- Գլխավոր
- Նորություններ
- ՀՀ-ՈՒՄ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՋԱԿՑՈՒՄ Է ԵՊՀ ՀՈՒՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԳԻՏԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ-ԳՐԱԴԱՐԱՆԻՆ
Հոկտեմբեր 10, 2019 | 14:42
Հասարակություն
ՀՀ-ՈՒՄ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՋԱԿՑՈՒՄ Է ԵՊՀ ՀՈՒՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԳԻՏԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ-ԳՐԱԴԱՐԱՆԻՆ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր իր աշխատասենյակում ընդունել է ՀՀ-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն. Գ. տիկին Նաֆսիկա Նանսի Էվա Վրայլային, որի հետ քննարկել է ԵՊՀ-ում հունարենի ուսուցման արդյունավետությանն ուղղված աշխատանքներ:
Հանդիպմանը ներկա էին նաև ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը և Ռուս բանասիրության ֆակուլտետի դեկան Պավել Բալայանը: Տեղեկացնենք, որ հենց այդ ֆակուլտետում է գործում Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարանը:
ՀՀ-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն. Գ. տիկին Նաֆսիկա Նանսի Էվա Վրայլան ասաց, որ դեսպանատունը մշտապես հետաքրքրված է եղել հունարենի ուսուցմանն առնչվող հարցերով և առաջիկայում էլ պատրաստ է աջակցել այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:
«Դեսպանատան աջակցությամբ Հունագիտության կենտրոնի ղեկավար Լևոն Հակոբյանը և նրա գործընկեր Մարինա Ադուլյանն ամռանը Կոմոդինիի համալսարանում մասնակցել են հունարեն դասավանդողների համար նախատեսված դասընթացին, ինչը, հուսով ենք, արդյունավետ է անցել»,- ասաց դեսպանը և հետաքրքրվեց, թե ինչ փուլում է նախորդ այցի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունը, ըստ որի՝ նախատեսվում էր կազմակերպել հունարենի ֆակուլտատիվ պարապմունքներ տարբեր ֆակուլտետների ուսանողների համար:
Ռուս բանասիրության ֆակուլտետի դեկան Պավել Բալայանը փաստեց, որ ըստ ուսումնական ծրագրի՝ ֆակուլտետի լեզվաբանություն և միջմշակութային հաղորդակցության բաժնի ուսանողները 5 կիսամյակ անցնում են հունարեն. «Այս պահի դրությամբ 15 ուսանող ուսումնասիրում է հունարենը՝ որպես երկրորդ օտար լեզու»:
Բացի դրանից՝ Պավել Բալայանը նշեց, որ անցած կիսամյակում կազմակերպվել են հունարենի ֆակուլտատիվ պարապմունքներ, որոնց մասնակցել է 45 ուսանող. «Այս կիսամյակում ևս կազմակերպելու ենք պարապմունքներ բոլոր այն ուսանողների համար, որոնք հետաքրքրված են հունարենով»:
Ռուս բանասիրության ֆակուլտետի դեկանը պատմեց, որ անցած շաբաթ հայաստանյան բուհերի հունարենի դասախոսները մասնացել են դասընթացի, որի բանախոսը եղել է Հունաստանից ժամանած մի պրոֆեսոր. «Հոկտեմբերի 24-ին էլ մեկնարկելու է մեր կողմից կազմակերպվող միջազգային երկօրյա գիտաժողովը, որի ընթացքում հյուրընկալելու ենք Կոմոդինիի համալսարանի պրոֆեսորի: Հույս ունենք, որ նրա հետ համագործակցության նոր կապեր կհաստատենք՝ միտված հունարենի և հունագիտության զարգացմանը»:
Հանդիպման ընթացքում Ալեքսանդր Մարգարովը ներկայացրեց Հունաստանի գործընկեր բուհերի հետ ունեցած համագործակցությունը և նրանց հետ իրականացվող աշխատանքները՝ հույս հայտնելով, որ դրանք առաջիկայում առավել ինտենսիվ ու արդյունավետ կլինեն:
ՀՀ-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն. Գ. տիկին Նաֆսիկա Նանսի Էվա Վրայլան տեղեկացրեց, որ շուտով ավարտելու է իր ծառայությունը և նոյեմբերին թողնելու է դեսպանի աշխատանքը. «Ինձ համար շատ հաճելի էր աշխատել ձեզ հետ, նոր դեսպանի հետ աշխատանքն էլ, հուսով եմ, արդյունավետ կլինի և կնպաստի հունարենի տարածմանը»:
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը ԵՊՀ 100-ամյակի կապակցությամբ հանդիպման ավարտին դեսպանին հուշանվեր հանձնեց:
Քնար Միսակյան