- Գլխավոր
- Նորություններ
- «ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐ», «ԱԶԳ-ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ». ԳԱԳԻԿ ԳԻՆՈՍՅԱՆԸ ԵՎ ՀԱՄԼԵՏ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԵԿԵԼ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
Մարտ 23, 2021 | 19:36
«ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐ», «ԱԶԳ-ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ». ԳԱԳԻԿ ԳԻՆՈՍՅԱՆԸ ԵՎ ՀԱՄԼԵՏ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԵԿԵԼ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ՈՒԳԸ-ի և Համահայկական ազգային հայրենասիրական երիտասարդական նախաձեռնության համագործակցության արդյունքում այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում դասախոսություններով հանդես են եկել ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանը և հայագետ, պատմաբան Համլետ Մարտիրոսյանը:
«Ազգային արժեքներ» և «Ազգ-պետություն-պատմություն» խորագրերով դասախոսությունները կազմակերպվել են Համահայկական ազգային հայրենասիրական երիտասարդական նախաձեռնության կողմից իրականացվող «Ազգային դպրոցի» շրջանակում:
Մեզ հետ զրույցում ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Արման Գրիգորյանն ասաց, որ ծրագրի շրջանակում կազմակերպվում են դասախոսություններ ազգային արժեհամակարգի, դիվանագիտության, ռազմարվեստի, ազգային հավատամքի և մշակույթի վերաբերյալ. «Համագործակցության արդյունքում որոշեցինք այս անգամ դասախոսություններն անցկացնել ԵՊՀ-ում, ինչը հնարավորություն կտա մեծ թվով ուսանողների ներգրավելու ծրագրին»:
Մասնակիցների հետ հանդիպման ժամանակ Գագիկ Գինոսյանը փաստեց, որ այժմ ամենակարևոր բանը նոր սերնդին կրթելն է, իմաստություն կերտելը. «Պետք է այնպես անենք, որ խորքը զննող լինի, ոչ թե ծովի փրփուրները գտնի, այլ խորասուզվի ու մարգարիտները հայտնաբերի»:
Այս տեսանկյունից, նրա հավաստմամբ, յուրաքանչյուրը մեծ անելիք ունի: Գագիկ Գինոսյանի կարծիքով, գիտելիքը, որը վերցնում ենք, պետք է փոխանցենք. «Պետք է այնպես անենք, որ գիտելիքը պարտք չմնա: «Կարին» խմբի անդամներից յուրաքանչյուրը փորձել է իր խումբը ստեղծել: Մենք գաղափարներ ենք փոխանցում, որ մարդիկ հասկանան, թե ինչ են անում, ինչու այդ շարժումը, որ ծեսի շարժումն է դա, ինչ է խորհրդանշել այդ ծեսը և այլն, իսկ գտնելով այս հարցերի պատասխանները՝ դու ինքնաճանաչ ես դառնում»:
Գագիկ Գինոսյանը, պատասխանելով մասնակիցների հարցերին, խոսեց ազգային գաղափարախոսության մասին՝ փաստելով, որ այն պետք է մեկ նպատակի մղի ազգի խոհուն զանգվածին, որն էլ իր հետևից պետք է տանի ազգը. «Ամբողջ ազգը չի կարող լինել գաղափարախոս և գաղափարագիր: Թումանյանը մտածում էր, որ պետք է ստեղծվի գրական հայերեն, բայց ոչ մեկ անհատի կողմից, պետք է նախ կրթել լեզվի մասնագետներ, հետո նրանց քննարկումների արդյունքում կունենանք իրական գրական հայերեն: Գաղափարական տեսանկյունից այլ է, քանի որ Նժդեհը և հետո նրա զինակից, գաղափարական ընկեր Հայկ Ասատրյանը հզոր գործ են արել և ստեղծել գաղափարախոսություն, որի հիմքում իրենց ամբողջ կյանքն է, մարտական ուղին»:
Նրա խոսքով, պետք է հաշվի առնել ժամանակի մարտահրավերները, հասկանալ, թե ինչ խնդիրներ են ի հայտ գալու, որոնք պետք է հաղթահարվեն, և ըստ այդմ՝ սրբագրվի այդ գաղափարախոսությունը, բայց չպետք է մտածել նորը ստեղծելու մասին:
Հայագետ, պատմաբան Համլետ Մարտիրոսյանն էլ դասախոսության ընթացքում խոսեց հայոց լեզվի, հայ գրերի, հայկական կենսատարածքի մասին:
Նրա խոսքով, պետք է վերագնահատել անցյալը: Համլետ Մարտիրոսյանը մասնակիցների հետ հանդիպմանն ասաց, որ հայոց լեզուն և գիրը տրված են Աստծո կողմից:
Համլետ Մարտիրոսյանի փաստմամբ, հետազոտությունները ցույց են տալիս, որ շումերական նշանագրերի/սեպանշանների և եգիպտական հիերոգլիֆների ընթերցումները կազմվել են հայերենի համանուն բառերի հիման վրա. «Այլ կերպ ասած, շումերները և հին եգիպտացիները գրել և խոսել են հայերեն»:
Նա նշեց, որ Սյունիքում կա 4 ժայռապատկեր, որոնցում առկա նշանագրերի համեմատությունը շումերական նշանագրերի և եգիպտական հիերոգլիֆների հետ ցույց է տալիս, որ Սյունիքում, Շումերում և Եգիտոսում գործածել են նույն նշանագրերը. «Եթե Սյունիքի ժայռապատկերները փորագրվել են վերին հին քարի դարում, ապա Շումերում և Եգիպտոսում դրանք սկսել են երևալ մ.թ.ա. 4-րդ հազարամյակում, այսինքն՝ ավելի քան 10.000 տարի հետո։ Դրանք իրենց հետ Շումեր ու Եգիպտոս են բերել Հայքից դուրս եկած առաջին երկրագործները»։
Համլետ Մարտիրոսյանը դասախոսության ավարտին պատասխանեց մասնակիցների հարցերին:
Քնար Միսակյան