- Գլխավոր
- Նորություններ
- ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՆ ԱՄՓՈՓՈՒՄ Է ԱՆՑԱԾ ՏԱՐԻՆ
Դեկտեմբեր 27, 2018 | 16:15
Կրթություն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՆ ԱՄՓՈՓՈՒՄ Է ԱՆՑԱԾ ՏԱՐԻՆ
Վերջին մեկ տարվա ընթացքում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետն ակտիվացրել է իր գործունեությունն ինչպես միջազգայնացման ոլորտում, այնպես էլ արդյունավետ համագործակցություն ծավալել միջազգային կառույցների և արտերկրի գիտական հաստատությունների հետ: Այդ գործունեության շրջանակում իրականացրած աշխատանքների մասին զրուցել ենք ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանի հետ:
- Պարո՛ն Ղազինյան, կներկայացնե՞ք միջազգային այն կառույցները և արտերկրի գիտական հաստատությունները, որոնց հետ համագործակցել է ֆակուլտետը վերջին մեկ տարվա ընթացքում:
- Մեր ֆակուլտետն այս տարի ևս արդյունավետորեն համագործակցել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության («GIZ») Հարավային Կովկասում եվրոպական չափորոշիչների իրավական համապատասխանեցման ծրագրի, «IRZ» -ի (Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամ) հետ, նախորդ տարի համագործակցության հուշագիր ենք կնքել «ICRC»-ի (Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակություն) հետ: Տարբեր ձևաչափերով համագործակցել ենք Ֆրանսիայի, Սլովենիայի և Լեհաստանի առաջատար բուհերի հետ: Բացի այդ՝ վերջին մեկ տարում ֆակուլտետը շարունակել է ակտիվորեն մասնակցել միջազգային մասնագիտական ծրագրերին, իսկ ուսանողները՝ միջազգային մրցույթների ու դատախաղերի:
- Ձեր ֆակուլտետը և «GIZ»-ի իրավական ծրագիրն արդեն տասը տարի է, ինչ համագործակցում են: Ի՞նչ միջոցառումներ են իրականացվել այս ընթացքում:
-Այս ընթացքում «GIZ»- ի աջակցությամբ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում մշակվել են առարկայական նոր ծրագիր, ուսումնական ձեռնարկ, արդիական մեթոդիկայով կազմված քաղաքացիական իրավունք առարկայի խնդրագիրք, աշխատանքներ են իրականացվել օրենսդրության բարեփոխման ուղղությամբ (սահմանադրական, քաղաքացիական, վարչական այլ ոլորտներում), որոնց ակտիվորեն մասնակցել են մեր ֆակուլտետի ներկայացուցիչները, իրականացվել են ճանաչողական այցեր, հրավիրյալ դասախոսների դասախոսություններ, իսկ վերջին տարվա ընթացքում մեր ֆակուլտետի ուսանողներն (շուրջ 25 հոգի) ակտիվորեն ներգրավվել են «GIZ»–ի կողմից կազմակերպված ամառային, աշնանային և ձմեռային դպրոցներին (սահմանադրական իրավունք, վարչական իրավունք, քաղաքացիական իրավունք):
«GIZ»-ի աջակցությամբ Իրավագիտության ֆակուլտետի իրավաբանական կլինիկան շարունակել է երեխաների շրջանում իրավական գիտելիքների տարածումը (Street Law ծրագիր): Բացի այդ՝ աջակցություն է ցույց տրվել ֆակուլտետի տեխնիկական հագեցվածությունն ապահովելուն, մասնավորապես տրամադրվել են «Dell Touchscteen Ultra HD LED Display» էլեկտրոնային գրատախտակ և «BENQ Digital Projector MW533 (HDMI out)» պրոեկտորներ և այլն, որոնք ավելի արդյունավետ կդարձնեն Գերմանիայի Դաշնային Հանրապետության Համբուրգի համալսարանի համապատասխան կենտրոնի հետ իրականացվող դասավանդման նոր մեթոդների կիրառումը ֆակուլտետում: Հաջորդ տարի նույնպես նախատեսվում է նոր տեխնիկական միջոցների տրամադրում:
