- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է ՊԱՏՎՈ ՇՔԱՆՇԱՆՈՎ
Նոյեմբեր 05, 2018 | 16:57
Հասարակություն
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է ՊԱՏՎՈ ՇՔԱՆՇԱՆՈՎ
ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, իրավ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Ղազինյանը «Սահմանադրական մշակույթ» միջազգային վերլուծական կենտրոնի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ պարգևատրվել է պատվո շքանշանով՝ կենտրոնի գործունեությանն աջակցելու համար:
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկանը պարգևատրվել է «Սահմանադրական մշակույթ» միջազգային վերլուծական կենտրոնի, ՀՀ Սահմանադրական դատարանի և ՀՀ սահմանադրական իրավունքի կենտրոնի կողմից կազմակերպված «Նոր հազարամյակի սահմանադրականությունը» թեմայով միջազգային խորհրդաժողովի շրջանակում, որն անցկացվել է նոյեմբերի 1-ից 2-ը:
Կենտրոնի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ՝ պարգևատրվել է նաև Սանկտ Պետերբուրգի «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» գիտահետազոտական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի սահմանադրական և մունիցիպալ իրավունքի ամբիոնի դասախոս Ալեքսեյ Լիվերովսկին:
«Սահմանադրական մշակույթ» միջազգային վերլուծական կենտրոնը գործում է 2016 թվականից, որի համահիմնադիրներ են ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային մի շարք վերլուծական կենտրոններ և ոլորտի հեղինակավոր մասնագետներ: Ի դեպ, Գագիկ Ղազինյանը նույնպես կենտրոնի համահիմնադիրն է:
Կենտրոնը ծավալում է սահմանադրական մշակույթի հիմնահարցերի վերաբերյալ վերլուծական աշխատանքներ, կազմակերպում է միջազգային խորհրդաժողովներ և գիտագործնական քննարկումներ: Բացի այդ՝ կենտրոնի կողմից կազմակերպվում է տարբեր երկրներում սահմանադրականության ախտորոշման ու սահմանադրական մշտադիտարկման գործուն համակարգերի ներդրում, ինչպես նաև առանձին երկրներում սահմանադրական մշակույթի իրական վիճակի վերաբերյալ եզրակացությունների նախապատրաստում ու հրապարակում:
«Սահմանադրական մշակույթ» միջազգային վերլուծական կենտրոնն ակտիվորեն համագործակցում է այս ոլորտում միջազգային ու տարածաշրջանային տարբեր կազմակերպությունների հետ, աջակցում քաղաքացիական հասարակության ինստիտուտներին սահմանադրական մշակույթի արմատավորման ու արագացման հարցում, անցկացնում երիտասարդական փառատոներ, օլիմպիադաներ և հրատարակում «Սահմանադրական մշակույթ» բազմալեզու հանդեսը:
Պատրաստեց Քնար Միսակյանը