- Գլխավոր
- Նորություններ
- ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ՕՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
Հոկտեմբեր 25, 2019 | 16:10
Հասարակություն
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ՕՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում այսօր մասնագիտական կողմնորոշման օր էր։
Շիրակի մարզի տարբեր դպրոցների 10-12-րդ դասարանների աշակերտներն այցելեցին համալսարան, եղան ԵՊՀ Լյուդվիգ Ղարիբջանյանի անվան պատմության թանգարանում և հնարավորություն ունեցան զրուցելու Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանի հետ։
Աշակերտներին ԵՊՀ-ում դիմավորեց Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանի տեղակալ Մարտին Թովմասյանը և ուղեկցեց թանգարան:
Թանգարանում աշակերտները տեսան համալսարանի անվանի պրոֆեսորների ընծայագրերով հազվագյուտ գրքեր ու գիտական աշխատություններ, դասախոսությունների և հուշերի ձայնագրություններ, համալսարանի պատմությանը վերաբերող արխիվային կարևորագույն փաստաթղթեր, լուսանկարներ, ֆիլմեր: Նրանք շրջեցին թանգարանում, ծանոթացան նաև 100-ամյա ԵՊՀ-ում պահվող բացառիկ նմուշներին:
Այնուհետև Շիրակի մարզի ավագ դպրոցի աշակերտները հյուրընկալվեցին ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Գեղամ Պետրոսյանի աշխատասենյակում։
Գ.Պետրոսյանը ողջունեց նրանց և համառոտ ներկայացրեց ֆակուլտետի պատմությունն ու սիրով պատասխանեց բոլոր հարցերին։
«Հայաստանի անկախացումից հետո բուհ ու միջազգային հարաբերություններ ուսումնասիրող ֆակուլտետ ունենալը խիստ անհրաժեշտություն էր դիվանագիտական կադրեր պատրաստելու համար։ Այդ առաքելությունը կատարեց ֆակուլտետի հիմնադիր, նախկին դեկան, շատ սիրելի դասախոս, պրոֆեսոր Էդիկ Զոհրաբյանը»,- նշեց Գ․Պետրոսյանը։
Խոսելով ֆակուլտետի ուսանողների թվի մասին՝ դեկանն ասաց, որ հիմնադրման առաջին տարում ֆակուլտետն ունեցել է 200 ուսանող, իսկ այսօր նրանց թիվը գերազանցում է 1800-ը։
Դեկանն ու ֆակուլտետի ապագա դիմորդները զրուցեցին նաև ֆակուլտետի կազմավորման, ընդունելության ու հարակից այլ թեմաների մասին։
Մարինա Առաքելյան