- Գլխավոր
- Նորություններ
- ԿԵՂԾ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԵՊ ԱՆԱՐԳԱՆՔԸ ՊԱՏԺԵԼԸ՝ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԱՐԳԵԼԱՓԱԿՈ՞ՒՄ, ԹԵ՞ ՄԵԴԻԱԴԱՇՏԻ ՀՂԿՈՒՄ
Մարտ 27, 2019 | 16:03
Հասարակություն
ԿԵՂԾ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԵՊ ԱՆԱՐԳԱՆՔԸ ՊԱՏԺԵԼԸ՝ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԱՐԳԵԼԱՓԱԿՈ՞ՒՄ, ԹԵ՞ ՄԵԴԻԱԴԱՇՏԻ ՀՂԿՈՒՄ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենքի համալրում, ըստ որի՝ կեղծ տեղեկատվություն տարածելը և լրատվական դաշտում երկրի ղեկավարության նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը պատժվելու են օրենքի խստությամբ։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենքի համալրում, ըստ որի՝ կեղծ տեղեկատվություն տարածելը և լրատվական դաշտում երկրի ղեկավարության նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը պատժվելու են օրենքի խստությամբ։
Համաձայն ՌԴ Սահմանադրության 08.03.2019 № 27-ФЗ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի՝ այսուհետ կեղծ տեղեկատվություն տարածելու համար լրատվամիջոցները կարող են արգելափակվել Ռուսաստանի տարածքում։ Կեղծ տեղեկատվություն տարածելու դեպքում հրատարակողը տուգանվելու է 1,5 միլիոն ռուբլով (10 մլն.դրամից ավելի)։
Ռուսաստանի կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության վերահսկողության դաշնային ծառայությունը՝ «Ռոսկոմնադզոր»-ը (Роскомнадзор), այսուհետ արգելափակելու է այն լրատվամիջոցները, որոնք կեղծ տեղեկատվություն են հրապարակում, իսկ այն անձինք, որոնք այդ տեղեկատվությունը տարածում են համացանցում, տուգանվելու են։
Այս օրենքը չի ազդի միայն գրանցված թերթերի, հեռուստաալիքների և ռադիոալիքների վրա։
«Ռոսկոմնադզոր»-ն առանց դատարանի որոշման կարող է պահանջել և հեռացնել Գլխավոր դատախազության կողմից կեղծ համարվող նորությունը, եթե վերջինս այն համարում է կեղծ։
Ի դեպ, ստանալով վերոնշյալ մարմնի պահանջը, տեղեկատվական համակարգը պարտավոր է հեռացնել տեղեկությունը մեկ օրվա, որոշ դեպքերում՝ ավելի կարճ ժամանակի ընթացքում։
Վլադիմիր Պուտինը ստորագրել է նաև հրաման, ըստ որի՝ կարելի է արգելափակել այն կայքերը, որոնք հրապարակում են հասարակությանը, ազգային խորհրդանիշներին ու Ռուսաստանի Դաշնության իշխանություններին վարկաբեկող նյութեր։
Վարկաբեկող և վիրավորական նյութեր տարածելու համար սահմանված տուգանքը 30 հազարից մինչև 100 հազար ռուբլու սահմաններում է։ Օրենքը կրկին խախտելու դեպքում օրինախախտը կալանավորվելու է 15 օրով կամ վճարելու է 200 հազար ռուբլի տուգանք։
Այս նորությունը համացանցի օգտատերերը միանշանակ չեն ընդունել։ Ոմանք կարծում են, որ այս գործելաոճի շնորհիվ լրատվական դաշտում և համացանցում պակասելու է ագրեսիան, ու թանձրանալու է ատելության մթնոլորտը, իսկ ոմանք էլ այս օրենքը համարում են խոսքի ազատության արգելափակում։
