- Գլխավոր
- Նորություններ
- ՌՈՒՍ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆ ՎԵՐԸՆՏՐՎԵՑ ՊԱՎԵԼ ԲԱԼԱՅԱՆԸ
Հոկտեմբեր 02, 2018 | 17:58
Կրթություն
ՌՈՒՍ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆ ՎԵՐԸՆՏՐՎԵՑ ՊԱՎԵԼ ԲԱԼԱՅԱՆԸ
Այսօր ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետում կայացավ ֆակուլտետի գիտխորհրդի նիստ, որի օրակարգում մեկ հարց էր՝ դեկանի ընտրություն:
Ռուս բանասիրության դեկանի ընտրությունը սկսվեց մեկ րոպե լռությամբ՝ հարգելով Շառլ Ազնավուրի հիշատակը:
Նիստին ներկա էր ԵՊՀ ընդհանուր հարցերի գծով պրոռեկտոր Արարատ Մալխասյանը:
Նիստը ղեկավարում էր Ռուսաց լեզվի ամբիոնի (հումանիտար ֆակուլտետների համար) վարիչ Սուսաննա Լալայանը:
Խոսքը տրամադրվեց դեկանի միակ թեկնածու Պավել Բալայանին: Նա իր ելույթում անդրադարձավ ֆակուլտետում առկա ամենակարևոր խնդիրներին, ինչպես նաև առաջարկեց լուծման տարբերակները:
«Այսօր Ռուս բանասիրության ֆակուլտետում սովորում է 175 ուսանող, ինչը մեր ֆակուլտետի համար այդքան էլ լավ ցուցանիշ չէ: Առաջարկում եմ 2-րդ և 3-րդ կուրսերի ուսանողներ համար, ովքեր ցանկանում են բարձրացնել ռուսաց լեզվի իմացության մակարդակը, ստեղծել մինիմալ վարձավճարով մեկամյա լեզվի դասընթացներ»,- ասաց Բալայանը:
Դեկանի թեկնածուն խոսեց նաև Ռուս բանասիրության ֆակուլտետ ընդունվելու խնդիրների մասին. «Ռուսաց լեզվի քննական թեստը 80 տոկոսով կրկնում է Ռուսաստանում գործող ընդունելության քննությունների հարցաշարը, իսկ բանավոր քննության հարցաշարն իր մեջ ներառում է հարցեր 19-20-րդ դարերի գրականության վերաբերյալ, նախադասության ձևաբանական ու շարահյուսական վերլուծություն, ինչը խնդրահարույց է»:
Պավել Բալայանն առաջարկեց կրճատել մագիստրատուրայում առկա դասընթացների տևողությունը՝ այն դարձնելով մեկուկեսամյա, ինչի արդյունքում ուսանողները կստանան մանկավարժի որակավորում:
Դեկանի թեկնածուի խոսքից հետո ելույթ ունեցան ֆակուլտետի դասախոսները, ովքեր շնորհակալություն հայտնեցին Պավել Բալայանին կատարած աշխատանքի համար: Բոլոր ամբիոնների դասախոսները վստահ էին, որ նա իր առջև դրված գործը շարունակելու է գերազանց կատարել:
Ելույթների ավարտից հետո տեղի ունեցավ փակ քվեարկություն, որի արդյունքում 26 կողմ, 1 դեմ ձայներով Պավել Բալայանը վերընտրվեց Ռուս բանասիրության ֆակուլտետի դեկան:
Նիստի վերջում ԵՊՀ ընդհանուր հարցերի գծով պրոռեկտոր Արարատ Մալխասյանը գոհունակությամբ խոսեց դեկանի ծրագրի մասին, շնորհավորեց նրան վերընտրվելու կապակցությամբ:
Մարինե Առաքելյան