- Գլխավոր
- Նորություններ
- ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ԱՆՎՃԱՐ ԴԱՍԸՆԹԱՑ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Հոկտեմբեր 26, 2018 | 17:59
Հասարակություն
ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ԱՆՎՃԱՐ ԴԱՍԸՆԹԱՑ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Այսօր Մինչհամալսարանական կրթության վարչությունը Ժուռնալիստիկայի ֆակուլտետում կազմակերպել էր անվճար դասընթաց դիմորդների համար:
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում կայացավ դիմորդների հետ երկրորդ հանդիպումը: Առաջին հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի վերջին ուրբաթ օրը, երկրորդն այսօր է, երրորդը նախատեսված է նոյեմբերի վերջին ուրբաթ, և այսպես մինչև մայիս: Իբրև կանոն, բացառություն է կազմում միայն հունիսը, քանի որ այդ ամսվա առաջին տասնօրյակում կազմակերպվում է տվյալ ուսումնական տարվա դիմորդների հետ վերջին հանդիպումը:
Դիմորդների համար ինտերակտիվ դասը վարեց Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Նաղաշ Մարտիրոսյանը: Նշենք, որ անվճար դասընթացին ներկա էին դպրոցականներ թե՛ մայրաքաղաքից, թե՛ մարզերից:
Ավարտական դասարանների աշակերտներին ողջունելուց հետո պարոն Մարտիրոսյանը փաստեց, որ յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբին՝ առաջին կուրսեցիներին դիմավորելիս, տեսնում են, որ նրանց մեջ քիչ չեն նման հանդիպումներին մասնակցած դիմորդների թիվը: Նա լսարանի հետ հարց ու պատասխանի միջոցով պատմեց ժուռնալիստիկայի արդի խնդիրների, նվաճումների և առհասարակ գործունեության մասին:
Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկանը ներկաներին բացատրեց ընդունելության քննության կարգը, պարզաբանեց, թե դիմորդները ինչ քննություններ են հանձնելու:
12-րդ դասարանցիները բավականին տպավորված էին: Նրանք ստացան իրենց հարցերի պատասխանները և ցանկություն հայտնեցին մասնակցել մյուս դասընթացներին ևս:
Ysu.am-ի հետ զրույցի ընթացքում Լեոյի անվան ավագ դպրոցի աշակերտուհի Նարինե Ենգիբարյանն ասաց. «Որոշել եմ դառնալ լրագրող, քանի որ այդ մասնագիտությունն ինձ համար ամենահետաքրքիրն է: Ցանկանում եմ լուսաբանել հանրությանը հուզող ու հետաքրքրող հարցերը և տալ դրանց պատասխանները»:
Աբովյանի թիվ 4 դպրոցի աշակերտ Արեն Նազարյանն էլ, ով անցած տարվանից մասնակցում է այս դասերին, ասաց. «Հետևում եմ երազանքիս, դառնալու եմ հեռուստալրագրող»:
Մարինա Առաքելյան