- Գլխավոր
- Նորություններ
- ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՎՈՐԵԼ ՃԱՄՓՈՐԴԵԼՈՎ. ԳԵՐՄԱՆԱՑԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՓՈՐՁԸ
Նոյեմբեր 29, 2018 | 17:51
Հասարակություն
ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՎՈՐԵԼ ՃԱՄՓՈՐԴԵԼՈՎ. ԳԵՐՄԱՆԱՑԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՓՈՐՁԸ
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ՈՒԳԸ-ն Սերվիսի ամբիոնի հետ այսօր կազմակերպել էր հանդիպում Սեբաստիան Կյոնիգի և Լեվի Սայֆահելդի հետ:
Տղաները Հայաստան են եկել Գերմանիայի Վորմս քաղաքի կիրառական գիտությունների համալսարանից և փոխանակման ծրագրի շրջանակում սովորում են ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում:
Միջոցառման սկզբում Սեբաստիան Կյոնիգը և Լեվի Սայֆահելդը նշեցին, որ Հայաստանում շատ հետաքրքիր ուսումնական կիսամյակ են անցկացրել, հասցրել են լինել տարբեր վայրերում, և առանձնահատուկ շնորհակալություն հայտնեցին Սերվիսի ամբիոնի վարիչ Գոռ Ալեքսանյանին և նույն ամբիոնի դոցենտ Սեյրան Սուվարյանին՝ ցուցաբերած աջակցության և օգնելու պատրաստակամության համար:
Այնուհետև գերմանացի ուսանողները ներկայացրին Վորմսի համալսարանը և այնտեղ սովորելու հնարավորությունները:
«Վորմսի համալսարանում սովորում են մոտ 4000 ուսանող: Այդ ուսանողների 20 տոկոսը եկել են արտերկրից»- նշեցին նրանք:
Համալսարանում շատ են կարևորում միջազգային համագործակցության դերն ու ուսանողների շարժունակությունը, այդ պատճառով ունեն 169 գործընկեր 54 երկրից:
«Մեր համալսարանի ամենակարևոր առավելություններից մեկը նաև այն է, որ մենք ունենք արհեստավարժ անձնակազմ, որի անդամներն իրենց փորձը ձեռք են բերել՝ աշխատելով միջազգային հայտնի ընկերություններում»,- ասաց Սեբաստիան Կյոնիգը:
Միջոցառման ընթացքում Սեբաստիան Կյոնիգը և Լեվի Սայֆահելդը պատմեցին նաև ուսումնառության ընթացքում ճամփորդելու մասին:
«Ճամփորդությունները մեր մասնագիտության համար ունեն առանձնահատուկ կարևորություն ,- նշեցին տղաները,-ճամփորդելիս մենք ոչ միայն ձեռք ենք բերում նոր ընկերներ, միջազգային փորձ, այլև սովորում ենք մեր ստացած տեսական գիտելիքներն գործնականում օգտագործել»:
Տուրիզմի մասնագետները, այդ թվում նաև ուսանողներն աշխատաշուկայում մեծ պահանջարկ ունեն, իսկ համալսարանում ձեռք բերած կապերը թույլ կտան այդ աշխատաշուկայում արագ կողմնորոշվել և աշխատանք գտնել ամենատարբեր տուրիստական գործակալություններում: Ուսանողները կարող են Վորմսի համալսարան դիմել ինչպես փոխանակման ծրագրերի միջոցով, այնպես էլ անհատական նախաձեռնությամբ:
Ի դեպ, Սեբաստիան Կյոնիգի՝ հայաստանյան առաջին տպավորությունների մասին կարող եք կարդալ այստեղ:
Անի Պողոսյան