ասաց, որ ստացված հաշվետվության տվյալներով դասախոսական կազմի 70 և ուսանողության 50 տոկոսից ավելին ներգրավված է հեռավար ուսուցման գործընթացում:
«Ուսանողներից շատերը մեծ խանդավառությամբ են մասնակցում այս գործընթացին: Չնայած առկա ուսուցումն իր արդյունավետությամբ առաջին տեղում է, սակայն նմանօրինակ փորձից հետո, մենք կարծում ենք, որ հնարավոր է որոշ դասընթացներ հետագայում էլ իրականացնել հեռավար ձևով»,- նշեց նա:
Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանի տեղակալի, մինչև արտակարգ դրության ավարտը ֆակուլտետում ուսումնական գործընթացի կազմակերպման և վերահսկողության պատասխանատու Կարեն Եղոյանի գնահատմամբ, այս պահին հեռավար ուսումնական գործընթացը թե՛ առկա և թե՛ հեռակա համակարգում ընթանում է բնականոն հունով:
«Մենք մշտական կապի մեջ ենք բոլոր դասախոսների հետ և ամեն շաբաթվա հաշվետվությունից հետո ամեն ինչ անում ենք՝ հեռավար ուսուցումն ավելի արդյունավետ և հասանելի դարձնելու համար»,- ասաց նա:
Մարինա Առաքելյան