Սոցցանցերից մեկում մի օգտատեր այս թեմայի մասին հետևյալ հրապարակումն է արել. «Հիմա արդեն չի կարելի ասել, որ ղեկավարությունը վատն է, քանի որ դա կլինի անհարգալից և վիրավորական։ Բայց և չի կարելի ասել, որ ղեկավարությունը լավն է, քանի որ կլինի կեղծիք» («Теперь нельзя сказать, что власть плохая - это будет неуважение и оскорбление. Но и нельзя сказать, что хорошая - это уже фейк»):
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բազմիցս արձանագրել է, որ խոսքի ազատության սահմանափակումը պետք է գնահատվի ոչ միայն վերոնշյալ համընդհանուր նորմերով, այլև յուրաքանչյուր գործով դատարանը պետք է գնահատի տեղեկության հանրային նշանակությունը, այն է՝ արդյո՞ք տվյալ հանգամանքների ներքո տեղեկատվություն տարածելու իրավունքի միջամտությունն անհրաժեշտ է եղել «ժողովրդավարական հասարակությունում», արդյո՞ք բողոքի միջամտությունը բխում է «հրատապ հասարակական կարծիքից», արդյո՞ք միջամտության համար կիրառվել են «իրավաչափ նպատակին» հասնելու համար համաչափ և համարժեք միջոցներ, ու արդյո՞ք իշխանությունների կողմից միջամտության արդարացման նպատակով առաջ քաշված պատճառները «վերաբերելի և բավարար են» (տե՛ս «Գրինբերգն ընդդեմ Ռուսաստանի» գործով ՄԻԵԴ-ի որոշումը):
Հանրային շահի և քաղաքական գործիչների քննադատության սահմանները վերլուծելիս ՀՀ դատարաններն առավել հաճախ մեջբերել են «Լինգենսն ընդդեմ Ավստրիայի» գործով 1986 թվականի հուլիսի 8-ի ՄԻԵԴ-ի նախադեպային որոշումը։
Ըստ այդ որոշման 42-րդ կետի՝ ՄԻԵԴ-ը սահմանել է, որ հասարակության համար մամուլի ազատությունը քաղաքական գործիչների գաղափարների և վարքի մասին իմանալու և կարծիք կազմելու ամենալավ ձևերից մեկն է։
Մասնավորապես, ազատ քաղաքական բանավեճը ժողովրդավարական հասարակության հիմնասյուներից է, որը գերակա է։
Հետևաբար, քաղաքական գործիչների նկատմամբ քննադատության սահմաններն առավել լայն են, քան անձի նկատմամբ։ Ի հակադրություն վերջիններիս՝ քաղաքական գործիչների ցանկացած խոսք և գործունեություն անխուսափելիորեն ու գիտակցաբար ենթարկվում են թե՛ լրագրողների և թե՛ լայն հանրության վերահսկողությանը, հետևաբար քաղաքական գործիչները պետք է ավելի հանդուրժող լինեն:
ՄԻԵԴ-ը սույն որոշմամբ արձանագրել է, որ ժողովրդավարական հասարակության պահանջներից ելնելով՝ դատարանները պետք է առավել հանդուրժող լինեն քաղաքական գործիչների մասին լրագրողների տարածած տեղեկությունների նկատմամբ և յուրաքանչյուր գործի փաստական հանգամանքները վերլուծեն «գերակա հանրային շահի» տեսանկյունից։
Հիշեցնենք, որ օրենքն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից հետո՝ 7 օր ժամկետում։
Օրենքի համալրման մասին ysu.am-ը զրուցել է լրագրության և սոցիոլոգիայի ոլորտի մասնագետների հետ։
Mediamax.am-ի խմբագիր, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս Դավիթ Ալավերդյանն ասաց, որ այս օրենքի լրացումը ևս ունենալու է իրավիճակային բնույթ. երբ որ պետությանն անհրաժեշտ լինի, օրենքը կիրառվելու է։
- Ես չեմ մտածում, որ մենք ականատես ենք լինելու 10 կամ 100 դատական հայցերի այն լրագրողների դեմ, որոնք վիրավորել ու զրպարտել են իշխանությանը։ Պետք է հաշվի առնել, որ գնահատանքի և վիրավորական կարծիքի միջև սահմանը շատ նուրբ է, և միշտ չէ, որ նույնիսկ մասնագետը կարող է ասել՝ արտահայտած խոսքը վիրավորանք է, թե ոչ։ Այնպես որ, օրենքի համալրումն իրացնելու համար շատ լուրջ հետազոտություն պետք է անցկացնել։ Հիմա բավականին տհաճ իրավիճակ է ստեղծվել Ռուսաստանի քաղաքացիների, լրագրողների, ռուսական հասարակության համար։ Նրանք սա համարում են ևս մեկ քայլ դեպի ոչ ժողովրդավարական պետություն։ Սա հերթական օրենքն է, որն իսկապես մարդկանց իրավունքները սահմանափակում է, բայց մյուս կողմից պետք է ասեմ, որ զարգացած երկրներում վիրավորանքը, զրպարտանքը պատժվում են դատական կարգով։ ՀՀ-ում դեռևս 2012 թվականին զրպարտանքն ու վիրավորանքն ապաքրեականացվել են և տեղափոխվել քրեական օրենսգրքից քաղաքացիական օրենսգիրք, և այժմ դատարանի որոշմամբ, զրպարտիչը կարող է տուգանվել մինչև 2 միլիոն դրամով։ Սակայն վերջին մի քանի տարիներին հայաստանյան դատարանները բավականին մեղմ վճիռներ են կայացնում այս հարցով և մեղադրյալին տուգանում մինչև 200 հազար դրամով՝ ընդհանրապես նպատակ չունենալով մարդուն զրկելու խոսքի իրավունքից։
- Ի՞նչ եք կարծում, այս օրենքը նպաստելո՞ւ է կեղծ լուրերի, վիրավորանքի ու ագրեսիայի նվազեցմանը, թե՞ ամեն դեպքում գտնվելու է այն շրջանցելու ինչ-որ հնարք։
- Ես կարծում եմ, որ դրանք չեն նվազելու։ Գուցե ասեկոսեներն ու վիրավորանքները որոշ չափով նվազեն պաշտոնատար անձանց հասցեին, բայց պաշտոնատար անձանցից բացի՝ կա նաև հանրային մասա, որի հասցեին բամբասանքները չեն նվազի։ Օրենքի այս լրացումը միտված է պաշտպանելու իշխանություններին։ Բայց եկեք սպասենք, տեսնենք, թե դատական իշխանություններն ինչպես են կիրառելու այն։
- Այս օրենքն իր բոլոր լրացումներով ունի՞ նախադեպ կամ կարո՞ղ է Հայաստանում նույնպես կիրառվել։
- Հայաստանում ես նման սպառնալիք չեմ տեսնում։ Հայաստանյան համացանցը համարվում է ամենաազատներից մեկը, տեխնիկական ու բովանդակային ոչ մի սահմանափակում չկա։ Մենք ունենք որոշակի սահմանափակումներ, սակայն դրանք խախտելու դեպքում գործը մինչև դատարան չի հասնում։ Խոսքի ազատությունը գերակա արժեք է Հայաստանում, և մարդն ազատ կարող է արտահայտել իր կարծիքը։ Մեր ճանապարհները Ռուսաստանի հետ այստեղ բաժանվում են։ Վերջերս վերապատրաստման էի Ֆրանսիայում։ Այնտեղ օրենք են ընդունել մեդիամանիպուլյացիաների դեմ, որն ուղղված է պաշտպանելու ոչ միայն ազգային անվտանգությունը, այլև դեմոկրատական արժեքները, որովհետև մեդիամանիպուլյացիաների միջոցով հնարավոր է նաև ազդել ընտրությունների ընթացքի և արդյունքի վրա, երկրում ձևավորել այնպիսի իշխանություն, որն իրականում չի համապատասխանում ֆրանսիացիների քվեին։ Այս օրինագիծը, իհարկե, բոլորովին տարբերվում է Ռուսաստանում ընդունված օրենքի համալրումից, բայց ամեն դեպքում նրանք, պայքարելով կեղծ նորությունների ու մեդիամանիպուլյացիաների դեմ, փորձում են դաշտն ավելի պաշտպանված պահել ու ավելի ժողովրդավար դարձնել։ Կարծում եմ՝ հետագայում մենք տեսնելու ենք, որ եվրոպական մյուս երկրները նույնպես փորձելու են պաշտպանել իրենց դեմոկրատական հասարակություններն արտաքին ազդեցություններից՝ շատ նուրբ ձևով ապահովելով խոսքի ազատության գերակայությունը, որպեսզի մարդիկ արտահայտվելու իրավունքից չզրկվեն։
- Խոսքի իրավունքն իշխանության նկատմամբ սահմանափակելն արդյո՞ք պատմության մեջ հետընթաց չէ։
- Ես գտնում եմ, որ վերջին մի քանի տարիներին այն, ինչ կատարվում է Ռուսաստանում, միանշանակ հետընթաց է։ Ընդունված օրենքները տանում են մեկուսացման, որովհետև եթե երկրում կա խնդիր, ու դրա մասին չեն խոսում ու թիրախային չեն քննադատում, ապա իսկապես վերադառնում են դեպի Խորհրդային Միության ժամանակներ, երբ բոլորը քվեարկում ու ընտրում էին այն մարդկանց, որոնց հրամայված էր վերևից։
- Ի՞նչ եք կարծում, օրենքի այս համալրումն ի՞նչ վերջնական արդյունք է ունենալու։ Արդյո՞ք բողոքի ալիք է բարձրանալու։
- Խնդիրն այն է, որ Ռուսաստանում արդեն օրենք կա, որն արգելում է մարդկանց առանց համապատասխան թույլտվության, որը տրվում է շատ դժվարությամբ, մի քանի հոգով հավաքվել բողոքի ցույցի համար: Օրինակ՝ 2016 թվականին մի շարք պետություններում հայերը հավաքվել էին իրենց երկրների խորհրդարանների դիմաց և բողոքում էին Ադրբեջանի ագրեսիայի դեմ, բայց Ռուսաստանում նման բան չեղավ։ Միայն մեկ դեպք է հայտնի, երբ մի քաղաքացի պաստառով գնացել էր Արտաքին գործերի նախարարության դիմաց բողոքելու, և դա այն դեպքում, երբ ՌԴ-ում մենք ունենք մի քանի միլիոնանոց համայնք։ Մյուսները պարզապես վախեցել էին։ Սա նշանակում է, որ նույնիսկ բողոքի դաշտն այդ երկրում խիստ սահմանափակ է։
Հարցի մասին ysu.am-ը զրուցել է նաև ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արթուր Աթանեսյանի հետ։
- Նման օրենք պատմության մեջ առաջին անգամ չէ, որ ընդունվում է։ Միացյալ Նահանգներում գոյություն ունեն բազում օրինակներ։ Ահա դրանցից մեկը. դատարանը որոշում ընդունեց պատժել քաղաքացուն, որը հագել էր շապիկ՝ վրան Սահմանադրության մասին հայհոյանք գրված, և մտել էր Սահմանադրական դատարանի շենք։ Նրան կալանավորեցին։ Պաշտպանի կարծիքով՝ դա քաղաքացու իրավունքն է հայտնելու իր կարծիքը, սակայն այդ իրավունքը սահմանափակված է, քանի որ խոսքի ազատությունը սահմանափակվում է այնտեղ, որտեղ այդ խոսքը կարող է վիրավորական լինել և բռնություն հրահրել: Քանի որ քաղաքացու խոսքն այս դեպքում կարող էր հրահրել կոնֆլիկտ և բռնություն, նա պատժվեց։ Ըստ էության նշված օրենքն անտեղի քննադատության մասին է։ Դու վիրավորում ես, եթե քո խոսքերն անհիմն են, իսկ եթե դա տեղին, օբյեկտիվ քննադատություն է, օրինակ՝ պատգամավորը կաշառակեր է, և դու այդ մասին խոսում ես՝ օբյեկտիվ փաստերից ելնելով, ապա դա վիրավորանք չէ։ Եթե համացանցում ով ասես հայհոյում է պետությանն ու պետության համար աշխատողներին, ապա դա, բնականաբար, պետք է պատժվի օրենքի ուժով: Ես, օրինակ, ծառայելով պետությանս, կուզեի պաշտպանված լինել նման քաղաքացիներից և տեղեկատվական դաշտում շրջանառվող անհիմն բամբասանքներից և հայհոյանքներից հենց պետական մակարդակում և պետության միջոցով: Հասարակության մեջ ապրող բազում քաղաքացիներ, ովքեր չեն գիտակցում պետական գործունեության ծանրությունը կամ փորձում են ինքնահաստատվել ուրիշի հաշվին, պետք է օրենքի ուժով սահմանափակվեն իրենց հաղորդակցական ակտիվություններում։ Այս դեպքում մարդու` խոսքի ազատությունը սահմանափակվում է օբյեկտիվ պատճառով և կոչված է պաշտպանելու մարդու իրավունքներն ու պետության համբավը։ Իհարկե, ռուսաստանյան քննարկումները՝ այդ օրենքի հետ կապված, ցույց են տալիս, որ այդտեղ կան վերացական և անհստակ հարցեր, օրինակ՝ ինչն ենք համարում վիրավորանք։ Ռուսաստանում եղան լրատվամիջոցներ, որոնք Ռուսաստանի պատմության մեջ փորձեցին գտնել նման օրենքներ, որոնք, պարզվեց, եղել են։ Օրինակ, ըստ այդ օրենքների, միջնադարյան Ռուսաստանում պետական պաշտոնյայի հանդեպ վիրավորանք էր համարում, եթե խմած վիճակում հայհոյեին, ման քաշեին պետական այրի բեղերից, և դրա համար սահմանված էր որոշակի տուգանք և կարճաժամկետ ազատազրկում։ Այսօր կա մտավախություն, որ նման օրենքների միջոցով ոչ ժողովրդավարական պետությունների իշխանությունները փորձում են իրեն պաշտպանել՝ սահմանափակելով խոսքի և ԶԼՄ-ների ազատությունը։ Այսուհետ, որպես լրագրող կամ համացանցի օգտատեր, նախագահ Պուտինի մասին վիրավորական խոսքեր շրջանառելու դեպքում կարող ես 30-100 հազար ռուբլիով տուգանվել: Իրականում, նման դեպքեր, երբ վիրավորում են մարդու արժանապատվությունը ոչ միայն պետական գործիչների, այլև շարքային քաղաքացիների դեպքում, մշտապես առկա են, պարզապես ընթացք չեն ստանում ոչ թե օրենքի առկայության կամ բացակայության պատճառով, այլ քանի որ միմյանց հայհոյելուց հետո քաղաքացիներն այդ գործերին ընթացք չեն տալիս:
- Արդյո՞ք այս օրենքի համալրումից հետո ռուսաստանյան մեդիաոլորտը դատարկվելու է կեղծ նորություններից, վիրավորանքներից և այն ագրեսիայից, որը կա։
- Տեսնենք, թե ՀՀ-ում նմանատիպ ինչպիսի մոտեցումներ կան։ Անգամ պատգամավորի վարքուկանոնը սահմանելիս ունենք նշված, թե պատգամավորը պարտավոր է հարգանքով վերաբերվել պետական և այլ մարմիններին ու կազմակերպություններին, զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են խոչընդոտել կամ վարկաբեկել նրանց աշխատանքը։ Եթե Ռուսաստանում օրենքն ուղղված է պաշտպանելու ղեկավարությանը մեդիաոլորտից, ապա մեզ մոտ կա համանման մի բան, որն ուղղված է պաշտպանելու մեդիաոլորտը պետական իշխանության մարմինների ներկայացուցիչներից։
- Օրենքի լրացումը կարո՞ղ է նախադեպ դառնալ Հայաստանի համար։
- Հայաստանը և Ռուսաստանը տարբեր քաղաքական մշակույթներ ունեն։ Հայաստանի մեդիա դաշտն ամենաազատն է ԵՏՄ տարածքում, և մենք դրանով հպարտ ենք, չնայած այն օբյեկտիվ առումով դեռ կիսազատ է: Մեզանում խոսքի ազատության երաշխավորներն են արհեստավարժ լրագրողները, մեդիաներկայացուցիչները, գիտնականները, սովորական մարդիկ։ Նման մանդիկ շատ են նաև հարևան երկրներում, այդ թվում` ՌԴ-ում, սակայն այնտեղ խոսքի ազատությունը քաղաքական մշակույթի մաս չի հանդիսանում: Համոզված եմ, որ ՀՀ նոր իշխանությունների ներկայացուցիչները գոնե մի բան հաստատ գիտեն. իրենք ՀՀ-ում խոսքի և տեղեկատվական դաշտի համեմատական ազատության արդյունքն են, և դժվար թե կուզենան սղոցել այն ճյուղը, որի վրա նստած են։
Մարինա Առաքելյան