- Գլխավոր
- Նորություններ
- ՀԱՄԱԿՑՎԱԾ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԸ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ ԵՆ ԱՎՍՏՐԻԱՅՈՒՄ
Նոյեմբեր 27, 2018 | 16:45
Կրթություն
ՀԱՄԱԿՑՎԱԾ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԸ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ ԵՆ ԱՎՍՏՐԻԱՅՈՒՄ
«ERASMUS+ PRINTeL» նախագծի դասախոսների վերապատրաստման շրջանակում ԵՊՀ երեք դասախոսներ մասնակցել են Ավստրիայի Գրաց քաղաքի Յոաններում կիրառական գիտությունների համալսարանում նոյեմբերի 5-9-ը տեղի ունեցած «Համակցված դասավանդում և ուսուցում» խորագրով դասընթացին:
![Features-of-blended-teaching-and-learning](/sites/default/files/styles/large_slide/public/migrated/images/O86UuwLaAZslwjqghlz32RSCIh.jpg?h=bccd1fa5&itok=rsAl_haz)
Դասավանդման և ուսուցման գործընթացների, ինչպես նաև դրանցում ժամանակակից տեխնոլոգիաների ունեցած բազմակի հնարավորությունների բացահայտմանը, փորձի փոխանակմանն ուղղված դասընթացին մասնակցել են Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի դոցենտ Աննա Ալեքսանյանը, Տեղեկատվական տեխնոլոգիաների (SS) կրթական և հետազոտական կենտրոնի ասիստենտ Արթուր Ավագյանը և Քիմիայի ֆակուլտետի դոցենտ Լիանա Գաբրիելյանը:
Ի դեպ, նույն համալսարանում ստուգայցի (մոնիթորինգ) նպատակով էին գտնվում նաև «ERASMUS+ PRINTeL» նախագծի ղեկավար, ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորի տեղակալ, Որակի ապահովման կենտրոնի տնօրեն Արմեն Բուդաղյանը և նույն կենտրոնի առաջատար մասնագետ, նախագծի համակարգող Մարի Սանթուրջյանը։
Վերապատրաստման հագեցած շաբաթվա ընթացքում «ERASMUS+ PRINTEL» նախագծի Հայաստանի, Վրաստանի, Բելառուսի գործընկեր բուհերից ժամանած ամենատարբեր ուսումնական առարկաների գծով փորձ ունեցող դասախոսները ծանոթացել և քննարկել են դասախոսի՝ որպես էլեկտրոնային մոդերատորի և ռեֆլեկտիվ իրականացնողի, դերի առանձնահատկությունները, ինչպես նաև դրա հետ կապված սեփական լսարանում կիրառվող մեթոդների յուրահատկությունները:
Ըստ մասնակիցների՝ հատկապես կարևոր ու կիրառելի էին առցանց թղթապանակների և էլեկտրոնային այլ գործողությունների ու ակտիվությունների միջոցով սովորողների ռեֆլեկտիվության աջակցության մանրամասները, դրա կիրառման փորձը և հետագա տեղայնացման հնարավորությունները:
Վերապատրաստվողների համար հետաքրքրական է եղել նաև մուլտիմեդիա հնարավորությունների ուսումնասիրությունը:
Նրանց հավաստմամբ, համակցված ուսուցման կիրառման փորձի քննարկման տեսանկյունից կարևոր էր նաև էլեկտրոնային ուսուցման առցանց գործիքներին ծանոթացումը և դրանց դիտարկումը պրոյեկտիվ ուսուցման տեսանկյունից:
Ամբողջ շաբաթվա աշխատանքն ամփոփվել է խմբային աշխատանքների միջոցով պատրասված նախագծերի ներկայացմամբ և անհատական փորձի քննարկմամբ: Վերապատրաստման դասընթացի ավարտին բոլոր մասնակիցները ստացել են մասնակցության վերաբերյալ վկայականներ:
Պատրաստեց Քնար Միսակյանը