- Գլխավոր
- Նորություններ
- ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ ԵՊՀ ՀԱՅ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
Հունիս 18, 2018 | 17:00
Գիտություն
ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ ԵՊՀ ՀԱՅ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
Այսօր ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում տեղի ունեցավ «Հայոց լեզու. Մաշտոցից մինչև մեր օրերը» խորագրով միջոցառում, որի ընթացքում Համազգային հայ կրթական և մշակութային միության (ՀՀԿՄՄ) նախաձեռնությամբ լավագույն ուսանողներին Հակոբ Կարապենցի անվան կրթաթոշակ հանձնվեց:
«Հայոց լեզու. Մաշտոցից մինչև մեր օրեր» խորագիրը կրող միջոցառումը կազմակերպել էր ԵՊՀ հայոց լեզվի պատմության ամբիոնը:
Հայ արձակագիր Հակոբ Կարապենցի անվան կրթաթոշակն ուսանողները ստանում են 2000 թվականից: Ամեն տարի ԵՊՀ հայ բանասիրության և ժուռնալիստիկայի ֆակուլտետներից, ինչպես նաև Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետից լավագույն առաջադիմություն, հասարակական ակտիվություն և ստեղծագործելու ունակություն ցուցաբերած ուսանողներն արժանանում են այս կրթաթոշակին: Հայ արձակագիրն իր կտակում ցանկություն էր հայտնել, որ տաղանդավոր ուսանողներին խրախուսելու նպատակով կրթաթոշակ տրվի: «Հակոբ Կարապենցն ամբողջ կյանքում ապրել է հայրենիք ունենալու երազանքով», - իր խոսքում նշեց Համազգային հայ կրթական և մշակութային հիմնադրամի տնօրեն Նարե Միքայելյանը:
Այս տարի Հակոբ Կարապենցի անվան կրթաթոշակի են արժանացել Տաթև Նադարյանը (ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 2-րդ կուրս), Հռիփսիմե Սարգսյանը (ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ, մագիստրատուրա 2-րդ կուրս), Վալտեր Բերբերյանը (ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ, 3-րդ կուրս), Սամվել Եղիազարյանը (ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ, 2-րդ կուրս), Տաթև Երեմյանը (ԵՊՀ պատմության ֆակուլտետ, մագիստրատուրա 1-ին կուրս) և Լիլիթ Պապեյանը (ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ, 4-րդ կուրս):
Միջոցառումը սկսվեց ԵՊՀ հայ բանասիրության դեկան Արծրուն Ավագյանի ողջույնի խոսքով, որի ընթացքում նա նշեց հայոց լեզվի խորքային ուսումնասիրման անհրաժեշտության, ինչպես նաև խոսեց երիտասարդների շրջանում հայոց լեզվի հանդեպ հետաքրքրության աճի մասին:
Այսպիսի միջոցառումները նպատակ ունեն անդրադառնալ ոչ միայն հայերենի պատմական ավանդույթներին, այլև լեզվի զարգացման ժամանակակից խնդիրների վերաբերյալ գիտական հետազոտություններին:
«Հայոց լեզու. Մաշտոցից մինչև մեր օրեր» խորագիրը կրող միջոցառման ընթացքում զեկույցներով հանդես եկան ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի պատմության ամբիոնի վարիչ Աննա Աբաջյանը, ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը, Հայ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի ամբիոնի վարիչ Յուրի Ավետիսյանը, բ.գ.դ., պրոֆեսոր Լալիկ Խաչատրյանը, բ.գ.թ., դոցենտ Հովհաննես Զաքարյանը, բ.գ.թ., դոցենտ Նարինե Դիլբարյանը, բ.գ.թ., դոցենտ Վարդան Պետրոսյանը, բ.գ.թ., դոցենտ Նորայր Պողոսյանը:
Զեկույցների թեմաները բազմազան էին՝ արդի արևելահայերենի դերանուններից մինչև բայի երկրորդ հիմքի բառակազմական արժեքը գրաբարում: Զեկուցողները անդրադարձան նաև լեզվի և հասարակության, արդի հայերենի կետադրության տարակարծությունների, օտար լեզուներից հայերեն տառադարձության խնդիրներին և հարցերին;
Միջոցառման ընթացքում ներկաներն իրենց հարցերն էին ուղղում զեկուցողներին:
Մարի Ռաֆյան