- Գլխավոր
- Նորություններ
- «ԳԱՐՆԱՆ ԱՎԵՏՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԵՊՀ-ՈՒՄ
Մարտ 01, 2022 | 17:21
Մշակույթ
«ԳԱՐՆԱՆ ԱՎԵՏՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Լ. Ղարիբջանյանի անվան պատմության թանգարանում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ պատմության թանգարանի արխիվի վարիչ, ժողովրդական վարպետ Նելլի Գևորգյանի կոլաժների անհատական ցուցահանդեսը:
Բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ պատմության թանգարանի տնօրեն Հեղինե Գասպարյանը: Նա շնորհավորելով Ն. Գևորգյանին ու ներկաներին ցուցահանդեսի բացման առթիվ՝ նշեց. «Պատահական չէ, որ Նելլի Գևորգյանն արդեն 20-րդ անգամ է, ինչ իր կոլաժների ցուցահանդեսի բացումն անում է գարնանամուտին, որը հատուկ խորհուրդ ունի: Այդ առիթով ցանկանում եմ շնորհավորել բոլորիս գարնան այս գեղեցիկ օրվա կապակցությամբ՝ հայ ժողովրդին մաղթելով խաղաղություն ու կապույտ երկինք»:
Ցուցահանդեսին ներկա էին ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, հարազատներ, ընկերներ և ուսանողներ: Նկարիչ Մայիս Մխիթարյանը շնորհավորական իր խոսքում նշեց տիկին Գևորգյանի աշխատանքների ինքնատիպության մասին. «Այստեղ հավաքվել են մարդիկ, որոնք կրում են լույսն ու Աստծո սերը: Նելլին ապրում է արվեստով, նա հենց արվեստի միջոցով փոխանցում է այն գեղեցիկ ու սիրով լեցուն աշխարհը, որը կրում է»:
ԵՊՀ պատմության թանգարանի արխիվի վարիչի խոսքով, կոլաժների հիմնական գաղափարը թափոններին երկրորդ կյանք պարգևելն է: Նրա ստեղծագործական գործունեության շնորհիվ նոր շունչ են ստացել ավելի քան 500 կտավ, որոնց մեծ մասը նվիրել է հարազատներին, ընկերներին կամ պարզապես անծանոթներին:
Առաջիկայում Նելլի Գևորգյանը պատրաստվում է թողարկել կոլաժային աշխատանքների նոր ալբոմ, որը կլրացնի հեղինակի կոլաժային ցուցահանդեսների 10-ամյակին նվիրված «Նելլի Գևորգյանի աշխատանքների ժողովածու» գրքին, որտեղ ներառված են եղել 135լավագույն աշխատանքները:
Ցուցադրությունը բաց է մարտի 1-ից մինչև մարտի 15-ը: