- Գլխավոր
- Նորություններ
- «ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ ՍՏԱՑԱԾ ԿՐԹՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՍԱՆՈՂԻՆ ՏԱԼԻՍ Է ԱՆՁԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ, ԱԶԳԱՅԻՆ ՈՒ ՀԱՄԱՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՐԵՎՈՐ ԱՐԺԵՔՆԵՐ ԿՐԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ». ՄԱՐԻԵՏԱ ՄԿՐՏՉՅԱՆ
Ապրիլ 25, 2022 | 15:59
Կրթություն
Գիտություն
Ուսանողական
«ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ ՍՏԱՑԱԾ ԿՐԹՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՍԱՆՈՂԻՆ ՏԱԼԻՍ Է ԱՆՁԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ, ԱԶԳԱՅԻՆ ՈՒ ՀԱՄԱՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՐԵՎՈՐ ԱՐԺԵՔՆԵՐ ԿՐԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ». ՄԱՐԻԵՏԱ ՄԿՐՏՉՅԱՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Մարիետա Մկրտչյանը «Էրազմուս+» միջազգային ծրագրի շրջանակում կրթություն է ստացել Ֆրանսիայի Լիլի համալսարանում: Նա պատմել է իր ճամփորդության, տպավորությունների, այնտեղ ստացած կրթության մասին:
Ֆրանսերենն ինձ համար ոչ թե սիրո, այլ մարտահրավերների լեզու է:
Ֆրանսերենի հանդեպ հետաքրքրություն միշտ եմ ունեցել։ Ինձ համար այն մարտահրավերների լեզու է: Իսկ որտեղ կան մարտահրավերներ, չես հասցնում ձանձրանալ։ Անընդհատ կա ինքնակատարելագործման ձգտում, և այս էր պատճառը, որ ընտրեցի հենց ֆրանսերեն լեզվի և գրականության բաժինը։
Լեզվի յուրացման համար կենսական նշանակություն ունի լեզվակիրների հետ մեկտեղ ապրելն ու սովորելը:
Ծրագրի հայտարարությունը տեսել էի ԵՊՀ կայքէջում, սակայն, բացի դրանից, ֆրանսիական բանասիրության ամբիոնում արվում է ամեն ինչ, որ մենք` ուսանողներս, տեղեկացված լինենք նման հնարավորություններից ու ծրագրերից։
Փոխանակման ծրագրերի մասին գիտեի մինչ բուհ ընդունվելս, սակայն միայն սովորելու ընթացքում սկսեցի գիտակցել արտերկրում ուսումը շարունակելու անհրաժեշտությունը. լեզվամտածողության ձևավորման համար շատ կարևոր է երկիրը ներսից ճանաչելը։
Առանց համալսարանի դրսևորած շահագրգռվածության՝ չափազանց դժվար կլիներ ամեն ինչ:
ԵՊՀ-ն միանշանակ գործադրում է մեծ ջանքեր՝ արտերկրի համալսարանների հետ համագործակցության եզրեր փնտրելու և ամրապնդելու համար։ Թեև մեկ կիսամյակ եմ սովորել Ֆրանսիայում և լիարժեք չեմ պատկերացնում այնտեղի կրթական ողջ համակարգը, այնուամենայնիվ կարող եմ նշել, որ, ի տարբերություն Լիլի համալսարանի, Մայր բուհում ստացած կրթությունն ուսանողին տալիս է անձի ձևավորման, ազգային ու համամարդկային կարևոր արժեքներ կրելու հնարավորություն։
Հայաստանում և Ֆրանսիայում ուսանողներին կրթելու հարցում մոտեցումները շատ տարբեր են:
Տարբերությունները մոտեցումների հարցում, իհարկե, շատ են, սակայն ամենակարևորն այն է, որ արտերկրում ուսանողը սովորում է ոչ թե մեծ մասամբ տրված նյութը վերարտադրելով (ինչպես մեզ մոտ է), այլ ունի բավարար ազատություն՝ ինքնուրույն կողմնորոշվելու թե՛ դասերի ընտրության, թե՛ մեթոդների բազմազանության, թե՛ գործնականում դրանց կիրառման հարցերում։
Փոխանակման ծրագրերը բացառիկ հնարավորություն են ընձեռում...
Փոխանակման ծրագրերն ինքնաբացահայտման, հմտությունների զարգացման, գիտելիքների կրկնապատկման, նոր մշակույթներին ծանոթանալու և լավ ընկերներ ձեռք բերելու լավագույն հնարավորություն են ստեղծում. չի կարելի այն բաց թողնել...
Մարինե Մկրտչյան