Համագործակցության շրջանակում հստակ պայմանավորվածություններ են ձեռք բերվել այս ուսումնական տարվա ընթացքում «Վարչական դատավարություն» դասընթացի մշակման և որպես հիմնական առարկա ֆակուլտետի բակալավրիատի ուսումնական պլան ներմուծելուն ուղղված անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներին աջակցելու ուղղությամբ, ինչը ենթադրում է առարկայական ծրագրի վերանայման գործընթացում գերմանացի փորձագետի ներգրավում և անհրաժեշտ ուսումնական նյութերի մշակում (մեթոդական ձեռնարկի և խնդրագրքի պատրաստում): Ծրագիրն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով 2019 թ.-ի փետրվարին «GIZ»- ի աջակցությամբ նախատեսվում է Իրավագիտության ֆակուլտետի դասախոսական կազմի ճանաչողական այց Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավաբանական բուհեր:
-Իսկ ի՞նչ միջոցառումներ են իրականացվել «IRZ»-ի (Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամ) հետ համագործակցության շրջանակում:
- «IRZ»-ի և ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի համագործակցությունն իրականացվում է արդեն 6 տարի: Այս ժամանակահատվածում ֆակուլտետում դասախոսություններ են կարդացել «IRZ»-ի աջակցությամբ հրավիրված շուրջ տասը գերմանացի պրոֆեսորներ, դատավորներ, պրակտիկ աշխատողներ, իրականացվել են ուսանողական դատախաղեր, մեր ուսանողները և երիտասարդ դասախոսները մասնակցել են Գերմանիայում կազմակերպվող ամառային դպրոցների: Բացի այդ՝ աջակցություն է ցույց տրվել ՀՀ քրեակատարողական օրենսգրքի նախագծի մշակման աշխատանքներին, որոնք իրականացվել են հիմնականում ֆակուլտետի դասախոսների կողմից, իրականացվել է պրոբացիայի հիմնախնդիրներին նվիրված առարկայական դասընթացի ծրագրի մշակում, որը ներդրվել է «Կրիմինալոգիա» միջֆակուլտետային մագիստրոսական ծրագրի ուսումնական պլանում: Այդ նպատակով իրականացվել է նաև երիտասարդ դասախոսի վերապատրաստում Գերմանիայում:
2018 թ.-ի հոկտեմբերին «IRZ»-ի և ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի համագործակցության շրջանակում տեղի է ունեցել արդեն ավանդական դարձած՝ Քրեական իրավունքի և քրեական դատավարության հիմնախնդիրներին նվիրված երրորդ միջբուհական դատախաղը: Ֆակուլտետում վերջին տարվա ընթացքում հյուրընկալվել և ուսանողների համար պատիժ նշանակելու հիմնախնդիրներով դասախոսություններ են կարդացել գործող երեք դատավորներ, որոնցից մեկը նաև դասախոսում է համալսարանում:
Այս ուսումնական տարվա ընթացքում հստակ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Քրեական իրավունքի և Քրեական դատավարության ամբիոնների դասընթացների առարկայական ծրագրերը վերանայելու, խնդրագրքերի մշակման ուղղությամբ, ինչն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով նույնպես նախատեսվում է դասախոսական կազմի այցելություն Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավաբանական բուհեր:
- Պարո՛ն Ղազինյան, նախորդ տարի համագործակցության հուշագիր կնքեցիք «ICRC»-ի (Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակություն) հետ:
- «ICRC» կազմակերպության հետ հուշագրի կնքումն իրավաբանորեն ամրագրեց նշված կառույցի հետ Իրավագիտության ֆակուլտետի արդեն 10 տարուց ավելի իրականացվող համագործակցությունը: Նախկինում իրականացված ծրագրերը վերաբերել են հիմնականում մեր ուսանողների մասնակցությանը միջազգային մարդասիրական իրավունքի մրցույթներին և ամառային դպրոցներին:
