- Գլխավոր
- Նորություններ
- «ՀԱՅԿԱԿԱՆ ԳԱՂԹՕՋԱԽՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐՆ ԱՄԵՆ ԿԵՐՊ ՊԱՀՊԱՆՈՒՄ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ». ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ «ՍՓՅՈՒՌՔԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԵՎ ԵՐԳՉԱԽՄԲԵՐԻ ԽՄԲԱՎԱՐՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԸ»
Հուլիս 24, 2019 | 15:44
Հասարակություն
«ՀԱՅԿԱԿԱՆ ԳԱՂԹՕՋԱԽՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐՆ ԱՄԵՆ ԿԵՐՊ ՊԱՀՊԱՆՈՒՄ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ». ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ «ՍՓՅՈՒՌՔԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԵՎ ԵՐԳՉԱԽՄԲԵՐԻ ԽՄԲԱՎԱՐՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԸ»
Հուլիսի 21-ից օգոստոսի 2-ը ՀՀ վարչապետի անձնակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից կազմակերպվել է «Սփյուռքի ազգային պարի ուսուցիչների և երգչախմբերի խմբավարների վերապատրաստման դասընթացներ», որոնք իրականացնում է ԵՊՀ մշակույթի կենտրոնը:
Տարիներ շարունակ իրականացվող ծրագրի նպատակը մեկն է՝ապահովել սփյուռքի համար մասնագետների վերապատրաստում և կատարելագործում:
Ամառային դպրոցը սփյուռքահայության համար դառնալու է ազգային երգի ու պարի, մշակութային արժեքների պահպանման ու փոխանցման, մասնագետների վերապատրաստման հաստատուն կենտրոն Հայաստանում:
«Սփյուռքի ազգային պարի ուսուցիչների և երգչախմբերի խմբավարների վերապատրաստման դասընթացների» մասին ysu.am-ը զրուցել է ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանի հետ:
Վերջինս տեղեկացրեց, որ դասընթացներին մասնակցում են Ռուսաստանի Դաշնության, Վրաստանի, Իրաքի, Հունաստանի, Գերմանիայի, Աբխազիայի, Իրանի հայ համայնքների ներկայացուցիչները, իսկ վերապատրաստումներն անցկացնում են ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախմբի ղեկավար Կարեն Սարգսյանը, պարը՝ Անի Օրդյանը, Անի Կարապետյանն ու «Կարին» ավանդական երգի և պարի համույթի պարուսույցներից Կորյուն Դավթյանը:
Դասընթացներն անցկացվում են տարբեր ուղղություններով: Սփյուռքի մեր հայ համայնքների ներկայացուցիչները զինվում են հայ հոգևոր, ժողովրդական, էստրադային, ջազ, մանկական, ծիսական, աշխատանքային երգերի մասին նոր տեսական և գործնական գիտելիքներով, ծանոթանում են հայկական տարազներին, ավանդական պարաձևերին, բեմի ձևավորմանը, պարողի բեմական կեցվածքին, կերպարային զգացողությանը, հանդերձանքին և դրանց տարրերի գործածությանը»,- նշեց Կ. Դավթյանը:
Այս ամենին զուգընթաց՝ դասընթացների մասնակիցները հանդիպելու են հայ երգի և պարի ոլորտում առաջատար մասնագետներին, որոնք անցկացնելու են վարպետության դաս՝ ներկայացնելով իրենց առաջավոր ու հաջողակ փորձը:
Ամառային դպրոցի ընթացքում նախատեսվում են նաև մասնակիցների այցելություններ թանգարաններ, մշակութային կենտրոններ, հայ գրողների տուն-թանգարաններ:
Այս ամենն ավելի հաստատուն և ամուր է դարձնելու հայրենիք-սփյուռք կապը, ընդլայնելու և զարգացնելու է սփյուռքի մեր հայրենակիցների տեսական և գործնական գիտելիքները:
Իրանի հայ գաղթօջախը ներկայացնող Ալինա Գրիգորյանը Նոր Ջուղայի հայ մարզամշակութային «Արարատ» միության Շահինշահրի մասնաճյուղի «Էրեբունի» պարախմբի ղեկավար-պարուսույցն է:
Մեզ հետ զրույցում նա կիսվեց իր տպավորություններով, խոսեց հայրենիքում անցնող իր հետաքրքիր օրերի և նպատակների մասին:
Ալինան առաջին անգամ է մասնակցում «Սփյուռքի ազգային պարի ուսուցիչների և երգչախմբերի խմբավարների վերապատրաստման դասընթացներին». «Չորս օր է՝ այստեղ եմ, բայց տպավորություններս այնքան մեծ են, որ ես գոհ ու երջանիկ վերադառնալու եմ Իրան: Այստեղ մեզ շատ լավ են վերաբերվում, իսկ մասնագետների փոխանցած փորձն ու տեսական գիտելիքները մենք փոխանցելու ենք մեր աշակերտներին»:
Ալինայի համոզմամբ, Իրանում հայկական գաղթօջախի աշակերտները պահպանում են մշակութային մեր արժեքները և փոխանցում սերունդներին. «Թող թյուր կարծիք չստեղծվի, թե հայրենիքից դուրս գտնվողները ձուլվում են տվյալ երկրի մշակութային արժեքներին՝ չպահպանելով սեփականը. հայկական գաղթօջախների ներկայացուցիչներն ամեն կերպ պահպանում են հայկական մշակույթի ինքնությունը»:
Նրա նպատակը Հայաստանում և հայրենիքից դուրս ապրող սերունդների կապը պահպանելն է, մշակութային ժառանգությունը փոխանցելն ու ամրացնելը:
Պատրաստեց Անգին Խաչատրյանը