- Գլխավոր
- Նորություններ
- ԱՃԹՆ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ
Փետրվար 19, 2019 | 17:09
Հասարակություն
ԱՃԹՆ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ ՀՀ արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության վերաբերյալ հանդիպում-քննարկում:
Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունը (ԱՃԹՆ) բնական պաշարների բաց և հաշվետու կառավարումը խթանող համաշխարհային ստանդարտ է, որի նպատակն է ստեղծել թափանցիկ և հաշվետվողական պետական ու գործարար համակարգեր:
Հայաստանի ԲՇԽ առաջին կազմը ստեղծվել է 2016 թվականին, որը բաղկացած է ՀՀ կառավարության, հանքարդյունահանող ընկերությունների և քաղաքացիական հասարակության իրավահավասար ներկայացուցիչներից, որոնց որոշումներն ընդունվում են ընդհանուր համաձայնությամբ՝ կոնսենսուսով։
ՀՀ կառավարության կողմից պաշտոնապես ներկայացված ԱՃԹՆ-ի անդամակցության հայտը հաստատվել է 2017 թվականին: 2019 թվականի հունվարի 30-ին ներկայացվել է ԱՃԹՆ առաջին ազգային զեկույցը:
ԱՃԹՆ-ի զեկույցում ներկայացվում է ոլորտի արտադրության, արտահանման, զբաղվածության, թույլտվությունների, ինչպես նաև կարևոր գործոնների վերաբերյալ տեղեկատվություն:
Բացի դրանից՝ ԱՃԹՆ ստանդարտի իրականացման շրջանակում պետական մարմինների և ընդերքօգտագործող ընկերությունների կողմից ներկայացվում են հրապարակային հաշվետվություններ, որոնք թույլ են տալիս բացահայտելու ընկերությունների եկամուտները, դրանց կողմից կառավարությանը կատարած վճարումները, ինչպես նաև պետության ստացած եկամուտներն ու այդ հոսքերի կառավարման վերաբերող տեղեկություններ:
Հանդիպմանը ներկա էին ԱՃԹՆ քարտուղարության ղեկավար Լիլիա Շուշանյանը, ԱՃԹՆ-ի փորձագետներ Լուսինե Թովմասյանը և Անահիտ Առուստամյանը, ԲՇԽ հանքարդյունահանողների խմբակցության անդամ, «Գեոմայնինգ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Վահե Վարդանյանը և ԲՇԽ քաղաքացիական հասարակության խմբակցության անդամ, Երևանի պետական համալսարանի օգտակար հանածոների հանքավայրերի որոնման և հետախուզման ամբիոնի դոցենտ Հարություն Մովսիսյանը, Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը:
ԱՃԹՆ քարտուղարության ղեկավար Լիլիա Շուշանյանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ հանդիպման կազմակերպման նախաձեռնությունը եղել է քարտուղարության կողմից. «ՀՀ բազմահաշվառու առաջին խումբը, որը բաղկացած է տասնհինգ անդամից՝ ներառելով ներկայացուցիչ ՀՀ կառավարությունից, չորս ներկայացուցիչ հանքարդյունաբերական ընկերություններից և հինգ ներկայացուցիչ քաղաքացիական հասարակությունից, ձևավորվել է 2016 թ., իսկ ՀՀ անդամակցության հայտը հաստատվել է 2017 թ. մարտին»:
Խոսելով ԱՃԹՆ քարտուղարության գործունեության և կարևորության մասին՝ Լ. Շունշանյանը նշեց. «Յուրաքանչյուր անդամակցող երկիր պետք է իր երկրում համապատասխան բարեփոխումներ իրականացնի, որպեսզի կարողանա ոլորտում թափանցիկություն ապահովել»:
Շուշանյանը նաև տեղեկացրեց, որ անդամակցությունից հետո իրենք մի շարք բարեփոխումներ են իրականացրել. «Նախկինում դժվար էր պատկերացնել, որ ՀՀ կառավարության, հանքարդյունաբերական ընկերության կամ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները կարող են հավաքվել մի սեղանի շուրջ և ընդհանուր հայտարարի գալ, իսկ այս նախաձեռնության շնորհիվ այդ ամենն ի կատար ածվեց»:
ԵՊՀ օգտակար հանածոների հանքավայրերի որոնման և հետախուզման ամբիոնի դոցենտ Հարություն Մովսիսյանն էլ նկատեց, որ ԱՃԹՆ զեկույցի հրապարակումից հետո՝ իրենք հնարավորություն ունեն այդ ամենն առաջինը ներկայացնելու համալսարանականներին. «Առաջին քայլը երկրաբանական խմբերի թվայնացումը և հասանելիությունն էր: Շատ մասնագետներ բողոքում էին, որ նախկինում հասանելի չէին այդ խմբերը: Իսկ այժմ էլեկտրոնային տարբերակով կարող են ոչ միայն ծանոթանալ, այլև օգտագործել հետազոտությունների համար»:
Մովսիսյանի տեղեկացմամբ, այժմ հասանելի են նաև ֆինանսական տվյալներ, պայմանագրեր, իրավական կարգավորումներ և այլն:
Իսկ ԲՇԽ հանքարդյունահանողների խմբակցության անդամ, «Գեոմայնինգ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Վահե Վարդանյանը փաստեց, որ իրենց ամենամեծ ձեռքբերումը եղել է ընդհանուր հայտարարի գալը և փոխըմբռնման հասնելը. «Կան «խաղի» միասնական, թափանցիկ կանոններ, որոնք չի կարող շրջանցել ոչ մի հանքարդյունաբերական ընկերություն»:
Ներկայացման ընթացքում ցուցադրվեց, թե ինչ տվյալներ են հասանելի դարձել ԱՃԹՆ-ի զեկույցի միջոցով:
Խոսվեցին նաև հանքարդյունաբերության ոլորտի արտադրության, արտահանման, զբաղվածության, թույլտվությունների, պետության ստացած եկամուտների և այդ հոսքերի կառավարման, ինչպես նաև այլ ոլորտային հարցերի մասին:
Անգին Խաչատրյան