Վերջին տարվա ընթացքում «ICRC» կազմակերպության աջակցությամբ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի 3 ուսանողներ մասնակցել են միջազգային մարդասիրական իրավունքի հիմնախնդիրներին նվիրված ամառային դպրոցների, բացի այդ՝ կազմակերպությունը աջակցել է 2018 թ. մեր ուսանողական թիմի մասնակցությանը Նյուրնբերգի միջազգային դատախաղին: Նշված կառույցի աջակցությամբ մեր ուսանողական թիմն այս տարի մասնակցելու է միջազգային մարդասիրական իրավունքի՝ «Jean-Pictet» հեղինակավոր մրցույթին, որը տեղի կունենա 2019 թ. ապրիլին Ֆրանսիայի Օբեռնե քաղաքում:
-Նշեցիք, որհամագործակցում եք նաև արտասահմանյան բուհերի հետ: Ի՞նչ միջոցառումներ են կազմակերպվում այդ համագործակցությունների արդյունքում:
- ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետն արդյունավետ համագործակցություն է ծավալում Ֆրանսիայի Մոնտպելիե համալսարանի հետ, որի հետ համագործակցության շրջանակում նախորդ տարիներին մեր ֆակուլտետի դասախոսական կազմի ներկայացուցիչները դասախոսություններով հանդես են եկել Մոնտպելիեում, ինչպես նաև երկու բուհերի ներկայացուցիչներ մասնակցել են կոնֆերանսների: Նշեմ նաև, որ արդյունավետ համագործակցություն է իրականացվում նաև Ֆրանսիայի «L՛Ancillaire» կազմակերպության հետ, որը 2016 թ.-ից սկսած ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցման ձևով կրթաթոշակներ է տրամադրում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բարձր առաջադիմությամբ և ՀՀ սահմանամերձ բնակավայրերում բնակվող կամ զոհված ազատամարտիկի ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողներին: Այս ընթացքում կրթաթոշակ են ստացել 22 ուսանողներ:
Նախորդ տարվա ընթացքում ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետում հյուրընկալվել էին Սլովենիայի Լյուբլյանայի և Պրիմորսկայայի համալսարանների ներկայացուցիչները, որոնք մասնակցեցին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի կողմից կազմակերպված գիտաժողովին: Գիտաժողովի ընթացքում նաև համագործակցության հուշագիր է կնքվել Լյուբլյանայի և մեր ֆակուլտետի միջև:
Այս ուսումնական տարվա ընթացքում էլ նախատեսվում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դասախոս Աննա Մարգարյանի այցելությունը Լյուբլյանայի համալսարան, որտեղ նա հանդես կգա դասախոսություններով:
Տեղեկացնեմ նաև, որ նախորդ տարվա ընթացքում մեր ֆակուլտետում էին հյուրընկալվել Վարշավայի (Լեհաստան) համալսարանի ներկայացուցիչները, որոնք նույնպես մասնակցեցին մեր կողմից կազմակերպված գիտաժողովին: Բազմակողմանի համագործակցության ծրագրեր են իրականացվում Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի, ՌԴ կառավարությանը կից Օրենսդրության և համեմատական օրենսդրության գիտահետազոտական ինստիտուտի հետ:
- Պարո՛ն Ղազինյան, իսկ ի՞նչ մասնագիտական միջազգային ծրագրերի են մասնակցել Իրավագիտության ֆակուլտետի ներկայացուցիչները:
