- Գլխավոր
- Նորություններ
- «ԴՈՒՔ ԴԱՐՁԵԼ ԵՔ ՈՒՍԱՆՈՂՆ ԱՅՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ, ՈՐԸ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՌԱՋԱՄԱՐՏԻԿՆԵՐԻՑ Է». ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԵՊՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏ
Սեպտեմբեր 02, 2019 | 14:32
Հասարակություն
«ԴՈՒՔ ԴԱՐՁԵԼ ԵՔ ՈՒՍԱՆՈՂՆ ԱՅՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ, ՈՐԸ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՌԱՋԱՄԱՐՏԻԿՆԵՐԻՑ Է». ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԵՊՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏ
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում այսօր հանդիսավոր կերպով դիմավորեցին առաջինկուրսեցիներին:
Առաջինկուրսեցիների հետ հանդիպմանը Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանը, դիմելով նրանց, փաստեց, որ մեծ պատիվ և պատասխանատվություն է սովորել 100-ամյա պատմություն ունեցող համալսարանում:
«Դուք դարձել եք ուսանողն այն ֆակուլտետի, որը համալսարանի առաջամարտիկներից է: Քսան տարի շարունակ ֆակուլտետում պատրաստվում են բարձր որակավորում ունեցող, հայրենասեր և նվիրված մասնագետներ, որոնցից շատերը, անցնելով դիվանագիտական ծառայության կամ զբաղեցնելով պատասխանատու պաշտոններ, իրենց ուրույն ավանդն են բերում ՀՀ-ի զարգացման և նրա դերի ամրապնդման գործին»,- ասաց Գեղամ Պետրոսյանը:
Վերջինս ուսանողներին տեղեկացրեց, որ ֆակուլտետը ստեղծվել 1998 թվականին, որին միացել է նաև Փիլիսոփայության ֆակուլտետի կազմում գործող Քաղաքագիտություն բաժինը. «Ներկայումս Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում գործում է 3 բաժին` Միջազգային հարաբերություններ, Քաղաքագիտություն և Հանրային կառավարում»:
Գեղամ Պետրոսյանը, խոսելով մասնագիտական դասընթացների մասին, փաստեց, որ ֆակուլտետում մեծ տեղ է հատկացվում օտար լեզուների ուսուցմանը. «Միջազգային հարաբերություններ բաժնի ուսանողների համար եվրոպական և արևելյան լեզուների ուսուցումն իրականացվում է Դիվանագիտական ծառայության և մասնագիտական հաղորդակցման ամբիոնի դասախոսների հեղինակած ուսումնական հատուկ ծրագրերով, մեթոդական գրականությամբ, դասագրքերով, որոնք ապահովում են դասավանդման գիտական մակարդակը, որակական չափանիշները, մատչելիությունը և արդիականությունը»:
Նրա փոխանցմամբ, արդեն չորրորդ տարին է՝ Միջազգային հարաբերություններ բաժնում դասավանդվում է ճապոներեն և չինարեն. «Ուսումնական այս տարվանից դասավանդվելու է նաև կորեերեն»:
«Այսօր Արտաքին գործերի նախարարության աշխատակիցների կեսից ավելին մեր ֆակուլտետի շրջանավարտներն են: Գրեթե բոլոր դեսպանություններում և հյուպատոսական մարմիններում տարեցտարի ավելանում են մեր ֆակուլտետն ավարտած աշխատակիցները: Մենք հրաշալի կադրեր ունենք դիվանագիտական ծառայության տարբեր ոլորտներում՝ արտակարգ և լիազոր դեսպաններ, փոխդեսպաններ, առաջին քարտուղարներ, հյուպատոսներ»,- տեղեկացրեց ֆակուլտետի դեկանը:
Առաջինկուրսեցիների հետ հանդիպմանը մասնակցում էին նաև Հանրային կառավարման ամբիոնի վարիչ Վահագն Ագլյանը, Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ Վահրամ Պետրոսյանն ու Քաղաքական գիտության պատմության և տեսության ամբիոնի վարիչ Աշոտ Ենգոյանը, որոնք ուսանողներին տեղեկություններ հաղորդեցին ուսումնական ծրագրերի մասին և պատասխանեցին նրանց հարցերին:
Քնար Միսակյան