- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐՆ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱՆ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ
Նոյեմբեր 07, 2018 | 11:25
Քաղաքականություն
ԵՊՀ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐՆ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱՆ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի 50-ամյակին ընդառաջ ֆակուլտետի ներկայացուցիչները դեկան, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանի գլխավորությամբ նոյեմբերի 6-ին այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։
Ֆակուլտետի փոխդեկան Սվետլանա Հարությունյանի, Թյուրքագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ալեքսանդր Սաֆարյանի, նույն ամբիոնի դասախոս Վարուժան Գեղամյանի, ասիստենտներ Մհեր Աբրահամյանի, Նաիրա Պողոսյանի, Տաթևիկ Հակոբյանի և դոցենտ Քնարիկ Միրզոյանի, ինչպես նաև Իրանագիտության ամբիոնի ասիստենտ Արտյոմ Տոնոյանի, նույն ամբիոնի դասախոսներ Գառնիկ Գևորգյանի, Նվեր Դավթյանի և Արաբագիտություն ամբիոնի դասախոս Սեդրակ Հրայր Միքայէլ Յովսէփեանի ուղեկցությամբ մի խումբ ուսանողներ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ստացան Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի օրհնությունը։
Ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը շնորհակալական խոսքում գոհունակություն հայտնեց հյուրընկալության համար. «Ինչպես ցանկացած հայ քրիստոնյայի, այնպես էլ մեզ համար մեծ պատիվ է հանդիպել մեր հայրապետին»:
Դեկանը, պատմական ակնարկ ներկայացնելով Արևելագիտության ֆակուլտետի հիմնադրման մասին, անդրադարձավ արևելագետների գործունեությանը՝ ընդգծելով այդ ոլորտի մասնագետների կարևորությունը պետականության կերտման գործում։
«Կարևոր է նշել արևելագիտության զարգացման գործում հայ հոգևորականների դերը։ Արևելագիտական ուսումնասիրություններ անելիս մենք անպայման օգտվում ենք հայ հոգևորականների տարաբնույթ աշխատություններից, օրինակ՝ թուրքագետների համար շատ կարևոր աղբյուր է Զավեն արքեպիսկոպոս Եղիաեանի «Պատրիարքական հուշեր» աշխատությունը»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը։
«Մեր այցի նպատակն է ֆակուլտետի գործունեության համար ստանալ հայրապետական օրհնությունը»,- հավելեց դեկանը և ասաց, որ միշտ պատրաստակամ է փոխանցել արևելագիտական ոլորտի գիտելիքները հոգևորականներին:
Դեկան Ռուբեն Մելքոնյանը փոխանցեց նաև ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի նամակ-խնդրանքը՝ նոյեմբերի 9-ին և 10-ին Արևելագիտական ֆակուլտետի 50-ամյակին նվիրված միջոցառումներին ներկա գտնվելու մասին։
Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն ողջունեց ներկաներին՝ շնորհավորելով ֆակուլտետի 50-ամյակի կապակցությամբ և կարևորելով արևելագիտության նվաճումներն ու գործունեությունը։
Ամենայն Հայոց կաթողիկոսը պատմեց Մերձավոր Արևելքի երկրներում Հայ առաքելական եկեղեցու թեմերի հետ համագործակցության, տարաբնույթ խնդիրների հաղթահարման մասին։
«Հորդորում եմ ձեզ լավ սովորել, որ մասնագիտական ձեր կարողություններով կարողանաք օգտակար լինել մեր ժողովրդին և մեր հայրենիքին։ Ձեր աստվածաշնորհ կյանքն ապրեք իմաստավորված, իսկ իմաստավորումն ազգին, հայրենիքին և Աստծոն ծառայության մեջ է։ Չկա անհատական կյանքն իմաստավորելու ավելի լավ ճանապարհ, ուղի, միջոց, քան այս երեք նվիրական սրբություններին ծառայելը»,- ասաց Ամենայն Հայոց կաթողիկոսը։
Ներկաներին օրհնելուց և ֆակուլտետի գործունեությանը բարի երթ մաղթելուց հետո կաթողիկոսն անցավ հարցուպատասխանի։ Արևելագիտության ֆակուլտետի ներկայացուցիչները հարցեր հղեցին հոգևորականի ուղի ընտրելու, աղանդավորական շարժումների և դրանց դեմ պայքարի, հանրապետության որոշ խոշոր քաղաքներում եկեղեցի չլինելու և շատ այլ թեմաների վերաբերյալ։
Մարի Ռաֆյան