- Գլխավոր
- Նորություններ
- ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ. ՀԱՅ ԱՍՏՎԱԾԱԲԱՆԱԿԱՆ ՄՏՔԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴՐՎԱԳՆԵՐԸ ՆՈՐ ՄՈՏԵՑՄԱՄԲ
Հոկտեմբեր 24, 2018 | 13:08
ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ. ՀԱՅ ԱՍՏՎԱԾԱԲԱՆԱԿԱՆ ՄՏՔԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴՐՎԱԳՆԵՐԸ ՆՈՐ ՄՈՏԵՑՄԱՄԲ
ԿԳՆ գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորման է երաշխավորվել ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի կողմից ներկայացրած «Դրվագներ հայ աստվածաբանական մտքի պատմությունից» թեման:
Թեմայի մասին զրուցեցինք Գայանե Սիմոնյանի հետ, որը ԵՊՀ աստվածաբանության ամբիոնի վարիչ Էռնա-Մանեա Շիրինյանի գլխավորած թիմի անդամ է, նույն ֆակուլտետի ասիստենտ, պատմական գիտությունների թեկնածու: Աշխատանքում իր մասնակցությունն է ունեցել նաև Աստվածաբանության ֆակուլտետի ասիստենտ, պատմական գիտությունների թեկնածու Նարինե Վարդանյանը:
Գայանե Սիմոնյանի խոսքով, ընտրված թեման շատ արդիական է և նպատակ ունի մյուս հետազոտողներին էլ հնարավորություն տալ մեկնաբանելու հայ առասպելաբանության՝ առաջին հայացքից ծանոթ թվացող դրվագները նաև այլ տեսանկյունից:
Տոմարագիտությունը ժամանակը հաշվելու ճշգրիտ գիտություն է, որը հենվում է աստղագիտության և մաթեմատիկայի վրա:
Բացի դրանից տոմարագիտությունը նաև բնատնտեսությունը կարգավորելու ու կրոնական հավատալիքները սպասարկող կայուն փորձառույթի կանոնակարգման միջոց է, որը հստակորեն գործ ունի իրողությունների, երևույթների, հասկացությունների և նրանց անվան հետ:
«Տոմարագիտությունը շատ հետաքրքրիր ոլորտ է,- ասում է Գայանե Սիմոնյանը,- այս առարկան եղել է հոգևոր դպրոցների կարևորագույն հիմքերից մեկը: Տոմարագիտությունը ներառում է տոմարին, տոնացույցին, տիեզերագիտությանը, աստղագիտությանը վերաբերող հարցեր»:
Բոլորին է հայտնի, որ տոմարական առասպելաբանությունը ձևավորվում է այն ժամանակ, երբ տոմարական միավորները և նրանց հաջորդականությունը վերածվում են «կերպարի» և «սյուժեի»:
Տոմարը՝ որպես ժամանակահատվածների հաշվման համակարգ, առասպելաբանության մեջ հանդես է գալիս որպես բնական երևույթների առասպելական գիտակցման ձևերից մեկը: Սա է պատճառը, որ տոմարը դրսևորվում է խորհրդանիշների միջոցով, առնչվում բնության ուժերին, կենդանիներին և անգամ կենցաղային իրերին:
Տիկին Սիմոնյանը նշում է, որ տոմարագիտությունն ուսումնասիրելիս իր համար պարզ է դարձել, որ մեր առասպելները, լեգենդները հիմնականում միակողմանի են մեկնաբանված:
Հայոց առասպելաբանության շատ դրվագներ տոմարական են, դրանք չեն պատմում միայն մարդկային, աստվածային հարաբերությունների մասին, դրանք նաև հայոց տիեզերաճանաչողության մասին պատմություններ են:
«Եկեք քննարկենք «Տորք Անգեղ»-ի առասպելը: Բոլորին է հայտնի, որ նա ներկայացնում է մեր որոտաբեր աստվածության պատկերը: Մովսես Խորենացին Տորքի «Անգեղ» անվանումը մեկնում է որպես «Վասն Անգեղության»: Մինչդեռ «Անգեղը» չպետք է դիտարկվի միայն որպես տգեղության, անգեղության, դժնի պատկերի մարմնացում, այլ պետք է խոսել նաև այն մասին, որ Տորք Անգեղն իր տոտեմն էր նկարում ժայռերի վրա՝ պատկերելով արծիվներ և արծվազգիներ, որոնց շարքին են դասվում անգղերը: Տորքի տոտեմը հենց անգղն է: Այս մասին քրիստոնյա Խորենացին պարզապես լռում է»,- մեկնաբանում է Գայանե Սիմոնյանը:
Ըստ հայ մատենագրության և ավանդության՝ հայկական տոմարի ծագումը կապվում է Հայկ Նահապետի անվան հետ, ինչով էլ սերտորեն առնչվում է առասպելաբանությանը:
Մատենագրական տեղեկությունները փաստում են, որ հայոց ամսանունները առասպելական Հայկ նահապետի ուստրերի ու դուստրերի անուններն են, ուստի ամսանունները միանշանակ առասպելական անուններ են:
Ըստ Գայանե Սիմոնյանի՝ նմանատիպ լեգենդներն ուսումնասիրելիս պետք է անդրադառնալ դրանց ճանաչողական ու գիտական արժեքներին. «Օրինակ՝ Տորք Անգեղի մասին խոսելիս պետք է նաև ուսումնասիրել ժայռապատկերները: «Հայկ և Բել»-ի պատմությունը միայն հայերի ծագումնաբանության մասին առասպել չէ. այն նաև տիեզերաճանաչողության մասին է: Գաղտնիք չէ, որ մենք ունեցել ենք Հայկի կամ Օրիոնի անվան համաստեղություն»:
Բոլորիս հայտնի «Արտաշես և Սաթենիկ» հայկական ավանդազրույցը նույնպես պարունակում է տիեզերաճանաչողության դրվագներ, քանի որ Սաթենիկը համարվել է Եղջերու համաստեղության կամ գլխավոր աստղի խորհրդանիշ:
Հաճախ տվյալ թեման ուսումնասիրողները փորձել են առասպելների մեջ հանդիպող բառերը ներկայացնել այլ կերպ: Օրինակ՝ խավարածին բառը ներկայացրել են որպես կախարդանքի իմաստ արտահայտող բառ:
«Բայց եթե հարցին մոտենանք տոմարագիտության տեսանկյունից, ապա կստացվի, որ խոսքը երկնոլորտի մեծ, երևակայական շրջանագծի՝ Խավարածրի հարթության պատմությունների մասին է, որտեղ տեղի է ունենում արեգակի տարեկան տեսանելի շարժումը։ Այսինքն՝ նմանատիպ բառերն ու պատմությունները պետք է դիտարկել տիեզերական հարթության տեսանկյունից: Դրանք անմիջականորեն կապված են տիեզերական ճանաչողության հետ, որոնք մարդու համար կիրառական նշանակություն ունեն»,- պատմում է Գ. Սիմոնյանը:
Տիկին Սիմոնյանի խոսքերով, նմանատիպ հետազոտությունները նպատակ ունեն ոչ թե հերքելու հին մոտեցումները, այլ նոր մոտեցմամբ մեկնաբանելու արդեն ընդունված պատմությունները՝ամբողջացնելով ընդհանուր պատկերը:
Անի Պողոսյան