- Գլխավոր
- Նորություններ
- ԿՈՐԵԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՑԵՐԵԿՈՒՅԹ ԵՎ ԿՈՐԵԵՐԵՆ ՍՈՎՈՐԱԾ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՆՁՆՈՒՄ
Մայիս 29, 2019 | 18:36
Մշակույթ
ԿՈՐԵԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՑԵՐԵԿՈՒՅԹ ԵՎ ԿՈՐԵԵՐԵՆ ՍՈՎՈՐԱԾ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՆՁՆՈՒՄ
ԵՊՀ մշակույթի կենտրոնում այսօր տեղի ունեցավ կորեական մշակույթին նվիրված ցերեկույթ, որի ավարտին կորեերենի ուսուցման դասընթացին մասնակցող ուսանողները ստացան ավարտական վկայականներ:
Ցերեկույթը նվիրված էր ԵՊՀ հիմնադրման 100-ամյակին:
Ներկաների թվում էին ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանը, Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Մենուա Սողոմոնյանը, Գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Արսեն Բաբաջանյանը, ՀՀ-ում «Կորեա հիմնադրամ»-ի ներկայացուցիչ Փաք Հի Սուն, ԵՊՀ տարբեր ֆակուլտետներ ուսանողներ:
Արթուր Իսրայելյանը, որը ԵՊՀ-ում համակարգում է կորեերենի աշխատանքները, մեզ հետ զրույցում նշեց, որ վաղուց մտադրություն կար ԵՊՀ-ում, բացի չինարենից և ճապոներենից, կազմակերպելու նաև կորեերենի դասընթացներ:
«Իմ նպատակներից մեկն էր ԵՊՀ-ում ասիական երեք լեզուների (չինարեն, ճապոներեն և կորեերեն) դասավանդումը: Կորեացիների հետ ես աշխատում եմ 2010 թվականից: Ձեռնամուխ լինելով ծրագրի իրագործմանը՝ 2018 թվականի հոկտեմբերից բանակցություններ վարեցինք ՀՀ-ում «Կորեա հիմնադրամ»-ի հետ: Արդյունքները սպասեցնել չտվեցին. մեկ ամիս անց ԵՊՀ ռեկտորի աջակցությամբ մեկնարկեց կորեերենի դասավանդումը»,- պարզաբանեց Ա. Իսրայելյանը:
Ա. Իսրայելյանի համոզմամբ, կորեերենի մուտքը ԵՊՀ հաջողված էր, ուստի սեպտեմբերից դասընթացին վճարովի հիմունքներով կարող են մասնակցել նաև տարբեր համալսարանների ուսանողներ. «Ապագայում նախատեսվում է նոր խմբակի բացում, որտեղ ներգրավվելու են ոչ միայն ԵՊՀ, այլև տարբեր բուհերի ուսանողներ»:
Վերջինիս հավաստմամբ, սեպտեմբերից կորեերենը՝ որպես երկրորդ արևելյան լեզու, ներառվելու է Արևելագիտության և Միջազգային հարաբերությունների ֆակուլտետների ուսումնական ծրագրերում:
Անդրադառնալով կորեերեն սովորող ուսանողների ոգևորությանը և խանդավառությանը՝ Ա. Իսրայելյանը նշեց, որ լեզվի հանդեպ սերն ուսանողների մոտ ձևավորվել է կորեական մշակույթի շնորհիվ:
Կորեերեն սովորող ուսանողները միջոցառման ընթացքում հանդիսատեսին և հյուրերին ներկայացրին կորեական մշակույթի ժառանգությունը. բանաստեղծություն, երգ ու պար, բեմադրություն, որոնք կորեական մշակույթի լավագույն նմուշներն էին:
Ցերեկույթի ավարտին կորեերենի դասընթացներին մասնակցած 52 ուսանողներ ստացան ավարտական վկայականներ:
Ուսանողներին վկայականները հանձնեց ՀՀ-ում «Կորեա հիմնադրամ»-ի ներկայացուցիչ Փաք Հի Սուն:
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանողուհի Մերի Սարգսյանը կորեերենի դասընթացներին մասնակցող ուսանողուհիներից է:
Մերին կարծում է, որ այս դասընթացները հնարավորություն ընձեռեցին իրեն դիտելու ու թարգմանելու սիրելի ֆիլմերը, ինչպես նաև ունկնդրելու կորեական երաժշտությունը:
Մերին ապագայում ծրագրում է բանասիրական աղբյուրներից թարգմանչական աշխատանքներ կատարել կորեերենով:
Իսկ Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի ուսանողուհի Սաթենիկ Խաչատրյանը կորեերենի դասընթացներն իր ուսանողական կյանքի ամենամեծ ձեռքբերումն է համարում:
«Ես նոր ոգևորությամբ եմ աշխատելու՝ խորացնելով կորեերենի իմ ունեցած գիտելիքները»,- նշեց Սաթենիկը:
Վերջինս մտադրված է նաև ճամփորդել իր երազանքների երկրում՝ Կորեայում:
Տեղեկացնենք, որ երկու ուսանողուհիներն էլ գերազանց են հանձնել կորեերենի քննությունը:
Նշենք նաև, որ կորեերենի դասընթացը վարում է Հասմիկ Ճաղարյանը, որը սովորել է Սեուլի համալսարանում: Նրան օգնում է ՀՀ-ում «Կորեա հիմնադրամ»-ի ներկայացուցիչ Փաք Հի Սուն:
Անգին Խաչատրյան