- Գլխավոր
- Նորություններ
- ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՐԿՕՐՅԱ ՍԵՄԻՆԱՐ ԵՊՀ-ՈՒՄ
Հոկտեմբեր 15, 2018 | 15:50
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՐԿՕՐՅԱ ՍԵՄԻՆԱՐ ԵՊՀ-ՈՒՄ
Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում մեկնարկեց «Գիտական հետազոտությունների որակի ապահովումը» խորագրով տարածաշրջանային երկօրյա սեմինարը:
Սեմինարը կազմակերպվում է «Erasmus+» ծրագրի բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների տեխնիկական աջակցության առաքելության շրջանակում:
Երկօրյա սեմինարի հիմնական նպատակն է մշակել ուսումնական գործընթացի համար որակի ապահովման հատուկ մեխանիզմներ, որոնց շնորհիվ գիտահետազոտական ուսումնասիրությունները կարող են ավելի արդյունավետ ու նպատակային դառնալ, հատկապես կրթական երրորդ մակարդակում:
Սեմինարի ժամանակ ելույթ ունեցան տարբեր երկրներից ժամանած բարձրագույն կրթության բարեփոխման փորձագետներ, ովքեր ներկայացրին բարեփոխումների սեփական փորձը՝ անդրադառնալով այդ փորձի պատմությանը, առավելություններին ու թերություններին:
Խորվաթիայի Զագրեբի համալսարանի բարձրագույն կրթության փորձագետ Մելիտա Կովաչևիչը ելույթում առանձնահատուկ շեշտեց համալսարանում անցկացվող հետազոտությունների անհրաժեշտությունն ու կարևորությունը, ինչպես նաև անդրադարձավ, թե ինչպես է այդ հետազոտությունների որակն ազդում համալսարանի հեղինակության վրա:
Շվեդիայի Լունդի համալսարանի փորձագետ Ալլեհ Չերպն էլ խոսեց պետական և մասնավոր համալսարանների կադրերի մշակման քաղաքականության, ինչպես նաև համալսարանների կրթական բարեփոխումների, թեզերի թեմաների ընտրության և հաստատման կարգի մասին. « Մեր բուհերի ուսումնական գործընթացում ներառված են նաև աշխատանքային դասընթացներ, որոնք հնարավորություն են տալիս սովորողին աշխատել և փորձ ձեռք բերել հենց ուսումնառության ընթացքում»:
Կրթության փորձագետ Քրիստինե Ծատուրյանը ներկայացրեց այն հիմնական մարտահրավերները, որոնք առկա են մեր կրթական համակարգում: Ըստ բանախոսի՝ անցումը սովորողից հետազոտողի դժվար է տեղի ունենում: Դրա համար կան մի շարք պատճառներ՝ դասավանդման ծրագրերի բացթողումներ, սեմինարների սակավություն, հետազոտության անցկացման պայմանների բացակայություն և այլն:
Դասախոսի գերծանրաբեռնվածությունը նրան թույլ չի տալիս անհրաժեշտ ուշադրություն դարձնել թեզերի որակին, արդիականությանը:
«Այստեղ պետք է նաև խոսեմ կրթության ոլորտի ֆինանսավորման խնդրի մասին, որը կազմում է ՀՆԱ-ի 0,25 տոկոսը: Նշեմ, որ աշխարհում միջին ցուցանիշը 2,27 տոկոս է:Իհարկե, մենք պետք է վերանայենք այս մոտեցումը, քանի որ առանց ֆինանսավորման կրթական բարեփոխումները դժվար է պատկերացնել»,-ասաց բանախոսը:
Վրաստանի Իլիի պետական համալսարանի կրթության փորձագետ Քեթևան Գուրչիանին էլ ընդգծեց վրացական կրթական համակարգի մարտահրավերները, որոնցից առանձնացրեց, այսպես կոչված, «մեկուսացման» հաղթահարումը:
«Վրաստանի բուհերն ակտիվ մասնակցում են միջազգայնացման գործընթացին, բարեփոխում են կրեդիտային համակարգը, միջազգային գիտական ամսագրերում հրապարակում են գիտական հոդվածներ: Բացի դրանից՝ Վրաստանում գործում են շարժունակությանը նպաստող փոխանակման ծրագրեր, որոնց շնորհիվ հաղթահարվում է նաև արտաքին մեկուսացումը»:
Սեմինարի վերջում ներկաները հնարավորություն ունեցան փորձագետներին ուղղելու կրթական ոլորտին վերաբերվող իրենց հուզող հարցերը: