- Գլխավոր
- Նորություններ
- ԱՐԻ՛ ԵՊՀ. ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «EXPO 2021» ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ
Մարտ 01, 2021 | 16:46
Կրթություն
ԱՐԻ՛ ԵՊՀ. ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «EXPO 2021» ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ
ԵՊՀ մինչհամալասարանական կրթության վարչության նախաձեռնությամբ ԵՊՀ բոլոր ֆակուլտետներում ու ինստիտուտներում մարտի 1-5-ն իրականացվելու են իրազեկող առցանց հանդիպումներ՝ նպաստելու դիմորդների մասնագիտական կողմնորոշմանը և գիտակից ընտրությանը: Միջոցառումն այսօր մեկնարկել է Քիմիայի ֆակուլտետում:
«Expo 2021» միջոցառման ընթացքում կազմակերպվող առցանց հանդիպումների մասնակիցները հնարավորություն ունեն ծանոթանալու ընդունելության կարգի մանրամասներին, ԵՊՀ-ի կողմից առաջարկվող կրթական ծրագրերին, դրանց մրցակցային առավելություններին, մասնագիտական կրթություն-աշխատաշուկա կապերին ու հեռանկարներին:
Քիմիայի ֆակուլտետում այսօր մեկնարկած միջոցառման ժամանակ ֆակուլտետի ուսանողները երկու սրահներում ներկայացրել են դասախոսների հետ համագործակցության արդյունքում ստեղծված իրենց աշխատանքները՝ պատմելով և ցույց տալով աճեցված բյուրեղներ, որոնք արդեն գտել են իրենց կիրառությունը զարդերի մեջ, պոլիմերային հատակներ, դեկորատիվ սալիկներ, «ԲԻՍ» եղանակով ստացված անօրգանական նյութեր, հաղորդիչ պոլիմերներ, ներկեր, կոսմետիկ միջոցներ, սննդային արտադրանք և այլն:
Ֆակուլտետում կազմակերպված ցուցադրությանն այսօր «Zoom» հարթակի միջոցով մասնակցում էին դպրոցականներ, ուսանողներ և ոլորտով հետաքրքրվող անձինք: Ուսանողների կողմից ներկայացվող արտադրանքներին տեղում ծանոթացել են նաև ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանը, պրոռետկորները, տարբեր ֆակուլտետների դեկաններ, դասախոսներ և ուսանողներ:
Քիմիայի ֆակուլտետի դեկան Տարիել Ղոչիկյանը մեզ հետ զրույցում նշեց, որ միջոցառման ընթացքում ներկայացված բոլոր արտադրանքների ստեղծման գործում ուսանողներն անմասն չեն մնացել: Նա փաստեց, որ ֆակուլտետի շրջանավարտներից շատերն այսօր ունեն իրենց արտադրությունը, և հաջողությամբ կիրառում են իրենց գիտելիքները:
Նրա խոսքով, այսօրվա ցուցադրությունը ցույց է տալիս, թե ինչքան կարևոր է քիմիան. «Առանց քիմիայի աշխարհը չի կարող և չի կարողանալու գոյատևել: Քիմիայի միջոցով կարելի է ամեն ինչ անել, եթե ճիշտ անես: Մեր ուսանողներն այսօր ցույց են տալիս այդ ճշմարտությունը»:
Տարիել Ղոչիկյանը փաստեց, որ ֆակուլտետում ուսանողներն արդեն առաջին կուրսից իրականացնում են գործնական աշխատանքներ և կարող են ստեղծել իրենց աշխատանքները:
Այսօր տեղի ունեցած ցուցադրությանն առցանց կերպով մասնակցող անձանց համար ցուցադրվել են նաև նախօրոք նկարահանված հոլովակներ, որոնք պատմում են ինչպես ֆակուլտետի, այնպես էլ շրջանավարտների, քիմիական տարբեր արտադրությունների մասին:
Մեզ հետ զրույցում ԵՊՀ բնական և ճշգրիտ մասնագիտությունների գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանն էլ ասաց, որ այսօր ներկայացված աշխատանքները շատ հետաքրքիր էին, և հույս հայտնեց, որ դրանք մասնակիցների, հատկապես դպրոցականների համար հետաքրքրություն կառաջացնեն և կնպաստեն այս մասնագիտության ընտրությանը:
«Քիմիան այն մասնագիտությունն է, որը շատ կարևոր է և՛ ԵՊՀ-ի, և՛ Հայաստանի համար, քանի որ այն տնտեսության զարգացման հիմնական ոլորտներից է»,- ասաց Ռաֆայել Բարխուդարյանը:
Նրա խոսքով, «Expo»-ի նպատակն ինչպես ԵՊՀ կրթական ծրագրերի ներկայացումն է, այնպես էլ կրթության և գիտության նկատմամբ սեր առաջացնելը:
Հիշեցնենք, որ «Expo 2021»-ն իրականացվելու է մինչև մարտի հինգը: Ֆակուլտետային առցանց հանդիպումների ժամանակացույցն ու «Zoom» հարթակում մասնակցության համար անհրաժեշտ հղումները կարող եք տեսնել այստեղ:
Քնար Միսակյան