- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ ԱՆՎՃԱՐ ՓՈՐՁԱՇՐՋԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՏՏ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅՏՆԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Նոյեմբեր 19, 2019 | 17:23
Կրթություն
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ ԱՆՎՃԱՐ ՓՈՐՁԱՇՐՋԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՏՏ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅՏՆԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում այսօր տեղի ունեցավ հանդիպում ՏՏ ոլորտում հայտնի «Ֆիդեմ» ՍՊԸ-ի ներկայացուցիչների հետ։
Մեզ հետ զրույցում Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի փոխդեկան Կարեն Եղոյանն ասաց, որ ՏՏ ոլորտում հայտնի «Ֆիդեմ» ընկերությունը պատրաստակամություն է հայտնել համագործակցելու ֆակուլտետի հետ՝ կազմակերպելով բակալավրիատի և մագիստրատուրայի ավարտական կուրսերի մարքեթինգով և ծրագրավորմամբ հետաքրքրված ուսանողների անվճար փորձաշրջանը։
Հանդիպմանը ներկա էին նաև Կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանը, ներկայացուցիչներ ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմից, տարբեր կուրսերի ուսանողներ։
«Ֆիդեմ» ընկերության մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետ Նաիրա Խաչատրյանը և վաճառքի ու մարքեթինգի մասնագետ Սվետա Սամսոնյանը պատմեցին ընկերության գործունեության մասին՝ նշելով, որ իրենք աշխատում են հիմնականում արտասահմանյան պատվիրատուների հետ։
««Ֆիդեմ»-ը ՏՏ ոլորտում 5 տարվա աշխատանքային փորձ ունեցող կազմակերպություն է։ Մենք զբաղվում ենք վեբ կայքերի, բջջային հավելվածների, ներքին օգտագործման համակարգերի մշակմամբ, դիզայնով և բիզնես խորհրդատվությամբ»,- նշեց Ն․ Խաչատրյանը։
Հանդիպման ընթացքում ուսանողներին ներկայացվեցին ՏՏ ոլորտում մարքեթինգի և վաճառքի մասնագետների հնարավորությունները և այն հմտությունները, որոնք ուսանողները կարող են ձեռք բերել այս ընկերությունում փորձաշրջան անցնելու ընթացքում։
Հանդիպման վերջում ուսանողները հյուրերին տվեցին իրենց հուզող հարցերը և ստացան կոնտակտային տվյալներ՝ ընկերությունում փորձաշրջան անցնելու նպատակով դիմումներ ներկայացնելու համար։