- Գլխավոր
- Նորություններ
- ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԵՐԳԻ ՓԱՌԱՏՈՆ ԵՊՀ-ՈՒՄ
Հոկտեմբեր 09, 2018 | 16:40
Մշակույթ
ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԵՐԳԻ ՓԱՌԱՏՈՆ ԵՊՀ-ՈՒՄ
Այսօր ԵՊՀ մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ Ֆրանսիական երգի փառատոն, որը նվիրված էր Շառլ Ազնավուրին:
Արդեն 9-րդ տարին է՝ Ֆրանկոֆոնիայի օրերին ԵՊՀ մշակույթի կենտրոնը և Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ֆրանսերեն լեզվի ամբիոնը կազմակերպում են Ֆրանսիական երգի փառատոն՝ ունկնդիրներին հաղորդակից դարձնելով ֆրանսիական մշակույթին:
Ավանդական դարձած այս փառատոնն այս տարի նոր ձևաչափ ուներ. այն նվիրված էր աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին:
Այս տարի միջոցառմանը ներկա էին Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի դեկան Սամվել Աբրահամյանը, դեկանի տեղակալ Գևորգ Բարսեղյանը, Ֆրանսիական բանասիրության ամբիոնի վարիչ Զավեն Հարությունյանը, Մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը, դասախոսներ, ուսանողներ: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Շառլ Ազնավուրի հիշատակը:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Սամվել Աբրահամյանը, ով նշեց, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր նպատակը ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունները զարգացնելն է:
Երգի փառատոնի ընթացքում հիմնականում հնչեցին Ազնավուրի երգերը, իսկ ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախմբի կատարմամբ հնչեց «Ave Marian»-ն:
Մշակույթի կենտրոնի երգչուհի Մարիցա Թիլիքյանի «Je suis malade» կատարումից հետո դահլիճում տիրող ֆրանսիական շնչին ձուլվեց սայաթնովյան երգը:
Ազնավուրի երգերի կատարմամբ հանդես եկան Վարսիկ Ղազարյանը, Վահե Մովսիսյանը և Մանան Ասիկյանը: Գայանե Թադևոսյանը երգեց հեղինակային «Regarde moi»-ը, իսկ Մշակույթի կենտրոնի սաները հնչեցրին ֆրանկոֆոն մի քանի պետությունների հայտնի ստեղծագործողների երգերը:
Կենտրոնի կիթառահարների խումբը «Andante» կատարմամբ հիացրեց ներկաներին:
Ազնավուրյան շնչով ողողված ֆրանսիական երգի փառատոնն ավարտվեց մեծ շանսոնյեին նվիրված տեսանյութով:
Անգին Խաչատրյան