- Գլխավոր
- Նորություններ
- ԱՊԱԳԱ ՄԻՋԱԶԳԱՅՆԱԳԵՏՆԵՐՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ ԵՆ ԵՄ ՄՈԴԵԼԸ. ՍԻՄՈՒԼՅԱՑԻՈՆ ԽԱՂ ԵՊՀ-ՈՒՄ
Դեկտեմբեր 10, 2021 | 17:48
Հասարակություն
ԱՊԱԳԱ ՄԻՋԱԶԳԱՅՆԱԳԵՏՆԵՐՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ ԵՆ ԵՄ ՄՈԴԵԼԸ. ՍԻՄՈՒԼՅԱՑԻՈՆ ԽԱՂ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ՈՒԽ գիտակրթական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպված «ԵՄ մոդել» սիմուլյացիոն խաղի երրորդ փուլը:
Նպատակը դասընթացների ու բանախոսների հետ քննարկումների միջոցով ԵՄ թեկնածու երկրների անդամության հարցն է: Խաղի առաջին ու երկրորդ փուլերը տեղի են ունեցել Ծաղկաձորում, որտեղ բանախոսները հանդես են եկել ելույթներով՝ մանրամասն ներկայացնելով խաղի ձևաչափը, տեղի են ունեցել ԵՄ անդամակցության հայտ ներկայացնող երկրների առաջին լսում և քննարկումներ 3 ինստիտուտների շրջանակում:
Միջոցառման մասնակիցներին ողջունեց Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի, ֆակուլտետի ՈՒԽ գիտակրթական հանձնաժողովի պատասխանատու Մանե Ստեփանյանը՝ ազդարարելով խաղի եզրափակիչ փուլի մեկնարկը:
Նշենք, որ մասնակիցները նախապես բաժանվել են ըստ պաշտոնների. ոմանք Եվրահանձնաժողովի անդամներ են, մի մասը՝ Եվրախորհրդի, մյուսներն էլ՝ այն երկրների (Հյուսիսային Մակեդոնիա, Հյուսիսային Ալբանիա, Սերբիա), որոնք Եվրոպական միությանն իրենց անդամակցության թեկնածությունն են առաջադրել: Նրանք հանդես եկան նախապես պատրաստած ելույթներով, բանակցեցին ու բանավիճեցին միմյանց հետ՝ փորձելով ապացուցել միջազգային կազմակերպություններին, որ իրենց ներկայացրած երկրները պետք է ԵՄ լիիրավ անդամ դառնան:
Ելույթներից հետո տեղի ունեցավ ԵՄ մարմինների կողմից քվեարկություն կառույցի ընդլայնման վերաբերյալ:
Մ. Ստեփանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ խաղը շատ մեծ արձագանք է ստացել, մասնակցելու համար բազմաթիվ ուսանողներ են դիմել, որոնցից ընտրվել են 29-ը. «Ընտրություն կատարելիս հաշվի ենք առել ուսանողների գիտելիքները, հմտություններն ու տարբեր անձնային հատկանիշներ, ինչպես նաև այն, թե որքանով են նրանք տեղեկացված Եվրոպական միության մասին»:
Նա հույս հայտնեց, որ նախաձեռնությունը պարբերական բնույթ է կրելու, և ուսումնասիրվելու են ոչ միայն ԵՄ-ի, այլև միջազգային այլ կազմակերպությունների մոդելները:
Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Տիգրան Աղաջանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ խաղն իսկապես ստացված էր. «Այն հնարավորություն է տվել մեր ունեցած տեսական գիտելիքները կիրառելու պրակտիկայում և, որ ամենակարևորն է մեր մասնագիտության համար, ձեռք բերելու բանակցային հմտություններ»:
Խաղի ավարտին միջոցառման մասնակիցներին հավաստագրեր հանձնվեցին: