- Գլխավոր
- Նորություններ
- ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ 150 ԵՎ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ 140-ԱՄՅԱԿՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԳՐԱԿԱՆ ԵՐԵԿՈ-ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆ՝ ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍԻ ՍՈՒՐԲ ՂԵՎՈՆԴՅԱՆՑ ԵԿԵՂԵՑՈՒՄ
Մարտ 22, 2019 | 12:12
Հասարակություն
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ 150 ԵՎ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ 140-ԱՄՅԱԿՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԳՐԱԿԱՆ ԵՐԵԿՈ-ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆ՝ ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍԻ ՍՈՒՐԲ ՂԵՎՈՆԴՅԱՆՑ ԵԿԵՂԵՑՈՒՄ
«Նոր օր» շաբաթաթերթի հրավերով և ԱՄՆ-ի Արևմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերետերյանի հովանավորությամբ մարտի 21-ին Լոս Անջելեսի սուրբ Ղևոնդյանց եկեղեցում տեղի ունեցավ Հովհաննես Թումանյանի 150 և Վահան Թեքեյանի 140-ամյակներին նվիրված գրական երեկո-հանդիսություն:
Մասնակիցների թվում էին Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը, Արևմտյան թեմի առաջնորդ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերետերյանը, նախկին առաջնորդ Վաչե արքեպիսկոպոս Հովսեփյանը, «Ռամկավար ազատական» կուսակցության ներկայացուցիչներ, այլ կուսակցությունների և կազմակերպությունների անդամներ, «Նոր օր» շաբաթաթերթի խմբագիր Հրաչ Սեփեթճեանը, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը, Ակադեմիկոս Հրանտ Թամրազյանի անվան հայ գրականության պատմության ամբիոնի վարիչ Սամվել Մուրադյանը, Արևելագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը, Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նորայր Պողոսյանը, ամերիկահայ գրականագետ, լրագրող, պրոֆեսոր Օշին Քեշիշյանը, գրասեր լայն հանրություն:
Գրական երեկո-հանդիսությանը ողջույնի խոսքով հանդես եկավ պրոֆեսոր Սամվել Մուրադյանը:
Վերջինս ներկայացրեց Հովհաննես Թումանյանի գրական և հասարակական վաստակը, գիտական մեջբերումները՝ համեմված Թումանյանի կենսագրական փաստերով. «Թումանյանը մեր ժողովրդին բերեց ինքնաճանաչման և սեփական արժանապատվության գիտակցության»:
Մուրադյանի՝ «Հավիտենական Հովհաննես Թումանյանը» խորագիրը կրող ելույթն իր մեջ ամփոփում էր «Ամենայն հայոց բանաստեղծի» կյանքն ու հասարակական գործունեությունը, գրականության մեջ ունեցած վիթխարի և անըստգյուտ նշանակությունը:
Վահան Թեքեյանի դիմանկարը ներկայացրեց Արծրուն Ավագյանը: Վերջինս շեշտեց գրողի՝ «Ռամկավար ազատական» կուսակցության հիմնադիրներից մեկը լինելու փաստը, որի գաղափարական սկզբունքները Թեքեյանն իր գրական գործունեության ողջ ընթացքում բարձր է պահել:
Ավագյանի խորին համոզմամբ, Թեքեյանը «Ամենայն սփյուռքի բանաստեղծն է»:
««Ամենայն Սփյուռքի բանաստեղծի» գործերում արտացոլված են սփյուռքահայության խնդիրները»,- ընդգծեց դեկանը:
Հոբելյանական երեկոյի ընթացքում տեղի ունեցավ նաև Արծրուն Ավագյանի «Վահան Թեքեյան. Ազնվական քերթողը» գրքի գինեձոնը:
Ի դեպ, գրքի վաճառքից գոյացած ողջ հասույթը փոխանցվելու է «Նոր օր» շաբաթաթերթին և «Քաշաթաղի բազմազավակ ընտանիքներ» հիմնադրամին:
Ամերիկահայ գրականագետ, լրագրող, պրոֆեսոր Օշին Քեշիշյանի բնութագրմամբ, Արծրուն Ավագյանը հավատամիտ և նվիրումով գրականագետ է, որը Սփյուռքի գրականությունը համարում է արևելահայ գրականության անբաժանելի մաս:
Գրական երեկոյի ավարտին Գլենդելի քաղաքապետարանի անդամ Վրեժ Աղաջանյանը շնորհակալագրեր հանձնեց «Նոր օր» շաբաթաթերթի խմբագիր Հրաչ Սեփեթճեանին, որը նույնպես Հայ բանասիրության ֆակուլտետի շրջանավարտ է: Շնորհակալագրեր ստացան նաև պրոֆեսորներ Սամվել Մուրադյանը և Արծրուն Ավագյանը:
Երեկոն ամփոփվեց Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերետերյանի պահպանիչ աղոթքով:
Մեզ հետ զրույցում դոցենտ Նորայր Պողոսյանը նշեց, որ հանդիսությունն անցավ բարձր մակարդակով, որին մասնակցում էր լոսանջելեսահայ մտավորականության մեծ մասը:
Անգին Խաչատրյան