- Նախորդ տարվա ընթացքում ԵՊՀ-ի կողմից՝ «NAPA»-ի (Հայաստանում Արդարադատության ակադեմիայի համար հակակոռուպցիոն և մարդու իրավունքներին վերաբերող դասընթացների մշակում) և ամերիկյան «INL» կառույցի աջակցությամբ մշակվել են դասընթացներ (մոդուլներ) ՀՀ արդարադատության ակադեմիայի համար: Ֆակուլտետից ներգրավված են եղել 7 դասախոսներ, որոնք իրականացրել են դասընթացների մշակումը, դասավանդումը և պատրաստել են դասավանդողներ: Ամերիկյան «HAI» (Անչափահասների արդարադատության բարելավման և դեռահասների՝ մարդու իրավունքների առաջխաղացման) կազմակերպության և ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի համագործակցության շրջանակում իրականացվել է ուսումնասիրություն՝ տարածաշրջանում անչափահասների իրավունքների պաշտպանության վիճակի վերաբերյալ: Ֆակուլտետից ծրագրին ներգրավված են ավելի քան 10 աշխատակիցներ: Դրա շրջանակում իրականացվել են թրեյնինգներ տարածաշրջանի երկրների մասնագետների մասնակցությամբ, գիտագործնական միջազգային համաժողով, տարբեր քննարկումներ, հրատարակվել են հիմնախնդրին նվիրված մի շարք հոդվածներ: Հաշվի առնելով ծրագրի հաջող ընթացքը՝ համակարգող կողմը առաջարկել է ծրագիրը երկարացնել ևս 3 տարով:
Նախորդ տարվանից սկսած՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը համագործակցում է Միացյալ Թագավորության Նոթինգեմի համալսարանի հետ, որի շրջանակում ամերիկյան «INL» կազմակերպության աջակցությամբ իրականացվում է դասընթացների մշակում ՀՀ փաստաբանների դպրոցի համար: 2019 թ. հունվարի վերջին էլ նախատեսվում է Նոթինգեմի համալսարանի և ԵՊՀ-ի միջև հուշագրի ստորագրում, որն ընդգրկելու է համագործակցության տարբեր ուղղություններ, այդ թվում նաև համատեղ մագիստրոսական ծրագրի իրականացում:
Արձանագրենք, որ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում նախորդ տարվա ընթացքում հյուրընկալվել են նաև արտասահմանյան երկրների իրավակիրառ ոլորտի ներկայացուցիչներ (օրինակ՝ Նիդեռլանդների Թագավորության դատական խորհրդի ներկայացուցիչները), որոնք հանդիպումներ են ունեցել դասախոսական կազմի ներկայացուցիչների և ուսանողների հետ:
- Իսկ ի՞նչ մասնակցությունն են ունեցել ուսանողները ֆակուլտետի միջազգայնացման գործում:
- Իրավագիտության ֆակուլտետի ձեռքբերումներից է նաև մեր ուսանողների մասնակցությունը միջազգային մրցույթներին ու դատախաղերին, որոնք աստիճանաբար ընդլայնում են մասնակցության աշխարհագրությունը:
Մասնավորապես այս տարվա ընթացքում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողները ներկայացել են միջազգային քրեական իրավունքի հիմնախնդիրներին նվիրված Նյուրնբերգի դատախաղին, մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված Նելսոն Մանդելայի մրցույթին (Ժնև), միջազգային ներդրումային իրավունքին նվիրված Ֆրանկֆուրտի մրցույթին:
Այս տարի դատախաղերին և մրցույթներին ֆակուլտետի ուսանողական թիմերի մասնակցության շրջանակը ավելի է ընդարձակվել: 2019 թ. ֆակուլտետի թիմերը մասնակցելու են հեղինակավոր մի շարք նմանատիպ մրցույթների:
Մասնավորապես հայտ է ներկայացվել մասնակցելու միջազգային հանրային իրավունքի «JESSUP», մարդու իրավունքների հիմնախնդիրներին նվիրված «ELSA», միջազգային մարդասիրական իրավունքի հիմնախնդիրներին նվիրված «Jean-Pictet», միջազգային առևտրային իրավունքին նվիրված «Willem C Vis» մրցույթ-դատախաղերին մասնակցելու համար: Նախատեսվում է նաև մասնակցություն միջազգային քրեական իրավունքի հիմնախնդիրներին նվիրված Նյուրնբերգի, Նելսոն Մանդելայի և Հաագայի մրցույթներին:
Քնար Միսակյան